Ո՞րն էր գյուղապետարանի աշխատակցի ինքնասպանության պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերևս դժվար է հստակ սահմանել` ինչպիսին է ինքնասպանություն գործողների հոգեվիճակն այդ քայլին գնալու պահին և դրանից առաջ: Իսկ ինքնասպանությունների պատճառները հիմնականում նույնն են լինում` խոշոր պարտքեր, մերժված սեր, դավաճանություն …

Երևի թե այդ քայլին գնացողներից քչերն են մտածում` արդոք կհիշե՞ն նրանց մահից հետո և հիշելու դեպքում ինչպիսի՞ն կհիշեն:

Փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում անգամ ինքնասպան եղածի հարազատներն են մոռացության մատնում իրեն և այդ չարաբաստիկ օրը, իսկ հանրությունն այդ մասին խոսում է առավելագույնը մեկ օր:

Մնում են իրար ընկերակցող անդառնալի կորուստն ու արագ սպիացող վիշտը:

Ասածիս վառ օրինակն է նախորդ տարվա օգոստոսի 17-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում կատարված ողբերգությունը. գյուղապետարանի 57-ամյա աշխատակիցը` Կարո Ակոպովը, այդպես էլ անհասկանալի մնացած պատճառներից դրդված որոշել էր վերջ տալ ոմանց համար նախանձելի իր կյանքին:

Չարաբաստիկ օրվանից անցել է մեկ տարի, սակայն այդպես էլ պարզել չի հաջողվել` որն է եղել այդ քայլին գնալու պատճառը կամ ով է եղել մեղավորը:

Armlur.am-ի հետ զրույցում Ամասիայի համայնքապետ Աղասի Ամիրյանը, լսելով մեր հարցը, թե ի՞նչ պարզվեց դեպքից հետո, առաջին պահին զարմացավ՝ ասելով, թե. «Թող Աստված ինձ ների, բայց տպավորություն է, որ անգամ հարազատներն են մոռացել դեպքի մասին, իսկ դուք դեռ հիշում եք… Ոչ մեկին այդպես էլ որևէ բան պարզել չհաջողվեց»:

Գյուղապետը հայտնեց, որ ինքնասպան լինելուց առաջ Ակոպովը երկտող էր թողել, որում գրել էր. «Ես գնում եմ, դուք մնում եք. թոռնիկիս կհամբուրեք»:

Այս օրինակը, ինչպես և ինքնասպանությունների մի քանի օրինակներ, առանձնանում է նրանով, որ ինքնասպան եղողը իր վարքի մեջ որևէ տարօրինակ կողմերով չէր առանձնանում, անձնական կյանքում խնդիրներ չուներ, սոցիալապես ապահովված էր, սակայն…. իր կամքով` էլ չկա …

Եվ ընդամենը վերջերս`օգոստոսի 3-ին, «Հաղթանակ» կամրջից նետվելով` ինքնասպան էր եղել «Արարատբանկ»-ի Ամիրյան փողոցում գտնվող մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 58-ամյա Միքայել Քերոբյանը: Նրա հարազատների շրջանում խոսակցություններ կան, որ Միքայելի այս քայլը, միգուցե, կապված է սիրուհու հետ: 

Կյանքին սեփական կամքով վերջ տալու դեպքերը հանրապետությունում շատ են, իսկ առավել շատ` չբացահայտվածները: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ որպես կանոն` որևէ մեկը դրա համար պատասխան չի տալիս, թեպետ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի չափանիշների համաձայն` ինքնասպանության հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Սովորաբար լինում են նաև դեպքեր, երբ որևէ մեկն այդ մեղադրանքով կալանավորվում է, սակայն հանցանքի բացակայության պատճառաբանությամբ` շատ չանցած ազատ է արձակվում:

Ինչևէ, մահացածը նախընտրում է այդ կերպ արտահայտել իր բողոքը կամ կսկիծը. իսկ թե ինչ է փոխում մարդու մահը միջավայրում, դժվար չէ ենթադրել. հարազատները որոշ ժամանակ սգում են, շրջապատում նրան թուլամորթ են անվանում, իսկ պատճառների և հետևանքների ուղղությամբ քչերն են մտածում:

Տաթև Հարությունյան




Լրահոս