ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՈԼՈՐ ՊԱՐԵՐԸ ՊԱՐԵԼ ԵՆ, ՄՆԱՑԵԼ Է ՍՏՐԻՊՏԻԶԸ

13 բազմաբնակարան շենքերի մեջտեղում գտնվող գիշերային ակումբը խաթարել է հրազդանցիների խաղաղ առօրյան: Հրազդանցիների լեզվով ասած՝ «նաչնոյ կլուբի»-ի երեսից ընկել է ամբողջ թաղի անունը:

Փողոցի գլխավոր խաչմերուկում՝ Միկրոշրջան թաղամասում տեղակայված գիշերային ակումբի մոտ երեկոյան 8-ից հերթ է գոյանում. տղամարդիկ, ովքեր հավաքվում են ուկրաինացի պարուհիներին տեսնելու, գրեթե ամեն երեկո ոչ սթափ վիճակում ծեծկռտուք են սարքում: Մեզ հետ զրույցում բնակիչներն ասացին, որ գործից տուն վերադառնալիս ստիպված են լինում ճանապարհը փոխել: Իսկ բոլորովին վերջերս տեղի ունեցած կռվից հետո երեխաներին բակ չեն թողնում: Պատմում են, որ «գոլդ» համարանիշերով տասից ավելի մեքենա փակել էր փողոցի խաչմերուկը , եւ մինչեւ ուշ երեկո հաշիվ էին մաքրում: Նշենք, որ այդ 13 շենքերի բնակիչները դեռ անցյալ տարի խնդրի հետ կապված ստորագրահավաք են կազմակերպել, ներկայացրել քաղաքապետարան եւ մարզպետարան, սակայն ոչ մի փոփոխություն: Մի կարեւոր հանգամանք եւս. հողատարածքի այն մասը, որի վրա այսօր կառուցվել է գիշերային ակումբի շենքը, քաղաքի գլխավոր հատակագծով ներառված էր զբոսայգի-ճեմուղու մեջ: Մեզ հետ զրույցում բնակիչներն ասացին, որ ուզում են իրենց իրավունքները պաշտպանել եւ պահանջում են քաղաքային իշխանություններից եւ մյուս պատկան մարմիններից դադարեցնել գիշերային ակումբի գործունեությունը: Ասում են՝ շատ ավելի լավ կլիներ, որ քաղաքային իշխանություններն իրենց հետեւողական աշխատանքով, առանձին անհատ ձեռներեցների միջոցով հողատարածքի վրա թույլատրեին զբոսայգի-ճեմուղուն համապատասխան շինությունների գործունեություն, ասենք` մանկական կամ բաց ամառային սրճարան, մանկական կարուսելներով կահավորված խաղադաշտ, վճարովի մարզադաշտ կամ ամառային լողավազան: Ոչ թե հողի վաճառքը դարձնեին իրենց համար գերնպատակ, իսկ հողի սեփականատիրոջ այս կամ այն անհեթեթ նախաձեռնությունների առաջ էլ, մեղմ ասած, աչք փակեին:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան

 
ՄԱՐԶԵՐ

ԽԱՐԴԱԽԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Օգոստոսի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկեց Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1982թ. ծնված Էդիտա Ներկարարյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա խաբեությամբ, ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին Գեղարքունիքի մարզի Դպրաբակ, Տավուշի մարզի Ազատամուտ եւ Աչաջուր գյուղերի մի շարք բնակիչների ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության աշխատակից, Վանաձորի Կարմիր Խաչի գրասենյակի` անապահով ընտանիքներին օգնող անձ, նրանց ցածր գներով սննդամթերք իրացնելու պատրվակով, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է 677 հազար դրամ: Քրեական գործով տուժողները 8 հոգի են: Նախկինում դատված վանաձորցի կինը կալանավորված է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով»): Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է տուգանքով` 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

 

ԾԱՌԵՐՆ ԱՅՐՎԵԼ ԵՆ
Մի քանի օր առաջ հրկիզվել են Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղ-Սեւքար համայնքների միջեւ ընկած ճանապարհի եզրի մի քանի հեկտար դաշտերը եւ բազմաթիվ պտղատու եւ ոչ պտղատու ծառեր: Սկզբից հրկիզվել են դաշտերը, հետո կրակն անցել է դաշտի մեջ եւ միջպետական ճանապարհի եզրին գտնվող ծառերին: «Շատ ցավալի է տեսնել այրված թթենիները»,-սրտի ցավով նշեցին Սարիգյուղի բնակիչները: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե տեսչությունն այս կապակցությամբ ահազանգ ստացե՞լ է: Ա. Մանուչարյանն ասաց, որ իրենք ահազանգ չեն ստացել եւ խոստացավ զբաղվել դեպքի ուսումնասիրությամբ: Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանը հայտնեց, որ ինքը տեղյակ է կատարվածի մասին, տեսել է հրդեհի պատճառած վնասները: Նա ասաց, որ չգիտի, թե ովքեր են դաշտը հրկիզել, դա կատարվել է գիշերով: Հավանաբար, գյուղացիներն այրել են արդեն հնձված իրենց արտերը, կրակն էլ տարածվել է: Նրանք կարծում են, որ հնձված արտերը հրկիզելու դեպքում այդ հողամասը հաջորդ տարի ավելի շատ բերք է տալու: Հրկիզում են տարածքները, չմտահոգվելով, որ թեթեւ քամուց բորբոքված կրակն արագորեն տարածվում եւ վնասներ է պատճառում: Այդ հրկիզումներից ոչ միայն դաշտեր, թփեր, ծառեր են այրվում, այլ նաեւ ոչնչանում է տվյալ տարածքի կենդանական աշխարհը: Փաստ է, որ դաշտերն այրողների ձեռքը բռնող չկա, հրձիգ գյուղացիներն այդպես էլ չեն տուգանվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս