ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԵՍ ԵՄ

Իշխանական ճամբարում բացահայտ պայքար է սկսվել, թե ով է դառնալու Սերժ Սարգսյանի իրավահաջորդը: Ներկուլիսային այդ խմորումներն ակներեւ դարձան հատկապես սահմանին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում:

Ակնհայտ է, որ կաղ բադիկի սինդրոմը Սերժ Սարգսյանի մոտ ժամանակից շուտ է սկսվել, եւ այն գնալով ավելի է խորանում: Նախագահական ընտրություններից մեկ ու կես տարի է անցել, բայց իշխանության ներսում Ս.Սարգսյանը կամաց-կամաց կորցնում է ազդեցությունն ու վերահսկողությունը: Իսկ սահմանային միջադեպերի ժամանակ Ս.Սարգսյանի պահվածքը ցույց տվեց, որ նա իրողություններին համարժեք չի արձագանքում. հակառակ այդ օրերին սահմանին աճող լարվածությանը, նա գերադասեց մեկնել Բելգիա` մասնակցելու Առաջին աշխարհամարտի 100-ամյակի միջոցառումներին: Մինչդեռ, Սահմանադրությամբ երկրի գլխավոր-գերագույն հրամանատարը պարտավոր էր լինել երկրի ներսում, հարկ եղած դեպքում` անձամբ այցելել սահմանամերձ գյուղեր ու զորամասեր: Իսկ օտարերկրյա պետությունների ղեկավարներին սահմանային միջադեպերը նա կարող էր ներկայացնել ոչ թե Բելգիայում, այլ՝ հեռախոսով, կամ էլ ԱԳ ղեկավարությանն ու դեսպաններին համապատասխան հանձնառությամբ գործուղելով:
Եվ այդ օրերին, ինչպես հիշում եք, Հայաստանում միայն երկու պաշտոնյա էր ակտիվ գործունեություն ծավալում` վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն իրեն անուղղակի կերպով նաեւ նախագահական որոշակի գործառույթներ էր վերապահել. պահվածք, որն ամենեւին էլ պատահական չէր, եւ անուղղակի կերպով ի ցույց դրեց նրանց թաքուն նկրտումները: Մանավանդ որ այդ ընթացքում նրանք փորձեցին անուղղակի կերպով խանգարել իրար:
Հրադադարի խախտումներից ու դիվերսիաներից հետո Հովիկ Աբրահամյանը պարբերաբար մեկնում էր Տավուշի մարզ` գնդակոծության ենթարկված սահմանամերձ գյուղեր, առաջին գծում տեղակայված զորամասեր: Նա մասնակցեց նաեւ սահմանին զոհված հայ զինծառայողի թաղմանը: Աբրահամյանը նույնիսկ մի քանի հայտարարություն արեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ` Ադրբեջանին նախազգուշացնելով. «Մենք չենք վախենում պատերազմից եւ պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել: Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն մենք նաեւ պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել եւ հաղթել»: Հետո նա փորձեց մտնել քաղաքական դաշտը միավորողի կերպարի մեջ. պատգամավորների հետ նա մեկնեց Ղարաբաղ` առաջին գիծ, նույնիսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ գիշերեց խրամատներում: Ասել է թե՝ Աբրահամյանն արեց այն, ինչը պետք է աներ երկրից բացակայող գլխավոր գերագույն հրամանատարը: Ընդ որում, այս բոլոր գործողություններն արվում էին նախագահական քարոզարշավ հիշեցնող PR-ի համակցությամբ:
Նույնկերպ իրեն պահեց նաեւ Սեյրան Օհանյանը. ընդ որում, նա ստանձնել էր միանգամից մի քանի գործառույթ. նա հանդես եկավ ոչ միայն որպես պաշտպանության նախարար, այլեւ` որպես ԱԳ ու առողջապահության նախարար. համենայն դեպս, Օհանյանն այդ օրերին զբաղված էր ոչ միայն բանակի խնդիրներով, այլեւ` ակտիվ դիվանագիտական շփումների մեջ էր օտարերկրյա դեսպանների հետ` հանդես գալով համատեղ հայտարարություններով: Այդպես ՊՆ-ն համատեղ հայտարարություն արեց ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ ԱՄՆ-ի դեսպանատան հետ: Բացի այդ, նա ակտիվ այցելում էր սահմանային միջադեպերի արդյունքում հոսպիտալում հայտնված զինվորներին, տեսակցում նրանց հետ: Ավելին՝ Օհանյանն այդ օրերին նաեւ փորձեց միավորել քաղաքական դաշտը. ԱԺ խմբակցությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, տեղի է ունեցել Օհանյանի անձնական նախաձեռնությամբ: Նույն աղբյուրների պնդմամբ՝ հանդիպման ժամանակ խնդրել է, որպեսզի, ելնելով ստեղծված իրավիճակից, քաղաքական ուժերը միասնական հայտարարություն անեն, նաեւ` զինվորների մարտական ոգին բարձրացնելու համար միասին մեկնեն առաջին գիծ: Բոլոր խմբակցությունները համաձայնվել են այդ առաջարկին: Ու պատահական չէ, որ հայտարարությունից հետո իշխանությունները հրճվանքով էին խոսում արտաքին թշնամու դեմ քաղաքական դաշտի միավորման մասին, ոմանք էլ` ձեռքի հետ շեշտում այդ գործում նախարարի դերակատարումը: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի անգործության ֆոնին Սեյրան Օհանյանի քայլերն ավելի աչքի ընկան: Եվ առանց չափազանցնելու կարելի է պնդել, որ այս պահին նա ամենաբարձր վարկանիշ ունեցող նախարարն է:
Այս մրցավազքում աննկատ չմնացին նաեւ ժառանգորդի թեկնածուների` միմյանց խանգարելու փորձերը: Օհանյանին հազիվ հաջողվել էր մեկ սեղանի շուրջ հավաքել ԱԺ բոլոր խմբակցություններին, երբ Հ.Աբրահամյանը մտնելով պատգամավորների` ԼՂ մեկնելու նախաձեռնության մեջ, փորձեց այցն «իրենով անել»: Միայն թե դրանով, ըստ էության, խափանեց «միավորման» գործընթացը. ՀԱԿ խմբակցությունը հայտարարեց առաջին գիծ մեկնելուց հրաժարվելու մասին` մատնանշելով. «Ակնհայտ է, որ Հ.Աբրահամյանը, տեղեկանալով ԱԺ խմբակցությունների միջեւ օգոստոսի 4-ին ձեռք բերված համաձայնության մասին, որոշել է օգտագործել այն սեփական անձի գովազդման նպատակով, ինչպես նաեւ, կցելով խորհրդարանական պատվիրակությունն իրեն, փոխարինել ազգային շահերի շուրջ համախմբան խորհրդանիշը` իշխանության շուրջ համախմբման պատրանքով: …ՀԱԿ-ը, հետեւաբար մերժում է Հ.Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը եւ վերահաստատում իր պատրաստակամությունը իրականացնելու Ս.Օհանյանի հետ օգոստոսի 4-ին ձեռք բերված պայմանավորվածությունները` զորամասեր եւ շփման գիծ կատարվելիք ինչպես համատեղ, այնպես էլ առանձին այցերի վերաբերյալ»:
Ճիշտ է, հետո Աբրահամյանը կարողացել էր իր հետ ԼՂՀ տանել դե յուրե ՀԱԿ խմբակցության անդամ, սակայն տեւական ժամանակ Կոնգրեսից անկախ գործող Հրանտ Բագրատյանին, բայց ակնհայտ է` սա այլեւս այն չէր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Օհանյանը վատ է ընդունել Աբրահամյանի քայլը, իսկ թե ինչ տեսքով նա կհակադարձի, պարզ կդառնա առաջիկայում:
Իսկ մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, իշխանության ներսում դեռ չկա վերջնական որոշում` ով է լինելու ժառանգորդը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՍՐՏՆԵՂԱԾ Է
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չնայած զբաղեցրած պաշտոնին, ընդգրկված չէ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովում: Մի հանգամանք, որն առնվազն տարօրինակ է, քանի որ նախկին նախարար Հրայր Թովմասյանը չնայած ԱԺ աշխատակազմի ղեկավարն է, շարունակում է պահպանել իր տեղը այդ հանձնաժողովում, իսկ Մանուկյանին այնտեղ չեն ընդգրկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանը սրտնեղած է այդ փաստից, նաեւ` վերջերս իր մտերիմների մոտ անկեղծացել ու դժգոհել է, որ իրեն հանձնաժողովում չեն ընդգրկում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հերքեց լուրերը. «Հովհաննես Մանուկյանը նեղվողներից չէ, նա սովորաբար նեղում է, իսկ եթե ավելի լուրջ, ապա՝ նման խնդիր նույնիսկ տեսականորեն գոյություն չունի: Արդարադատության նախարարն ի պաշտոնե չի կարող անմասն մնալ այնպիսի իրավական գործընթացից, ինչպիսին սահմանադրական բարեփոխումների` նախագծերի մշակումն ու քննարկումն է: Իսկ դրանում համոզվելու առիթը կունենանք մոտ ժամանակներս»,-ասաց նա:

 

ԴԻՄԵԼՈՒ Է
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ իր հերթական ակցիաներին: Ազերիների կողմից սպանված հայ գերու` Կարեն Պետրոսյանի հարցով նա դիմելու է ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին, բոլոր պատկան կառույցներին: «Պաշտոնական նամակով եւ կից տեսասկավառակով, պաշտոնապես դիմելու եմ ԵԽԽՎ նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների հանձնակատարին՝ ուղարկելով այն կադրերը, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես ադրբեջանցի գեներալը, խախտելով Ժնեւյան կոնվենցիայի բոլոր կանոնները, նվաստացնում է Կ.Պետրոսյանին: Ուղարկելու եմ նաեւ «Ազատություն» ռ/կ ադրբեջանական գործակալության ռեպորտաժը, որտեղ սահմանային ադրբեջանական գյուղի բնակիչներն իրենց հարցազրույցներում փաստում են, որ Կ. Պետրոսյանը դիվերսանտ չէ ու հաստատում են, որ պարզապես մոլորվել եւ անցել է սահմանը»,- ասել է նա: Զոհրաբյանը նաեւ պահանջելու է պատասխանատվության ենթարկել ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանին Կ.Պետրոսյանի հանդեպ անմարդկային, դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի համար։

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Նորվեգիայի Տրոմսո քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադան մոտենում է ավարտին: Այսօր մասնակիցները կհանգստանան, իսկ վաղը կայանալու է վերջին տուրը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին այս անգամ չի հաջողվի չեմպիոն դառնալ. վերջին տուրից առաջ նրանք հանգրվանում են 14-րդ հորիզոնականում: Այս օլիմպիադայում բավականին հաջող հանդես եկավ շախմատի կանանց հավաքականը. եթե վերջին տուրում շախմատիստուհիները խոշոր հաշվով հաղթեն, ապա նրանց կհաջողվի գրավել 3-4-րդ տեղերը: Հայաստանի կանանց հավաքականը մրցելու է Իսպանիայի հավաքականի հետ:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԹԱԼԱՆՈՒՄ
Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը հայտնաբերել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունը պետությունից թաքցնում է իր եկամուտների զգալի մասը: Նախարարության հաղորդագրության համաձայն, շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները պարզել են, որ տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականում «Արմսվիթ»-ի պահեստում բեռնաթափվել է 5500 կգ հումք: «Այսինքն, ստացվում է, որ «Ալեքս Գրիգ»-ն իրականում դուրս էր գրել 2500 կգ շաքարավազի հարկային հաշիվ, սակայն փաստացի առաքել էր 5500 կգ, որից 3000 կգ, ըստ ներկայացված փաստաթղթերի, պետք է տեղափոխվեր «Ալեքս Գրիգ» ընկերության մանրածախ վաճառքի կետ»,-ասվում է ֆինանսների նախարարության հաղորդագրությունում: Հայտնաբերված խախտման վերաբերյալ կատարվում են հաշվարկներ` պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար:

 

ՉԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ
Վերին Լարսի անցակետում հերթերը շարունակվում են եւ դեռեւս կուտակումներ կան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` ընդգծելով, որ կուտակումներն առաջացել են վերջին շրջանում մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում: «Անցակետը բնականոն կերպով գործում է, ռուսական կողմը հավաստիացնում է, որ խնդիրը զուտ տեխնիկական է` պարզապես չեն հասցնում սպասարկել»,-հավաստիացրել է Բալայանը:

 

ԷԼԻ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ
«Ադրբեջանի զինանոցում կան ամենաժամանակակից եւ բարձր ճշգրտությամբ զենքեր, որոնք երաշխավորված կոչնչացնեն ցանկացած ռազմավարական օբյեկտ կամ ենթակառուցվածք Հայաստանի տարածքում, ինչը կհանգեցնի Հայաստանի վերացմանը` որպես պետություն»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունում, ի պատասխան Սերժ Սարգսյանի այն հայտարարության, թե «ՀՀ-ն ունի բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ դրանք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հարկ է համարել հավաստիացնել, որ չի վախեցել Սարգսյանի հայտարարություններից:

 




Լրահոս