Արագածոտնի մարզի Օշական գյուղում ապրիլի 8-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության հեղինակները խորթ հորեղբոր որդիներ են եղել եւ վեճը տեղի է ունեցել կենցաղային խնդիրների պատճառով, ինչի արդյունքում Անդրանիկ Պողոսյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել:Այս մասին ասել է Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը: Գյուղապետից տեղեկացանք, որ վիճաբանողները խորթ հորեղբոր որդիներ են եւ վեճը տեղի է ունեցել պապենական շատ հին տան պատճառով: Այդ տունը, ըստ օրենքով հասել է այն մի հորեղբոր տղային, ինչը վեճի պատճառ է հանդիսացել: Ավելին` տուժողը ամուսնացած չէ, ինչպես նաեւ Օշականի գրանցում չունի: Նա իր մոր հետ վարձով գյուղացիներից մեկի տանն է բնակվում: Գյուղապետը նաեւ նշեց, որ ոստիկանության աշխատողները դեռեւս գտնվում են գյուղում: “Վիրավորն ասում է, որ իրեն խաբել են կենցաղային վեճի պատճառով: Բայց նախնական վարկածով ոնց, որ ոչ մեկն էլ չի խաբել, այլ ինքն է նռնակ գցել Քացախ գետի ափին ու տուժել: Ում անունը, որ տվել էր ոստիկանությունը տարավ հարցաքննության, բայց այդ մարդը ասում է` ես չեմ: Ավելին` դեպքի վայրում այսօր նռնակի հետքերը` կալցո, արյուն-բան հայտնաբերվեց: Ներկա պահին այդ ուղղությամբ են աշխատանքներ տարվում”,- պատմեց գյուղապետը: Գյուղապետը նաեւ փոխանցեց, որ հիմա պետք է արյունը տանեն փորձաքննության եւ, եթե արյունը համընկավ տուժողի արյան հետ, ուրեմն ինքը իրեն միամիտ վնասել է:
Ավելի վաղ armlir.am-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում երեկ գիշեր վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով գյուղացիներից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օշականի մեր աղբյուրների փոխանցմամբ, վիճաբանության ժամանակ հնչել են ձայներ, վարկածներ կան, որ այն ոչ թե կրակոցների ձայն է եղել, այլ նռնակ է պայթել: