ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՒՄԱՐ ՄՈՒԾԵՆ ՊԵՏԲՅՈՒՋԵ
Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանների իջեցման պատճառով Հայաստանի ամենաբերրի հողերը հայտնվել են անջրդի մնալու վտանգի առջեւ: Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղերում ինքնաշատրվանող աղբյուրները ցամաքել են, իսկ գյուղացիներն էլ ոռոգման ջրի անբավարարության պատճառով չեն կարողանում իրենց հողատարածքները մշակել: Ստեղծված իրավիճակի եւ բնապահպանական մի քանի այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, Արարատյան դաշտավայրի ձկնաբուծարանների կողմից թույլատրվածից ավելի մեծ թվով արտեզյան հորերի շահագործման արդյունքում Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղերում ինքնաշատրվանող աղբյուրները ցամաքել են, իսկ գյուղացիներն էլ ոռոգման ջրի բացակայության պատճառով չեն կարողանում մշակել իրենց հողատարածքները: Ձեր պաշտոնավարման ընթացքում այս գերխնդրի լուծման ուղղությամբ ինչպիսի առարկայական քայլեր են ձեռնարկվել:
-Արարատյան ջրավազանի մասով մենք այս տարածքում ունենք լուրջ խնդիր: Դուք ինքներդ տեղեկացված եք, որ Արմավիրի եւ Արարատի տարածաշրջանում ավելի մեծ քանակությամբ ջուր է օգտագործվում, քան թույլատրելի է: Սա հիմնականում օգտագործվում էր խմելու ջրի, ոռոգման, ինչպես նաեւ ձկնաբուծական տնտեսությունների համար: Եվ կառավարությունը որոշում է կայացրել այդ ոլորտի հետ կապված հատկացնել 107 մլն դրամ, որպեսզի Բնապահպանության նախարարությունը կարողանա ինքնաշատրվանող հորերի փակման, կոնսերվացման աշխատանքներ իրականացնել: Տեղեկացնեմ ձեզ, որ այս կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք իրականացնել հորերի փակում, կոնսերվացում, նաեւ փականային ռեժիմի վերանայում, ինչի արդյունքում կարողացել ենք տնտեսել 340 լիտր վայրկյան ջուր: Դա տարեկան կտրվածքով կազմում է մոտ 11 մլն խորանարդ մետր ջուր: Այս պահին էլ մեր աշխատակիցները տարածքում իրականացնում են իրենց աշխատանքները. այստեղ մեզ աջակցում են ե՛ւ ՀՀ դատախազությունը, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ ազգային անվտանգությունը, ե՛ւ մարզպետարանը: Մենք միասնական ենք այս որոշումը կայացրել եւ կարճ ժամանակ հետո դուք կտեսնեք, որ մենք արդյունք ենք ունենալու:
-Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի համայնքների՝ մասնավորապես Ջրառատի բնակիչները «կոպեկներով» վաճառում են իրենց հողատարածքները, որոնք գնողները մասսայաբար վերածում են ավազահանքերի: Իսկ ավազը հանելուց հետո դրանք ռեկուլտիվացիայի չեն ենթարկվում եւ վերածվում են ճահճանման լճերի: Տեւական ժամանակ է, ինչ այս խնդիրը կա: Ի՞նչ եք մտադիր անել այդ ուղղությամբ:
-Որտեղից ահազանգեր ունեցել ենք, մենք դրանց անպայման ուշադրություն դարձրել ենք: Բայց մարդիկ, ովքեր իրենց սեփական տարածքները վաճառում են այլ նպատակներից ելնելով, դա օրենքով սահմանված կարգավիճակ է: Համապատասխան հանքարդյունաբերողները պետք է կարողանան գումարներ մուծել մեր պետական բյուջե, որպեսզի եթե իրենք էլ չեն կարողանում իրականացնել այդ գործունեությունը, ապա մենք այդ դեպքում այդ գումարները օգտագործենք եւ կարողանանք ռեկուլտիվացիայի աշխատանքներ իրականացնել:
-Մասնագետների պնդմամբ՝ Արաքսի երկայնքով ստեղծված ավազահանքերի սխալ շահագործման արդյունքում Արաքս գետի հունը խախտվում է՝ հօգուտ Թուրքիայի: Այս իրավիճակի հետ կապված ի՞նչ կասեք:
-Նախկինում եղել է նման իրավիճակ: Այսօր այն չկա եւ նրանց տարածքը չի ավելանում: Այնուամենայնիվ, կոնկրետ ավազի հետ կապված՝ բոլոր հանքարդյունաբերողներն այն վերցնում են միայն գետի միջից, ոչ թե հուներն են քանդում: Նման մտավախություն եղել է: Ուսումնասիրություններ իրականացրել ենք, բայց այսօր Ձեզ վստահեցնում եմ, որ այդ խնդիրը չկա:
-Պարոն Գրիգորյան, «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս Լոռու մարզի Շամլուխ քաղաքի բնակիչներից ահազանգ էր ստացել այն մասին, որ «Ապառաժ մայնինգ» ընկերությունը Շամլուխի գերեզմանոցից 100 մետր հեռավորության վրա պայթեցումներ է իրականացնում բաց հանքավայր շահագործելու նպատակով, ինչն օրենքով արգելված է: Ընդ որում, այդ պայթեցումներից գերեզմանաքարերը ճաքում են: Ուսումնասիրե՞լ եք այդ խնդիրը, թե ոչ:
-Բնականաբար, այն հանքավայրերը, որոնք մոտ են բնակավայրերին կամ նմանատիպ հուշարձաններին մենք արգելում ենք դրանց գործունեությունը: Ինչից հետո նրանք պարզապես չեն կարող այդ տարածքներում աշխատանքներ իրականացնել: Բացի այդ, մեր փորձաքննությունը բացասական եզրակացություն է տալիս նման հանքարդյունաբերողներին կամ նման իրավիճակ ներկայացնողներին: Եթե նման բան կա, մենք առաջիկայում կուսումնասիրենք եւ կպարզենք նրանց գործունեությունն օրինակա՞ն է, թե՞ անօրինական:
ՌԴ-Ի ԱՐԳԵԼՔԻՑ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
Ռուսաստանի Դաշնությունն օրերս արգելել է մսի, ձկնեղենի, պանիրների, կաթի եւ կաթնամթերքի, ինչպես նաեւ՝ մրգի եւ բանջարեղենի ներմուծումը Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից եւ Նորվեգիայից: Այս կապակցությամբ վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են ստեղծվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:
-Այս առումով Հայաստանի համար բավականաչափ մեծ եւ հիանալի հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ե՛ւ թարմ, ե՛ւ վերամշակված արտադրանքը կարողանանք ամբողջությամբ արտահանել: Սա եզակի ու մեծ հնարավորություն է, որից ձեռնարկատերերը պետք է ուղղակի օգտվեն:
-Եվ ի՞նչ աշխատանքներ եք տանում հիմա այդ նպատակով:
-Բոլոր այն խոշոր, հայտնի վերամշակող ձեռնարկություններն իրենք իրենց կապերն ու պայմանագրերն ունեն եւ աշխատում են: Նրանք որեւէ խնդիր չունեն արտահանման համար: Այս պահին ԳՆ-ին միայն հետաքրքրում են փոքր ձեռնարկությունների խնդիրները, որոնք ավելի փոքր ծավալներով են ապրանք արտադրում: Այս կապակցությամբ մոտ օրերս ԳՆ-ում խորհրդակցություն էր հրավիրվել, որին մասնակցեցին նաեւ փոքր եւ միջին վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչները: Արդյունքում՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց հատկապես արտահանում իրականացնող կազմակերպությունների հետ:
-Իսկ մթերող ընկերությունները հայ գյուղացիներից ի՞նչ են մասնավորապես գնում։
-Բազմաթիվ վերամշակող ձեռնարկություններ այսօր գյուղացուց ընդունում են լոլիկ, սմբուկ, պղպեղ, վարունգ եւ այլ բանջարաղեններ: Նշեմ, որ այս պահի դրությամբ մթերված բանջարեղենի ծավալները կրկնակի անգամ գերազանցում են անցյալ տարվա այս ժամանակահատվածի մակարդակը: Ամենակարեւորն այն է, որ մթերող ձեռնարկությունները անսահմանափակ պահանջ են ներկայացնում բանջարեղենի նկատմամբ:
-Վերամշակող ընկերությունները որքանո՞վ են գյուղացուց ձեռք բերում ապրանքը:
-Այս տարի զգալիորեն ավելացել են լոլիկի մթերման գները, որը մեծ պահանջարկ ունեցող մթերք է: Նախորդ տարի վերամշակող ընկերություններն այն գյուղացիներից վերցնում էին 32-33, իսկ այս տարի՝ 40դրամով: Հնարավոր է նաեւ՝ ավելի բարձր գներով կատարվի լոլիկի մթերումը: Իսկ սմբուկը մթերվում է 50-70, պղպեղը՝ 80-130 դրամով:
-Պարոն Պետրոսյան, կանխի՞կ տարբերակով են վերամշակող ընկերությունները վճարում գյուղացիներին, թե՞ ապառիկ:
-Հիմնականում վճարումները կատարվում են կամ նույն օրը կամ էլ՝ մեկ-երկու օրվա ընթացքում: Եվ այս պահի դրությամբ մենք կոնկրետ վճարումների մասով ոչ մի դժգոհություն չունենք:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀՈՒՅՍԻՆ
«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական շահերը ներկայացնող ՀՀ դեսպանների կարողությունն ու դրամական միջոցները: Այս անգամ կներկայացնենք Սիրիայում, Եգիպտոսում եւ Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանների ունեցվածքը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, բացի դրամական միջոցներից եւ տարեկան եկամուտից, ոչինչ չի նշել: Ընդգծենք, որ դեսպանն իր պաշտոնը զբաղեցնում է դեռեւս 2007թ.-ից, իսկ իր՝ 2013թ. տարեկան հայտարարագիրը ներկայացրել է այս տարվա մարտի 5-ին: Հայտարարագրից պարզ է դառնում, որ 2013թ. սկզբում նա ունեցել է 5000 դոլար, որը տարվա վերջին դարձել է վեց հազար: Իսկ մեկ տարվա ընթացքում նա ունեցել է 42,516 դոլար եկամուտ, որն էլ նրա տարեկան աշխատավարձն է:
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը եւս ոչ մի անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Փետրվարի 4-ին դեսպանի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ 2013թ. վերջին նրա դրամական միջոցներում կտրուկ անկում է գրանցվել: Այսպես. դեռ տարվա սկզբում նա ունեցել է 9 մլն 350 հազար դրամ, սակայն արդեն տարվա վերջին այդ գումարն այլեւս չի եղել: Դրա փոխարեն աճել են նրա` արտարժույթով դրամական միջոցները: 2013-ի սկզբում ունենալով 23 հազար դոլար, դեսպանը դրանք դարձրել է 27,500: Իսկ մեկ տարվա ընթացքում միայն դեսպանի աշխատավարձի շնորհիվ կարողացել է ապահովել 35,159 դոլար:
2009թ.-ից զբաղեցնելով Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը՝ Գագիկ Ղալաչյանին հաջողվել է 2013-ի ընթացքում մի փոքր մեծացնել իր կարողությունը: Ինչպես տեղեկանում ենք հայտարարագրից՝ նա տարվա սկզբում ունեցել է 6000 եվրո, որը տարվա վերջում դարձել է 10,000 եվրո, իսկ մեկ տարվա ընթացքում դեսպանը կարողացել է վաստակել 47,223 եվրո: