“Թռչկան” քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 13:30-18:00, Երևանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպվում է բնապահպանական կոնֆերանս, որին հրավիրվում են ոլորտի մասնագետները, շահագրգիռ կազմակերպությունները և պետական մարմինները, ինչպես նաև Հայաստանի էկոլոգիական վիճակով հետաքրքրված քաղաքացիները:
“Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը և բնական միջոցների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում “օրինական” եւ ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը “հարստանում է” տարբեր աղտոտիչներով եւ այլն: Այսպես` այլևս չի կարող շարունակվել եւ անհրաժեշտ է բնապահպանության ոլորտում իրականացնել համակարգային, հիմնարար փոփոխություններ”,– նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:Կոնֆերանսի նպատակն է եւս մեկ անգամ հանրությանը ներկայացնել ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները եւ առաջարկել իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ:”Որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ առաջարկում ենք նաեւ դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձեւավորման եւ հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման եւ մեր երկրի տնտեսության բանական զարգացման համար”,- ասվում է հաղորդագրությունում: