ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԵՍ ՄԻՏԻՆԳՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ ՄԱՐԴ ԵՄ»

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին հայոց բանակի կողքին լինելը յուրաքանչյուրի պարտականությունն է ու պետք չէ, որպեսզի ամեն մեկն իր կայացման համար անտեղի հայտարարություններով հանդես գա:

-Պարոն Երիցյան, կառավարության վերջին նիստի ժամանակ Դուք հայտարարեցիք՝ չնայած նրան, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ուժեղներից մեկն է, սակայն ՀՀ ԱԻՆ-ը կարող է օգնել ՊՆ-ին` շփման գծում տիրող իրավիճակը մեղմացնելու հարցում: Նշել էիք նաեւ, որ ԱԻՆ-ի քաղաքացիական պաշտպանության ծառայություն իրականացնող 4000 հոգանոց զորքը կարող է ՊՆ-ին օգնել սահմանում: Ձեր հայտարարությունը քննադատության առիթ է դարձել, Ձեզ մեղադրում են բանակը «նսեմացնելու» մեջ: Ըստ Ձեզ, ինչո՞ւ չընդունվեց Ձեր օգնությունը:
-Նախ՝ ուզում եմ նշել, որ դա հայտարարություն չէր, այլ ուղղակի իմ սրտից բխող խոսք էր ու մենք իսկապես պատրաստ ենք մեր հայոց բանակի կողքին լինել: Ես այնտեղ հայտարարել եմ, որ ՀՀ ՊՆ-ն տարածաշրջանում հզորներից է, մենք ունենք հզոր բանակ, բայց դա չի նշանակում, որ մենք բոլորս պետք է կողքի քաշվենք ու ՀՀ-ում տիրող իրավիճակին որեւէ կերպ չարձագանքենք: Ես այդ հայտարարությունը արել եմ իմ սպաների, գեներալների անունից, ովքեր այսօր ծառայում են մեր փրկարար ծառայությունում: Հայտարարել, որ նսեմացնում ենք բանակը, մեղմ ասած, ճիշտ չէ, մենք մեր բանակը հարգում ենք: Պարոն Օհանյանի հետ մենք մտերիմ ընկերներ ենք ու ամեն մեկս մեր գործառույթները լավ գիտենք:
-Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունե՞լ է Ձեր առաջարկը:
-Մենք հարցը քննարկում ենք պարոն Ս. Օհանյանի հետ, որովհետեւ մենք անելիք շատ ունենք: Ես արդեն հանձնարարել եմ, որ սահմանամերձ գյուղերում բնակվողների հետ կապված` լուրջ աշխատանք տարվի, նրանց անվտանգությունը հսկվի:
-Ձեր քայլը որակվեց նաեւ սեփական PR, ու նշվեց, որ Դուք վերջին ժամանակահատվածում հաճախ եք նման քայլերի դիմում: Հիշատակվեց նաեւ այն դեպքը, երբ Դուք փրկել էիք մի երիտասարդի, ով ցանկանում էր ինքնասպան լինել:
-Ես ընդհանրապես այդ մասին չեմ մտածել ու չեմ էլ մտածում, դա այն մարդիկ են հայտարարում, ովքեր այդ ամենի կարիքն ունեն: Ճիշտ եք ասում՝ տարբեր արտահայտություններ են եղել, բայց ուզում եմ մեկ բան ասել. ով ծնվել է սողալու համար, նա չի կարող թռչել: Եղել են անգամ արտահայտություններ, թե ունենք ընկերներ, որ սահման չեն գնա իր հետեւից, իհարկե այդպիսի հավեր էլ կունենանք: Այդպիսի հավեր կարող են լինել եւ ՊՆ-ում, եւ մեզ մոտ, բայց ընդհանուր մեր բանակը, մեր գեներալները բոլորս պատրաստ ենք գնալ ու կանգնել մեր զինվորների կողքին: Ես PR անեմ ինչի՞ համար, ես այսօր իմ գործառույթներն եմ կատարում, ես դրա կարիքը չունեմ, նախարարից բարձր պաշտոնի ակնկալիք ես չունեմ: Ես սիրում եմ իմ հայրենիքը ու պատրաստ եմ նրա համար գնալ ու կռվել: Գյուղացին հայտարարում է, որ ինքը ցանկանում է գնալ իր զինվորի կողքին կանգնել, իսկ մենք՝ կառավարության անդամներս, ինչո՞վ ենք պակաս, որպեսզի նման հայտարարություն չանենք, իրենց հայտարարությունը հայրենասիրություն է կոչվում, իսկ մերը PR՞: Հիմա եթե չգնայինք, որեւէ կերպ չարձագանքեինք կատարվածին՝ կհայտարարեին, թե նախարարը փախավ, վախեցավ, չի ուզում գնալ, եւ այլն, եւ այլն: Երիտասարդին օգնելու հետ կապված էլ հայտարարում էին, թե ես եմ դա կազմակերպել: Գիտեք, ես զարմանում եմ, թե մարդու ուղեղն ինչքան պետք է աշխատի, որ նման հայտարարություններ անի: Դրա համար, ես հիմա այդ ամենը նորմալ եմ ընդունում: Նայում եմ այնպես, որ մարդիկ են, ցանկանում են կայանալ՝ թող կայանան, բայց իմ հաշվին չէ, թող իրենց հաշվին կայանան: Սա իմ աշխատանքն է, ու եթե ես ինձ համարում եմ փրկարար, նշանակում է՝ պետք է աշխատեմ որպես համար մեկ փրկարար տարբեր իրադարձությունների ժամանակ:
-Օրերս Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպումից հետո կարծես թե ինչ-որ չափով լարվածության նվազում եղավ: Ըստ Ձեզ, այժմ անհրաժե՞շտ է շփման գիծ լրացուցիչ զորքեր ուղարկել:
-Բոլորս էլ գիտեինք, որ հանդիպումից հետո ավելի խախանդ կլինի իրավիճակը: Ես նորից եմ ուզում շեշտել, որ ՊՆ-ն 100 տոկոսով վերահսկում է սահմանը, բայց համագործակցությունը չի խանգարի: Այնպես չէ, որ ՀՀ ՊՆ-ն դա չի կարող անել, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է սահմանի հետ կապված մի գործառույթ իրականացնի: Ես միշտ էլ նշել եմ, որ ԱԻՆ-ը հայոց բանակի մի մասնիկն է:
-Պարոն Երիցյան, տեւական ժամանակ է, ինչ «լքել» եք ՕԵԿ-ը, այս ժամանակահատվածում հետեւե՞լ եք, թե ինչ գործունեություն է ծավալում ընդդիմադիր դարձած կուսակցությունը:
-Երեբեւիցե չի եղել այնպես, որ դուք թույլ տաք, որ ես մոռանամ «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ասեմ, որ չի հետաքրքրում, դուրս եմ եկել կուսակցությունից ու իրենք իրենց ճանապարհն ունեն:
-ՕԵԿ-ը որոշել է հանրահավաքների միջոցով պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, գուցե Դուք էլ կարողանայիք այդ հարցում օգնություն ցուցաբերել Ձեր նախկին կուսակցությանը:
-Ես ընտրել եմ իմ ճանապարհը, ես ավելի շատ գործադիրում եմ ինձ տեսնում: Ես միտինգներից հեռու մարդ եմ, ես միշտ պայքարել եմ… իհարկե օրինական միտինգները օրենքով նախատեսված են, բայց անօրինական միտինգների, հավաքների դեմ միշտ ես եմ պայքարել՝ որպես ոստիկան, ու չեմ կարծում, թե ինձ կսազեր, որ ամբիոնից գնայի քարկոծեի, ասեի՝ սա այսպես չի, սա այնպես չի: Ավելի լավ է ես իմ աշխատանքով ապացուցեմ, որ կարող եմ իմ հայրենիքի համար ինչ-որ բան անել:

 
ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԻՆ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հայտարարել է. «Մեզ բավարարել է ղարաբաղյան հակամարտության քննարկման նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումը»:

Ջեյմս Ուորլիքը հատուկ գոհունակություն է արտահայտել, որ Սոչիում նախագահները հաստատել են երկխոսության շարունակման եւ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց պարտավորությունները. «Մենք հույս ունենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա եւ կողմերը, դրսեւորելով քաղաքական կամք, կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հակամարտության լուծման ուղիների որոնման գործում»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանն, անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Սոչիի հանդիպումից առաջ ներկայացվեց ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակի պաշտոնական դիրքորոշումն, ըստ որի՝ իրենք ողջունում են ցանկացած ձեւաչափի հանդիպումներն ու երկխոսությունները:
Մեր զրուցակցի գնահատմամբ` փաստ է, որ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ինչ-որ չափով մեղմել է շփման գծում տիրող իրավիճակը. «Թեկուզեւ այն, որ կողմերը հայտարարեցին, թե ԼՂՀ հարցի լուծումը պետք է լինի միայն խաղաղ կարգավորմամբ, դա, կարծում եմ, արդեն բավարար արդյունք էր, որպեսզի այսօր այլ իրականություն ունենանք»:
Պատգամավորը նշեց, որ եթե այժմ Ջ. Ուորլիքն այլ հայտարարություն աներ, ապա դա չէր ընկալվի նաեւ միջազգային հանրության կողմից, որովհետեւ հակամարտող երկրների նախագահները հանդիպել են ու վերահաստատել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությունը. «Կարծում եմ՝ նա ներդաշնակ է արձագանքել կատարվածին»:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ժամանակ Ջ. Ուորլիքը հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը սեւ բիծ է Եվրոպայի համար, եւ այդ իսկ պատճառով կողմերին բավարարող լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը ունի մեծ հետաքրքրություն: Կրկնում եմ՝ մեր նպատակն է ազատ, ամբողջական եւ խաղաղ Եվրոպա»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ԱՃ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերության աճը կազմել է 0 տոկոս, այսինքն` աննշան աճ անգամ չի արձանագրվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը պնդեց. «Արդեն իսկ տնտեսական աճը մեզ մոտ վեցը տարիների ընթացքում, ըստ էության, որպես այդպիսին չի եղել: Իհարկե, դա պատճառաբանվեց ֆինանսական ճգնաժամով, չնայած որ գոնե ՀՀ-ի կտրվածքով այդքան էական ազդեցություն պետք է որ այն չունենար: Ավելի շուտ դա պայմանավորված էր ընդհանուր տնտեսական քաղաքականությամբ, որը իրականացվեց այս չորս տարիների ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է այս ժամանակահատվածին, բնականաբար քաղաքական առումով երկիրը գտնվեց ամենազանազան վայրիվերումների մեջ: Մասնավորապես տեւական ժամանակ եվրոասոցացման, Արեւելյան գործընկերության մասով բանակցություններ էր ընթանում: Սրանց հաջորդեց Եվրամիությունը, Մաքսային միությունը, որն այս պահի դրությամբ կայացած չէ եւ սրանց գումարած Արեւմտյան երկրների կողմից կիրառված տնտեսական սանկցիաները: Այս ամեն ինչը մեծ համամասնություններով ունենում է իր ազդեցությունը տնտեսական աճ չգրանցելու համար»:

 

ԵՐԹԵՐՈՎ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ ՕԵԿ-ի միջեւ տեւական ժամանակ սկսած պայքարը նոր ընթացք է ստացել: Այսօր Ագրարային համալսարանի ուսանողները պատրաստվում են բողոքի երթ անցկացնել` բուհի մասնաշենքի մոտից ՀՀ կառավարության շենք, այնուհետեւ՝ Երեւանի քաղաքապետարան: Հիշեցնենք, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը փորձում է համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն կառուցել, ինչն էլ հարուցել է դասախոսական կազմի եւ ուսանողների զայրույթը: Նրանք այս ամենն անօրինական են համարում, ավելին` այդ առնչությամբ նաեւ դատական գործընթաց է սկսվել: Մինչ այդ, հուլիսի 21-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել էր որոշում, որով ՕԵԿ-ին պարտավորեցրել էր ընդհատել շինարարությունը` մինչեւ վեճի հանգուցալուծումը:

 

ՄՈՌԱՑԵԼ ԵՆ
Չնայած վաղը կառավարության հերթական նիստն է լինելու, սակայն մինչեւ հիմա հայտնի չէ, թե օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված: Համենայնդեպս, երեկ մինչեւ ուշ գիշեր կառավարության կայքում տեղադրված չէր օրակարգը: Ամենայն հավանականությամբ, կառավարությունում մոռացել են նման հարցերով զբաղվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ սեփական անձի քարոզարշավով տարված լինելու պատճառով: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ կառավարությունից, սակայն այնտեղ նույնիսկ հեռախոսներին չէին պատասխանում:

 

 




Լրահոս