ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿՈՂՔԻ ԶԲԱՂՄՈՒՆՔ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի (նկարում՝ ձախից) եկամուտները բավական ուշագրավ օրինաչափությամբ են ավելանում՝ տարեկան 10 հազար ԱՄՆ դոլարով: Թեեւ դեսպանը ստանում է տարեկան 3 հազար 617 դոլար աշխատավարձ, այնուամենայնիվ, 2011թ. սկզբին նրա ունեցած 25 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջին դարձել է 35 հազար: Իսկ ահա 2012թ. վերջին նրա խնայողություններն ավելացել են` դառնալով 45 հազար ԱՄՆ դոլար: Ուշագրավ զուգադիպությամբ, դեսպանի կինը՝ Անահիտ Աղումյանը, ամուսնուց հարուստ է մի քանի անգամ: Նրա դրամական միջոցները 100 հազար ԱՄՆ դոլարից 2012թ. տարեվերջին դարձել են 150 հազար դոլար: Նշենք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է, պարզապես նրանց ազգանուններն են տարբեր:

 
ՀՀ նախագահի նստավայրն այս տարի պատրաստվում է բավական լուրջ գումարներ ծախսել Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պահպանման, վերանորոգման ու շահագործման համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի համաձայն՝ 2014թ. նախագահականը ծրագրել է ինքնաթիռի շահագործման ծառայությունների համար ծախսել 410 մլն դրամ կամ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ՝ 395 մլն դրամ կամ 970 հազար դոլար էլ նախագահականը պատրաստվում է ծախսել այդ ինքնաթիռի վերանորոգման ու պահպանման ծառայությունների համար: Եվ այս ամենը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ասել է թե` հարկատուներիս գրպանից:

 
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ: Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-դեկտեմբերին» վերնագրով զեկույցի համաձայն՝ 2013թ. ՀՀ-ից հեռացել է 1 մլն 494 հազար 86 եւ վերադարձել 1 մլն 452 հազար 85 ՀՀ քաղաքացի: Երբ տվյալները դիտարկում ենք ըստ սահմանային անցակետերի, վերջին տարիներին մարդիկ հեռանում են հիմնականում Բագրատաշենի կամ Բավրայի անցակետերով` ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով, քանի որ այդպես էժան է եւ հարմար` ընտանիքներով այլ երկրներ տեղափոխվելու համար: 2013թ. Բագրատաշենի անցակետով արտագաղթել է 39 հազար 726 ՀՀ քաղաքացի, 2012թ. այդ թիվը կազմել էր 21 հազար 144: Կտրուկ ավելացել է նաեւ Բավրայի անցակետով հեռացածների թիվը. 2012թ. 8 հազար 288 ՀՀ քաղաքացու փոխարեն նախորդ տարի մեկնել ու չի վերադարձել 13 հազար հոգի:

 
Էպոսագետ Վարդան Սեդրակյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում: Նրա անունից բանտից նամակ է ուղարկվել 1in.am-ին այն մասին, որ «ավիացիայի նախկին պետ Ալիկ Աբրահամյանը եւ նրա որդին՝ «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանն են ֆինանսավորել» իր նախընտրական քարոզարշավը, իսկ հետո փոշմանել, սպառնացել, թե հե՛տ տվեք գումարները: Աբրահամյանը, իհարկե, զառանցանք է համարել այդ նամակը՝ ասելով, թե չի ճանաչում Սեդրակյանին: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում էպոսագետի կինը` Ռուզաննան, վստահեցրեց, որ Աբրահամյաններն իրականում սպառնացել են իր ընտանիքին, ինչի համար ինքը դիմել է ոստիկանություն եւ ԱԱԾ. «Մենք ընտանիքով ներկա ենք եղել անգամ Աբրահամյանի որդու հարսանիքին: Ինչ կա նամակում, իրականություն է: Բոլորը գիտեն, որ նա էր ֆինանսավորում Վարդանին, եւ անձամբ է ինձ ասել, թե մինչեւ Սերժ Սարգսյանը կապեր ունի: Բայց հետո ինձանից էլ 1,5 մլն ԱՄՆ դոլար գումար էր պահանջում»:

 

 

 
ԻՄԱՍՏԸ Ո՞ՐՆ Է

Երեկ Չեխիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունում մեկնարկած հայ- չեխական գործարար համաժողովին մասնակցող Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծել գործարարության համար: Որպես այդպիսիք` նա մատնանշել է նախ` սեպտեմբերի 3-ի որոշումը Մաքսային միությանն անդամակցելու մասին, ապա՝ դեկտեմբերին ԵԽ կողմից Հայաստանի համար արտոնյալ առեւտրային ռեժիմի վերահաստատումը: «Այսինքն` մենք կարող ենք լինել կապող կամուրջ` ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի եւ ֆինանսների` Մաքսային միության հետ, մյուս կողմից ունենալով առեւտրի արտոնյալ պայմաններ Եվրամիության անդամ երկրների հետ»,-նշել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ Մաքսային միություն` նշանակում է միացում 200 միլիոնանոց շուկային, դեպի որն ամենադյուրին ճանապարհը հենց Հայաստանի միջով է անցնում:
Սերժ Սարգսյանի առաջարկը բավականին հետաքրքիր, անգամ գայթակղիչ կարող էր համարվել, եթե միայն դա հնարավոր լիներ: Մինչդեռ ինչպես դրանից ընդամենը մեկ օր առաջ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Եվրամիության հետ առեւտրային բանակցությունները հետայսու Հայաստանի փոխարեն կվարի Մաքսային միությունը: «Գիտեք, այստեղ մի նրբություն կա. Մաքսային միության անդամ դանալուց հետո առեւտրային ռեժիմին առնչվող շատ հարցեր Եվրամիության հետ բանակցվում են արդեն որպես Մաքսային միություն, ոչ որպես առանձին երկրներ»,-մանրամասնեց փոխնախարարը:
Չեխիան, ինչպես հայտնի է, Եվրամիության անդամ է, Հայաստանն էլ, ըստ ամենայնի, Մաքսային միության անդամ կդառնա այս տարվա հունիսին: Հետեւաբար, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ արվող հայտարարությունների իմաստը փոքր-ինչ անհասկանալի է: Ավելին, դրանք պարզապես ժամանակավրեպ են` հաշվի առնելով այն անցումային փուլը, որում ներկայումս գտնվում է մեր երկիրը:
Այսօր անգամ ՀՀ կառավարությունում որեւէ մեկը հստակ չգիտի, թե ինչպիսի տնտեսական ընթացակարգեր են գործելու Հայաստանի համար, ինչպիսի մաքսատուրքեր են կիրառվելու, եւ, առհասարակ, ինչ սկզբունքների վրա է ձեւավորվելու միասնական տնտեսական տարածքը: Այս ամենի հետ կապված ցանկացած հարցի ՀՀ իշխանությունների կողմից տրվող միակ պատասխանը հետեւյալն է. «Այդ խնդիրների շուրջ ընթանում են բանակցություններ»: Հետեւաբար, եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու կոչերից առաջ, թերեւս, լավ կլինի հստակեցնել այդ ամբողջ անորոշությունը` հետագայում անհեթեթ վիճակում չհայտնվելու համար:




Լրահոս