ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՁԱԽՈՂՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐՔԻՑ

Հայաստանի իշխանությունները մինչեւ հիմա համարժեք չեն արձագանքել Ադրբեջան գերի ընկած ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի անմարդկային սպանությանը: Ու սա այն դեպքում, երբ հայկական կողմն այսօր ունի բոլոր անհրաժեշտ անհերքելի ապացույցները, ներառյալ տեսանյութեր, որ Կ.Պետրոսյանը, լինելով խաղաղ բնակիչ, ուղղակի մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական գյուղում, որ նրա վրա սկզբից եղել է քաղաքացիական հագուստ, հետո գերի վերցնելով, Ադրբեջանի զինված ուժերը հագցրել են զինվորականի համազգեստ, նրա հետ վարվել անմարդկային կերպով` խախտելով միջազգային կոնվենցիաները եւ վերջում` սպանել: Այս օրերին ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր` միջազգային կառույցներում բարձրացնելու հարցն ու պահանջեր դատապարտել Ադրբեջանի նենգությունը: ՀՀ ԱԳՆ-ն ու դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է միջազգային կառույցները ողողեին դատապարտող բանաձեւերի նախագծերով, քանի որ Ադրբեջանը լավ առիթ էր ստեղծել: Այնինչ` ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու նրա ղեկավարած կառույցի նման գործելաոճը վաղուց ի վեր սովորական է դարձել: Նալբանդյանը հակառակ ԱԺ պատգամավորների նախաձեռնությանը, մինչեւ հիմա չի բարեհաճել հանդիպել նրանց հետ` բացատրություն տալու Աստանայում տեղի ունեցած միջադեպի, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մանրամասների, վերջերս էլ` սահմանային միջադեպերի կապակցությամբ, էլ ուր մնաց` զբաղվի հասարակ քաղաքացու հարցով: Ու սա հերթական անգամ ապացուցում է, որ ոմանք իրենց տեղում չեն:

 
Այս օրերին թեժ մրցակցություն է սկսվել ՀՀ քրեակատարողական հիմնարկի վարչության պետի պաշտոնի համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիմնական մրցակցությունն ընթանում է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ, գործազուրկ Ներսես Նազարյանի ու Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի միջեւ: Մեր տեղեկություններով՝ այժմ ամեն մեկն իր ծանոթին է «խառնում» գործը գլուխ բերելու համար, սակայն դեռեւս հստակ չէ, թե ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել նրանցից, սակայն վերջիններս համառորեն կամ մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում, կամ էլ նրանց հեռախոսներն անջատված էին: Նշենք, որ դեռեւս հուլիսին ՔԿՀ պետ Հայկ Հարությունյանն ազատվել էր աշխատանքից, եւ մինչեւ այսօր անհասկանալի է, թե որն է նրա ազատման պատճառը: Չի բացառվում, որ Հայկ Հարությունյանը նշանակվի ՀՀ ԱԱԽ քարտուղար:

 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր նախկին կուսակցության` ՕԵԿ-ի գործունեությանը չի հետեւում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ՕԵԿ-ի կազմակերպած հանրահավաքն արդյոք կնպաստի, որպեսզի ՀՀ-ում էկետրաէներգիան չթանկանա՝ ասաց. «Ես ընտրել եմ իմ ճանապարհը, ես ավելի շատ գործադիրում եմ ինձ տեսնում: Ես միտինգներից հեռու մարդ եմ, ես միշտ պայքարել եմ… իհարկե օրինական միտինգներն օրենքով նախատեսված է, բայց անօրինական միտինգների, հավաքների դեմ միշտ ես եմ պայքարել՝ որպես ոստիկան, ու չեմ կարծում, թե ինձ կսազեր, որ ամբիոնից գնայի քարկոծեի, ասեի՝ սա այսպես չէ, սա այնպես չէ, ավելի լավ է ես իմ աշխատանքով ապացուցեմ, որ ես կարող եմ իմ հայրենիքի համար ինչ-որ բան անել»:

 
ՀՀ Սյունիքի մարզի 12 ընտանիք ունեցող Տավրուս գյուղի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Տավրուսի գյուղապետ Սլավիկ Կարապետյանի խոսքով՝ դպրոցն այս պահին երեք աշակերտ ունի, նախկին՝ 50-ի փոխարեն: «Ծնողները աշխատանք չունենալու պատճառով գնացել են գյուղից, իրենց երեխաներին էլ հետներն են տարել: Ու այսպես, ամեն տարի գնում եմ այստեղ- այնտեղ մի ընտանիք եմ փնտրում, որ իրենք էլ իրենց հետ երեխա բերեն, որ դպրոցը չփակվի, գոյատեւի: Իմ այս խոսքերը որպես ահազանգ ընդունեք, որ գոնե հարցին լուծում տրվի: Թե չէ մահանում է մեր գյուղը: ՀՀ կառավարության անուշադրության պատճառով է, որ մենք այսօր այս պատկերն ունենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց գյուղապետը:

 
ԱՆԵՐԱՇԽԻՔ
Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ սահմանային վերջին միջադեպերի կապակցությամբ ՀԱՊԿ դիրքորոշմանը, կամ ավելի ճիշտ` դրա բացակայությանը: Հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն այդպես էլ չարձագանքեց, Սերժ Սարգսյանը տվել է խիստ ուշագրավ պատասխան. «Ես կարծում եմ` դրա անհրաժեշտությունը չկար: ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով»,-նշել է նա` անմիջապես, սակայն, հավելելով. «Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել, եւ կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել: Որքանով ես տեղյակ եմ` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս պիտի այցելի Հայաստան: Սա արդեն վերաբերմունք է: Եվ երկրորդ` դուք հնարավորություն կունենաք այս հարցերը նրան ուղղելու»:
Թե ինչ տեխնիկական խնդիրներ նկատի ունի Սարգսյանը, հասկանալի չէ: Ինչպես եւ առնվազն տարակուսելի է նրա այն պնդումը, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի առաջիկա այցելությունը Հայաստան արդեն իսկ վերաբերմունք է: Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Նիկոլայ Բորդյուժան նախանձելի պարբերականությամբ էր այդպիսի «վերաբերմունք» դրսեւորում` առավելապես պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպիսի ճոխությամբ հյուրասիրություն էր կազմակերպում ԱԱԽՔ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ուստի` առաջիկա այցը սահմանային միջադեպերի հետ կապելը ինքնախաբեության պես մի բան է, ինչը, սակայն, Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցելով` խորհուրդ է տալիս լրագրողին` դիմել Բորդյուժային եւ պարզել ՀԱՊԿ-ի լռության պատճառը: Այսինքն` չցանկանալով կամ անիմաստ համարելով ՀՀ իշխանությունների կողմից այդ հարցի բարձրացումը` Սերժ Սարգսյանն այդ պարտականությունը դնում է լրատվամիջոցների ուսերին: Սա ինքնին բավականին խոսուն կերպով ցույց է տալիս ՀԱՊԿ-ի հետ կապվող հույսերի անլրջության աստիճանը:
Շարունակելով թեման` Ս. Սարգսյանն այդուհանդերձ փորձում է փրկել դեմքը` ընդգծելով. «Իրոք, ես համոզված եմ, դրա անհրաժեշտությունը չկար: Եթե որեւէ մեկը մտածում է, որ եթե ՀԱՊԿ-ը արձագանքեր, ապա ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին (կրակոցները), ապա կարծում եմ, որ նա սխալվում է»: Սա արդեն իրավիճակի ընկալման միտումնավոր խեղաթյուրում է, քանզի հենց նույն Սերժ Սարգսյանի համար էլ ակնհայտ է, որ գոնե այս փուլում հայտարարության տեսքով ՀԱՊԿ-ի միջամտությունն անհրաժեշտ էր ոչ թե ադրբեջանցիների սադրանքներին վերջ դնելու, այլ Հայաստանի անվտանգության երաշխիքների ամրությունն ի ցույց դնելու եւ հենց դրանով Ադրբեջանի վրա ազդեցություն գործելու համար։ Սակայն, թերեւս, դժվար է ի ցույց դնել մի բան, որը գոյություն չունի: Սա արդեն ակնհայտ է բոլորի, եւ առաջին հերթին` լրագրողների միջոցով ՀԱՊԿ-ից պատասխան պահանջող Ս. Սարգսյանի համար:

 

 




Լրահոս