ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՆԱԿՆԵՐ ԾԱՌԵՐԻ ՎՐԱ

Ծառերի վրա տնակները փայտե հարթակներ են՝ կառուցված ծառերի անմիջական բնին կամ դրա շրջակայքում՝ հենելով կոնստրուկցիան ծառերի երկայնքով: Դրանք կարող են օգտագործվել բազմազան նպատակներով՝ աշխատելու, ժամանակավոր մեկուսանալու, հանգստի, բնակվելու կամ կենդանիների դիտարկման համար: Հիմնականում տնակները կառուցվում են որոշակի բարձրության վրա՝ վայրի կենդանիներից պաշտպանվելու համար: Հատկանշական է, որ ծառերի վրա մարդիկ սկսել են բնակվել շատ վաղուց, իսկ Կորովայի եւ Իրիան Ջայա ցեղերն այժմ էլ բնակվում են մի քանի մետր բարձրությամբ ծառերի տնակներում:
Ներկայացնում ենք աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ծառերի տնակների ֆոտոշարք: Դրանք գտնվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Շվեդիայում, Ավստրալիայում, Բելգիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում եւ Հնդկաստանում:

 

ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԳԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Օրեր առաջ կայացավ Նանայի եւ Սարոյի զուգերգի՝ «Կարոտ»-ի պրեմիերան, որը հարուցեց շատերի վրդովմունքը: Բազմաթիվ ակնդիրներ այս երգը նմանեցրել են թուրքական «Королек-птичка певчая» սերիալի սաունդթրեքին: Այս կապակցությամբ «ESem.am»-ը պարզաբանում է խնդրել Նանայից:
Երգչուհին նշել է, որ ծանոթ է այդ երգին, մանկության տարիներին դաշնամուրով նվագել է այն, սակայն նմանություն բացարձակապես չի տեսնում: «Գոյություն ունի 7 նոտա, դաշնամուրի վրա ոնց էլ նվագես, նմանվում են»,-ասել է նա եւ հավելել, որ ինքը երգի կատարողն է, իսկ հեղինակն Արման Անտոնյանն է: Դիտարկմանը, որ ամեն դեպքում նա է այդ երգը ներկայացնում հանրությանը, Նանան արձագանքել է. «Նանան քոփիով չի զբաղվում: Մենք ունենք աստղեր, ովքեր առավոտից երեկո քոփիով են զբաղվում, թող գնան, նրանց ասեն: Եթե իրենք ուզում են չարախոսել, թող այնքան չարախոսեն, որ հոգնեն: Միշտ էլ իմ մասին խոսել են, քննադատել: Չքննադատված նյութն արհամարհված նյութն է: Չէր կարող Նանան նորություն ներկայացնել, ու դա չքննադատվեր»,-ասել է նա:

 

ՄԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
Դերասանուհի Քրիստինա Րիչին մայր է դարձել: Լույս աշխարհ է եկել 34-ամյա դերասանուհու եւ նրա ամուսնու՝ Ջեյմս Հեերդեգենի առաջնեկը:
Զույգը ծանոթացել է «Պան Ամերիկան» սերիալի նկարահանման հրապարակում: Սակայն Ջեյմսը դերասան կամ ռեժիսոր չէ, նա օպերատորական սարքերի տեղաշարժման պատասխանատուն է:
Նրանց այժմ սպասվում է համատեղ նոր աշխատանք, սակայն այս անգամ՝ մանկական հրապարակում:
Հիշեցնենք՝ Քրիստինան նկարահանվել է «Ադամսների ընտանիքը», «Կասպերե» «Կարմիր գլխարկը», «Հրեշը» եւ այլ ֆիլմերում:

 

ՉԻՆԱՑԻՆԵՐԸ՝ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ
Չինական «Dalian Wanda Group» ընկերությունը հողատարածք է գնել Լոս Անջելեսում եւ մտադիր է 1.2 մլրդ դոլար ներդնել դրա զարգացման գործում՝ հետագայում Հոլիվուդի կինոարդյունաբերության շուկա դուրս գալու համար։
Բեւերլի Հիլզում 32.000 քմ տարածքով հողատարածքի գնմանը հավակնել է տենդերի 10 մասնակից։
Ընկերությունը պատրաստվում է այդտեղ բացել իր գրասենյակը եւ օգնել Չինաստանին դուրս գալ հոլիվուդյան կինոշուկա:

 
ՔԹԻՑ ԱՏԱՄ ԵՆ ՔԱՇԵԼ
Սիստեմատիկ քթային արյունահոսությունները հազվադեպ երեւույթ չեն երեխաների ու անչափահասների շրջանում, սակայն մի երիտասարդի համար դրանք, ինչպես պարզվել է, ունեցել են խիստ անսովոր պատճառ։ Երեք տարի շարունակ ամսական մի քանի անգամ կրկնվող քթային արյունահոսությունները ստիպել են Սաուդյան Արաբիայի 22-ամյա բնակչին դիմել բժիշկների, ովքեր նրա քթի մեջ հայտնաբերել են մոտ 1 սմ երկարությամբ սպիտակ ոսկրային զանգված։ Անսպասելի գտածոյից հետո օտոլարինգոլոգը որոշել է խորհրդակցել ատամնաբույժի հետ, ով եզրակացրել է, որ անհայտ զանգվածը լրացուցիչ ատամ է, որն անհասկանալի պատճառով աճել է երիտասարդի քթի մեջ։ Միաժամանակ, հիվանդի բերանում եղել են բոլոր 32 ատամները։ Այն բանից հետո, երբ բժիշկները հեռացրել են հավելյալ ատամը, տղամարդը լիովին առողջացել է եւ դադարել տառապել քթային արյունահոսություններից։

 

ՔԼՈՒՆԻԻ ՀԱՐՍԱՆԻՔՆ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ
Դերասան Ջորջ Քլունին եւ մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ամալ Ալամուդինը իրենց հարսանիքը կանցկացնեն Իտալիայում: Սակայն հարսանիքի անցկացման պաշտոնական ամսաթիվը Քլունիի ներկայացուցիչները չեն շտապում հայտնել:

 




Լրահոս