ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՀԱՍԿԱՑԵԼ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքն արդեն ՀՀ պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է, որ իր ջոկատը պատրաստ է ցանկացած պահի սահմանային դիրքեր մեկնել: Պատգամավորի կարծիքով՝ պետք չէ ձեւական համազգեստ հագնել եւ դիրքեր մեկնել սեփական PR-ի համար:

-Պարոն Գասպարյան, տեղեկություններ կան, որ Դուք ցանկանում եք Ձեր ջոկատի հետ շփման գիծ գնալ: Ե՞րբ եք պատրաստվում մեկնել դիրքեր:
-Ես այսօր էլ պատրաստ եմ դիրքեր մեկնել, բայց այսօր որեւէ մեկը չի կարող ինքնագլուխ գնալ դիրքեր: Հիմա ես պատրաստ եմ, հավաքել եմ տղաներին ու երբ որ նախարարը կզգա, որ մեր օգնությունը, մեր ներկայությունը պետք է այնտեղ` մենք հենց այդ ժամանակ էլ պատրաստ ենք մեկնել: Արդեն դիմել ենք նախարարությանը, հայտնել, որ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում շփման գիծ մեկնել եւ կատարել ցանկացած հանձնարարություն: Իմ ջոկատի տղաները ընդգրկված են այն ցանկում, որոնք պատրաստ են սահման մեկնել: Կան նաեւ կամավորներ, ովքեր ծառայել են հայոց բանակում, բայց պատերազմ տեսած չեն, ես իրենց չեմ ընդգրկել իմ ջոկատի կազմում, այլ ընդգրկվել են այն տղաները, ովքեր փորձառու են, պատերազմ են անցել:
-Նշվում է նաեւ, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպության անդամները եւս սահման մեկնել ցանկացողների ցուցակում են:
-Կառույցը միանշանակ պատրաստ է, բայց սա առանձին է ու ես այժմ խոսում եմ իմ ջոկատի մասին, ես կառույցի մասին չեմ խոսում:
-Տեղեկություններ կան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) ու Ձեր միջեւ մրցակցություն է սկսվել, թե ում ջոկատը կմեկնի շփման գիծ: Ու դա է պատճառը, որ այսօր յուրաքանչյուրդ առանձին եք ցանկանում սահման մեկնել: Ի՞նչ է կատարվում իրականում եւ ինչի՞ց են առաջացել Ձեր եւ Ռ. Գեւորգյանի տարաձայնությունները:
-Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե Ռուբեն Գեւորգյանն ինչ է ասել, դե բնական է, եթե հարկ լինի՝ ինքն էլ կգնա, բայց դե առանձին-առանձին գնալն էլ ես չեմ հասկանում… այսինքն, եթե այսօր նախարարը գտնում է, որ պետք է, ապա բնական է, որ դա պետք է կոորդինացված արվի, որեւէ մեկն ինքնագլուխ չի կարող որեւէ բան անել: Եթե նպատակահարմար գտնում են, որ ես իմ ջոկատով պետք է դուրս գամ որեւիցե մի հատված, ուրեմն այդպես էլ կանենք: Իհարկե սա այն վիճակը չէ, որ գնում ենք կռվելու, գնում ենք մեր երեխաների հետ խոսենք, շփվենք, դուխ տանք, պետք եղած ժամանակ կողքներին նստենք, եթե անհրաժեշտ է ինչ-որ գործողության՝ դա էլ անենք: Կարող է՝ Ռուբեն Գեւորգյանը մեկ այլ ուղղությամբ է… ես չգիտեմ, չեմ կարող ասել: Ես իմ ջոկատն եմ հավաքել, եթե անհրաժեշտություն կա, ես իմ ջոկատով պատրաստ եմ, իմ տղերքը բոլորն էլ գնալու հայտ են ներկայացրել: Ու կարծում եմ, որ այդտեղ որեւէ խնդիր չկա:
-Իսկ ըստ Ձեզ, այսօր առաջնագծում իրավիճակն իսկապե՞ս այդքան լարված է, որ պետք է ջոկատներով մեկնեք այնտեղ:
-Կարծում եմ՝ այսօր հաստատ դրա կարիքը չկա, ես բազմից ասել եմ ու կրկնում եմ, որ մեր բանակն ամուր կանգնած է դիրքերում, ուղղակի անփորձ երեխաներ են, փառք իրենց, բայց իրենք իրենց առջեւ դրված յուրաքանչյուր խնդիր մակարդակով կատարում են ու մենք ինքներս էլ տեսնում ենք հակահարվածները Ադրբեջանին: Ուղղակի մեր ցանկությունն է դա, ու եթե անհրաժեշտ է՝ մենք պատրաստ ենք դիրքերում երեխաների կողքին լինել եւ ոչ թե, որ մեր հայոց բանակի ուժերը չի հերիքում ու պետք է մենք գնանք իրենց կողքին լինենք: Բայց եթե հնարավոր է մեր շնորհիվ մի հարցի հետ կապված ուղղություն տալ, դուխը բարձրացնել, ապա կարելի է նրանց կողքին լինել: Ի վերջո, մենք էլ իրենց ծնողների տարիքի ենք, եթե իրենց ծնողներն իրենց կողքին լինեն իրենք ինչքան լավ կզգան, չէ՞, ընդամենը դա է խնդիրը:
-Տեսակետ կա նաեւ, որ պետք չէ նման առաջարկներով հայոց բանակի վարկանիշը գցել: Չե՞ք կարծում, որ իսկապես այսօր շատերն իրենց սահմանային այցերով եւ սահման մեկնելու առաջարկներով փորձում են ընդամենը սեփական վարկանիշը բարձրացնել հասարակության շրջանում:
-Գիտեք ինչ, մենք այսօր PR-ի խնդիր չունենք, մենք երկար ճանապարհ ենք անցել:Մեզ արդեն ճանաչում են ու այն ժամանակ էլ մենք PR-ի մասին չենք մտածել, երբ ջոկատ ենք հավաքել ու գնացել պատերազմի դաշտ, այդ ժամանակ ազգի խնդիրն էր դրված, մեր հողի, ջրի խնդիրն էր, դրա համար էլ գնացինք: Գնացինք կյանքներս դնելու ազգի համար, այսօր այդ նույն վիճակն է ստեղծվել:
-ԱԺ պատգամավորներն այս օրերին ԼՂՀ սահման էին գնացել, ինչո՞ւ Դուք նրանց հետ չէիք:
-Ես տեղյակ չեմ պատգամավորներով գնալու մասին, ես գնամ պատգամավորների հետ ի՞նչ անեմ, եթե անհրաժեշտ լինի պատգամավորների հետ գնալ՝ կգնամ, բայց պատգամավորները գնում են… այ, PR-ը դա է, այսօր յուրաքանչյուրը ֆորմա է հագնում, գնում է դիրքեր… PR-ը դա է, որ գնացինք էկանք… իսկ ես դրա խնդիրը չունեմ: Մինչեւ այսօր պատերազմ անցած իմ տղաները Կրասնասելսկի դիրքերում են` պատերազմից հետո, ես էլ մշտական գնում եմ, տղաներին այցելում եմ, եթե հնարավոր է՝ ինչ-որ օգնություն եմ ցույց տալիս: Իսկ եթե այսօր գնում են, ֆորման հագնում են ու դա հեռուստացույցով ցույց են տալիս, PR-ը դա է:
-Նախօրեին Սոչիում տեղի ունեցավ նախագահների եռակողմ հանդիպումը, ըստ Ձեզ, դրանից հետո սահմանում դադարելո՞ւ են կրակոցներ հնչել:
-Այ էդ հարցին ես չեմ կարող պատասխանել՝ կդադարի, թե չէ… ճիշտն ասած, ոչինչ էլ չհասկացա այդ հանդիպումից, որեւէ հարցի լուծում այնտեղ չառաջարկվեց, հերթական զրույցն էր, հերթական հանդիպումն էր` խաղաղ ճանապարհով պետք է լուծվի եւ այլն, եւ այլն, որը եղել է միշտ:

 
ՈՒՐԱԽԱԼԻ Է, ՈՐ ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ «ԳՈՐԾԻՑ» ՏԵՂՅԱԿ ՉԷ

Նախօրեին Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Մոսկվայում կալանավորված Լեւոն Հայրապետյանի հարցը: «Ռուսաստանի նախագահը խոստացավ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, եւ ոչ էլ ճանաչում էր Լեւոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել եւ մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ»,-«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Լեւոն Հայրապետյանն այժմ կալանքի տակ է գտնվում:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Լեւոն Հայրապետյանի ընկերների հետ՝ պարզելու, թե ինչպես են նրանք վերաբերվում Վ. Պուտինի խոստմանը: Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Լ. Հայրապետյանի հարցը նախագահական գործ չէ, այն դատավարական գործ է: Իսկ այդ դեպքում, պետք է գործն արվի, որից հետո նոր ներկայացվի նախագահին»:
Դիտարկմանը, թե Լ. Հայրապետյանն այն գործարարներից է, որոնց ողջ աշխարհն է ճանաչում, արդյոք հնարավոր է, որ Վ. Պուտինը տեղյակ չլինի սեփական երկրում նման գործարարի կալանավորման մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես դա չեմ կարող ասել: Չէ, ինքը մեզ համար շատ հայտնի մարդ է, իսկ Պուտինին ծանոթ է, թե ոչ՝ չեմ կարող ասել, ինքը ծանոթ է բոլորի հետ: Օրինակ` Լավրովի հետ ծանոթ է: Ամեն դեպքում` գործը դեռեւս քննության մեջ է, պետք է ուսումնասիրեն նոր ներկայացնեն նախագահին»:
Իսկ հնարավո՞ր է` Վ. Պուտինը «խառնվի» գործին ու հայ գործարարն ազատ արձակվի. այս հարցին ի պատասխան` Ա. Տեր-Թադեւոսյանը նշեց. «Կարծում եմ՝ անպայման կանդրադառնա Լեւոն Հայրապետյանի գործին, քանի որ դա կարեւոր գործ է : Չեմ կարող ասել դրանից հետո նրան ազատ կարձակեն, թե ոչ: Ես անձամբ եմ Լեւոն Հայրապետյանի հետ զրուցել ու ինքն ասել է, որ որեւէ մեղք չունի, նա որեւէ բանից չի վախենում»:
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ «Ժողովուրդ»-ին ասաց, թե հնարավոր է, որ իսկապես Վ. Պուտինը տեղյակ չէ Լ. Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործից. «Դա ինձ ուրախացնում է: Եթե տեղյակ լիներ՝ ավելի վատ էր, այսինքն՝ եթե իր հանձնարարությամբ տարված լիներ կամ իրեն տեղեկացրած լինեին՝ ավելի վատ էր: Այժմ ուղղակի պետք է սպասել դատավարությանը»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՀԱԿ-ԻՑ ՉԷ՞
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հայտարարություն էր տարածել` պատճառաբանելով, թե ինչու են մերժում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Արցախ մեկնելու եւ առաջին գծում զինվորների հետ հանդիպելու հրավերը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ ԱԺ խմբակցությունները պայմանավորվել են դիրքեր մեկնելու մասին, սակայն վարչապետ Աբրահամյանը եւս ցանկացել էր միանալ պատգամավորներին: ՀԱԿ-ը հայտարարել էր, թե «Մերժում ենք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը եւ վերահաստատում իր պատրաստակամությունը` իրականացնելու Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 4-ին ձեռք բերված պայմանավորվածությունները»` առաջին գիծ մեկնելու մասին: Չնայած խմբակցության այս որոշմանը, ՀԱԿ պատգամավորներից Հրանտ Բագրատյանն ընդգրկվել էր Հովիկ Աբրահամյանի պատվիրակության կազմում` նրա հետ միասին մեկնելով Արցախ: Բագրատյանի այս քայլն, ի դեպ, դուր չի եկել ՀԱԿ խմբակցության պատգամավորներին: «Ժողովուրդ»-ը փորձեց Բագրատյանից պարզել` ինչու ինքը չէր ենթարկվել խմբակցության որոշմանը: Սակայն վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց մեկնաբանել իր քայլը` հայտարարելով, թե Հայաստանում չէ ու մեր հարցերին չի կարող պատասխանել: Մինչ այդ նկատենք, որ Բագրատյանը բավականին հանդուրժողական վերաբերմունք է ցուցաբերում Հովիկ Աբրահամյանի նկատմամբ եւ այլեւս չի քննադատում կառավարությանը: Մինչդեռ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին խոսելիս նա օգտագործում էր հայոց լեզվի ողջ բառապաշարը` անխնա քննադատելով նրան:

 

ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ն վերջերս տուգանվել է ՊԵԿ-ի կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. ապրիլի 10-ին «Պերնո Ռիկար Արմենիան» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մանուկ Աբրահամյանը Հայաստանից Լեհաստան է արտահանել 26 հազար 377 հատ ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշ եւ այն չի վերահայտարարագրել: Արդյունքում «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ լիազոր ներկայացուցիչը ճանաչվել է զանցառու եւ պետական եկամուտների կոմիտեի կողմից հուլիսի 23-ին տուգանվել է 50.000 դրամով:

 

ԴՐՈՇԻ ԳԻՆԸ
ՀՀ ոստիկանությունը վերջերս միանգամից 20 հատ ՀՀ դրոշ է գնել: Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, եռագույնները ձեռք են բերվել ՀՀ ոստիկանության ներքին զորքերի համար` «Լիար» ՍՊԸ-ից: Իսկ այդ նպատակով ոստիկանությունը հարկատուներիս գրպանից ծախսել է 150 հազար դրամ` 105 հազար դրամը՝ 15 հատ փոքր, 45 հազար դրամը` 5 հատ մեծ դրոշ գնելու համար: Մնում է միայն, որ ոստիկանությունը կարողանա բարձր պահել ՀՀ պետական դրոշի, զինանշանի եւ, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության պատիվը, այլ ոչ թե դառնա ինչ-որ չինովնիկների կամակատար:

 




Լրահոս