ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՌՆԱԲԱՐՎԵԼՈՒՑ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ` ՄԵԿ ՔԱՅԼ Է

Երեւանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի որդու անվան շուրջ ծագած միջադեպը 7 ամիս տեւած քննությունից հետո անակնկալ հանգուցալուծում է ստացել: Դատավորի որդին, ով կասկածվում էր բռնաբարության մեջ, «ջրից չոր դուրս եկավ», իսկ նրա դեմ բողոքող աղջիկը դատապարտվեց ազատազրկման:

Այս տարվա հունվարի 8-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակիչ, 32-ամյա Մարիամ Մանուկյանը դիմել էր ոստիկանություն` հայտնելով, որ 25-ից 30 տարեկան Արման Գրիգորյանը Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետեւ հափշտակել պարանոցի ոսկյա շղթան: Ավելի ուշ պարզվել էր, որ Արման Գրիգորյանը «Նուբարաշեն» վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի եւ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ՔԿԱԳ վարչության (ԶԱԳՍ) պետ Մարիամ Մինասյանի որդին է: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, թե սա ուղղորդված գործ է եւ այդ կնոջն ուղարկել են իրենցից շորթում կատարելու: «Դուք հավատո՞ւմ եք, որ ռեստորանի տերը եւ դատավորի որդին պետք է նրա վզից ցեպ հափշտակի: Գնացել է իր հաճույքների համար, իմ տղան օբյեկտով փող է աշխատում, ազնվագույն երեխա է, ջահելությունը օգտագործել է, հիմարություն է արել, գնացել է»,-ասել էր նա:
Դատավորի խոսքով՝ տղան հորը պատմել էր, թե այդ կինը եկել էր որպես մատուցող աշխատանքի ընդունվելու համար: Իրենք այդ օրը ընկերներով հաց էին կերել, կինը նստել էր իր որդու ծնկներին, գայթակղել, «մարմնի տարբեր մասերին ձեռք գցել»: Ավելին՝ դատավորը նաեւ ասել էր, թե ինքը չի միջամտի գործին, «իրավաբան տղա է, թող գնա մինչեւ վերջ այդ դառը բաժակը խմի»:
Ու մինչ դատավորը արդարացնում էր իր որդու արարքը, ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Բռնաբարություն, որը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով»):
Շուրջ 7 ամիս քննությունից հետո այս գործը շրջադարձային ընթացք է ստացել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 3-ին սուտ մատնության համար մեղադրանք է առաջադրվել Մարիամ Մանուկյանին: Գործն ուղարկվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ըստ դատավաճռի` Մարիամը քննչական բաժնում ասել է, թե իր հաղորդումը չի համապատասխանում իրականությանը, որից հետո անկեղծորեն զղջացել է: Ավելին՝ հունվարի 9-ին ոստիկանությունում բացատրություն տալու ընթացքում նա գծեր է քաշել իր կողմից գրված բացատրության արձանագրության վրա եւ առանց որեւէ պատճառաբանության լքել քննիչի աշխատասենյակը:
Նշենք, որ բարձրագույն կրթություն ստացած, ամուսնալուծված այս աղջկա խնամքին են գտնվում անչափահաս դուստրը՝ Անի Մանուկյանը, եւ 70-ամա մայրը՝ Դոնարա Բաղդասարյանը:
Արագացված դատաքննությամբ հուլիսի 31-ին դատարանը Մարիամին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` («Հանցագործության մասին սուտ մատնություն») եւ որպես պատիժ սահմանել ազատազրկում` 6 ամիս ժամկետով:
Նկատենք, որ սա Վլադիմիր Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի անվան շուրջ միակ աղմկահարույց պատմությունը չէ: 2013թ. օգոստոսի 11-ին «Իմպերիա» ռեստորանային համալիրում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել, իսկ ավելի ուշ հնչել էին կրակոցներ։ Այս ռեստորանի սեփականատերն էլ ոչ ավել ոչ պակաս նույն Արմանն է:
Փաստորեն, դատավորի որդին այդպես էլ «դառը բաժակից չխմեց»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ

Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը, ով դատապարտվել է ընկերոջ հորը թունավորելու փորձի համար, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն այս գործով արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Վարդանյանի կարծիքով՝ իր դեմ առաջադրված մեղադրանքը եւ ազատազրկման դատավճիռը «ոտքից գլուխ ախմախություն է»: «Վստահ եմ, որ ՄԻԵԴ-ն այս գործում արդարացի որոշում կընդունի»,- ասաց նա: Արկադի Վարդանյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Մեզ հետ զրույցում նա պնդեց, թե իր առողջական վիճակը ՔԿՀ-ում գնալով մտահոգիչ է դառնում: Նա նույնիսկ նամակներ է գրել Արդարադատության նախարարությանը, որպեսզի Վանաձորից իրեն տեղափոխեն «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, սակայն իր խնդրանքը հաշվի չեն առել: «Արդարադատության նախարարությունից ինձ այնպիսի մի անիմաստ պատասխան են տվել, որ ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու չեն ցանկանում ինձ տեղափոխել «Կոշ» ՔԿՀ: ՄԻՊ Էլ էի դիմել, որ հաշվի առնեն իմ պահանջը, բայց մինչ օրս որեւէ պատասխան չկա: Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանի նպատակը մեկն է. որ ես մնամ այս փակ ռեժիմով խցում եւ մինչեւ Եվրադատարան սաղսալամաթ չհասնեմ: Այսպիսի մոտեցումն իմ նկատմամբ ադրբեջանցի գեներալի ստորությունից ոչնչով չի տարբերվում»,- ասաց նա: Վարդանյանի խոսքերով՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում իրեն պահում են փակ ռեժիմում, մինչդեռ` առողջական վիճակը պահանջում է տեղափոխել բաց ռեժիմ. Արկադի Վարդանյանի մոտ սրտանոթային լուրջ խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ 2000թ.-ից Արկադի Վարդանյանն ակտիվ հանրահավաքային շարժում սկսեց Հայաստանում: Սակայն որոշ ժամանակ անց իշխանությունների հարկադրանքով ստիպված էր լքել երկիրը: 13 տարի անց Վարդանյանը կրկին հայտնվել էր Ազատության հրապարակում, բայց այս անգամ ոչ թե ինքն էր հանրահավաքների կիզակետում, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին էր սատարում: Հետո հայտնվեց կալանավայրում` իր ընկերոջ՝ Արսեն Ավետյանի հորը թունավորելու փորձ կատարելու համար՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ԼՈՒՐԵՐ

ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
«Թալգրիգ» ՍՊԸ-ի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, որը շուրջ 8 տարի եղել է ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ, իսկ այսօր շարունակում է պահպանել ՀՖՖ գործկոմի անդամի կարգավիճակը, պարբերաբար տուգանվում է ՀՀ ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեի կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Թալգրիգ»-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանը հունիսին ՀՀ է ներմուծել 460.000 եւ 455.000 կգ ընդհանուր քաշով ցորեն, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամանակում չի ներկայացրել մաքսային մարմին: Արդյունքում տնօրենը տուգանվել է 100.000 դրամով: Նշենք, որ «Թալգրիգ»-ին են պատկանում «Գյուղի լավաշ», «Պաստա իմպերիա» ապրանքանիշերը, ինչպես նաեւ «Giulio Pagani» իտալական մակարոնեղենի միակ պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում:

 

ԲՌՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին Վարդենիսի Սոթքի հանքից դուրս գալու պահին աշխատակիցները հայտնաբերել են 24 տարեկան մի երիտասարդի, որին տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին: Երիտասարդը՝ Միքայելը, խոստովանել է, որ հանք է մտել հանքանյութ գողանալու, որպեսզի ոսկի պատրաստի: Նա ասել է, որ 2013թ. օգոստոսին եւս ինքը հանքից տարել է մոտ 45 կգ ոսկու հանքանյութ: Ոստիկանության ՀԿԼՎ-ից մեզ հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը: Միքայելը ստորագրությամբ ազատ է արձակվել: Կատարվում է հետաքննություն:

 
ԲԼԹ

«Երիտասարդությունն այսօր մեր հասարակության, մեր երկրի բոլոր ոլորտներում ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է: Երիտասարդները կառավարման եւ որոշումների ընդունման ոլորտում ունեն իրենց վճռական խոսքը»:

Կարեն Ավագյան Facebook

Երիտասարդությանն ուղերձ հղելուց առաջ Կ. Ավագյանին չէր խանգարի հիշել, թե ինչպես երկու տարի առաջ ինքը մեթան գազով լիցքավորած փուչիկների պայթյունի հետեւանքով տասնյակ երիտասարդների դժբախտ պատահարի պատճառ դարձավ: Երիտհանրապետական պատգամավորը կարծես մոռացել է այդ դեպքը, մոռացել է, թե ինչպես դրանից հետո մարդիկ ամիսներ անցկացրին հիվանդանոցներում: Նա մոռացել է նաեւ այն, որ ընդհանրապես երիտասարդների «դերակատարումը» ապահովելու գործում, ցավոք, որպես պատգամավոր, ինքն ու իր գործընկերներն անելիք ունեն, բայց` անելիքը սկսվում ու ավարտվում է հանրապետականացնելով:

 
«Ես կոչ եմ անում ձեզ լինել գործունյա, դրսեւորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, ունենալ վառ ու համարձակ երեւակայություն, եւ ես վստահեցնում եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել մեր երկրի առջեւ ծառացած բոլոր դժվարությունները»:

Գաբրիել Ղազարյան «Առավոտ»

Ինչ հրաշալի է, երբ Հայաստանում նշվում է երիտասարդության միջազգային օրը: Հրաշալի է, որովհետեւ դա վերջապես առիթ եղավ, որպեսզի լսվի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ձայնը: Նա պաշտոնավարման ավելի քան երեք ամիսների ընթացքում հազվադեպ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հազվադեպ է կարծիք հայտնում, հազվադեպ խոսում: Երեկ խոսել է, բայց մոռացել է հստակեցնել, թե ինչպիսի դիրքորոշման մասին է խոսքը եւ այդ ինչ համատեղ ջանքեր ու դժվարությունների հաղթահարում է, որի մասին պաշտոնյաները տարիներ շարունակ խոսում են, բայց այդպես էլ չենք տեսնում:

 
«Ես երիտասարդների կողքին եմ, քանի որ ձեզնից մեկն եմ: Այսօր երիտասարդներին տրված հնարավորությունները մեծ են, սակայն շատ բան ձեզնից է կախված: Չպետք է խուսափել առաջին կարգի մասնագետի կամ ցածր պաշտոնների աշխատանքից»:

Տարոն Մարգարյան «Առավոտ»

Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀԿ-ականը մոռացավ երիտասարդներին ասել ամենակարեւորը, որ լավ աշխատանք ու ոչ ցածր պաշտոններ ունենալու հարցում շատ բան կախված է ոչ թե երիտասարդներից, այլ այդ երիտասարդների կուսակցական պատկանելությունից: Այո, երիտասարդներին տրված հնարավորությունները մեծ են, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀԿ-ական երիտասարդներինը: Տարոն Մարգարյանն անձնական օրինակն ունի աչքի առաջ, թե ինչպես հասավ իր դիրքին, նույնիսկ կարողացավ աներձագի համար էլ պատգամավորի աշխատանք «դասավորել»: Հիմա ժամանակն է փորձը փոխանցել ավելի երիտասարդ սերնդին:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս