ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Աբովյան փողոցի այս հատվածում ասֆալտապատում իրականացվել է մեկ տարի առաջ: Բայց ինչպես տեսնում ենք, փողոցը կրկին ասֆալտապատվում է, ընդ որում` ոչ միայն քաղաքացիների գրպանի, այլեւ նյարդերի հաշվին:
ՀԱՐՑ. Ես սովորում եմ բուհում եւ միաժամանակ աշխատում արդեն 8 ամիս: Դեռեւս ամենամյա արձակուրդ չեմ գնացել եւ չեմ օգտվել ուսման արձակուրդից: Խնդրում եմ ասեք, քննությունների համար սահմանված եւ ամենամյա արձակուրդը կարո՞ղ է տրվել առանձին-առանձին:
Հասմիկ Հակոբյան (27 տարեկան, թարգմանչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ ՀՀ ԱՕ-ի 164-րդ հոդվածի 7-րդ մասի՝ առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:
Մյուս կողմից՝ ՀՀ ԱՕ-ի 174-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ ենթակետերի եւ 3-րդ մասի համաձայն՝ հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ.
1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ յուրաքանչյուր քննության համար՝ երեք աշխատանքային օր.
2) ստուգարքներին նախապատրաստվելու եւ հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր.
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման եւ պաշտպանության համար` երեսուն աշխատանքային օր.
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննությանը նախապատրաստվելու եւ հանձնելու համար` վեց աշխատանքային օր:
3. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու եւ վերադառնալու ժամանակը:
Այսինքն՝ ակնհայտ է, որ Ձեզ տրվում է ե՛ւ ուսումնական արձակուրդ, ե՛ւ ամենամյա արձակուրդ, որոնք դուք կարող եք տնօրինել միասին, կամ տարբեր ժամանակահատվածներում:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք՝ ներկայացված պարզ պատասխանը հնարավորինս կօգնի մեզ դիմած քաղաքացուն։ Ելնելով նման դեպքերի հաճախակիությունից, խորհուրդ ենք տալիս մեր հայրենակիցներին լինել ավելի տեղեկացված՝ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար:
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որքա՞ն գումար է կազմում մեկ չգրանցված աշխատողի հայտնաբերման դեպքում տուգանքի չափը:
Ալբերտ Գրիգորյան (46 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գրիգորյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել 26 դեկտեմբերի 1997 թվականի Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, ըստ որի՝ աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար 60.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը մեկից երեք է:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, շատ են հանդիպում դեպքեր, երբ գործատուները սոցվճարներից խուսափելու համար հրաժարվում են գրանցել իրենց աշխատողին կամ աշխատողներին։ Չնայած այս դեպքում էլ նրանք կանգնում են մեկ այլ փաստի՝ կլորիկ գումարներով տուգանվելու վտանգի առաջ: