ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՅԼԸ ՁԻՈՒՑ ԱՌԱՋ Է ԴՐԵԼ
«Վիկիլիքս»-ի հրապարակած հերթական փաստաթուղթը պատմում է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի՝ 2010թ. փետրվարի 10-ի հանդիպման մասին: Փաստաթուղթը հեղինակել է հենց դեսպանը:
Զրույցի ընթացքում Օսկանյանն առաջարկել է, որ Թուրքիան՝ որպես ավագ գործընկեր, միակողմանի քայլ կատարի ու վերականգնի արձանագրությունների շուրջ բանակցությունները: Հիշեցնենք, որ այդ շրջանում արձանագրությունների վավերացման գործընթացը արդեն իսկ մտել էր փակուղի: Վ. Օսկանյանը կոչ է արել, որ կողմերը բանակցեն ոչ թե լրատվամիջոցների կամ էլ երրորդ կողմի միջնորդությամբ, այլ ուղղակիորեն՝ դեմ առ դեմ: Օսկանյանի համոզմամբ՝ «արձանագրությունների շուրջ ծագած դիսկուսիան կանխում է ԼՂ հարցում որեւէ առաջխաղացում եւ նույնիսկ ռիսկի է ենթարկում դրա հավանական հանգուցալուծման հնարավորությունը»: Սակայն, ըստ նախկին ԱԳ նախարարի, շատ բան է կախված նրանից, թե «ինչպես կվարվի Հայաստանի կառավարությունը՝ թույլ կտա, որ գործընթացը տապալվի, թե տեր կկանգնի դրան ու նոր ջանքեր կգործադրի պրոցեսը վերականգնելու համար»:
Ապա Օսկանյանն արտահայտել է իր վստահությունն առ այն, որ թուրքական կառավարությունը նորանոր պահանջներ է դնելու, ինչը բարդացնելու է բանակցությունների ընթացքը: Նախկին նախարարի համոզմամբ՝ «խիստ մտահոգիչ է հատկապես Հայաստանի իշխանությունների վարքը, ովքեր հավանաբար պարզապես կդադարեն զբաղվել այդ գործընթացով»: ԱԳ նախկին նախարարը պնդել է, որ իր «Սիվիլիթաս»-ի թուրքական աղբյուրները հայտնում են, թե արձանագրությունները չեն վավերացվելու, քանի դեռ Հայաստանը զիջումների չի գնացել Ղարաբաղյան հարցում, մասնավորապես «օկուպացված 1-2 շրջանները Ադրբեջանին չի վերադարձրել»: Օսկանյանն արձանագրել է, որ ստեղծված իրադրությունը Հայաստանի համար անբարենպաստ է:
Այնուհետեւ Օսկանյանը սկսել է քննադատել Սերժ Սարգսյանին՝ տարակուսելով, թե ինչպես է նա մոտեցել ու ղեկավարել այդ ողջ գործընթացը: Նրա կարծիքով՝ «Սարգսյանը սայլը դրել է ձիուց առաջ»: Նախկին նախարարի համար զարմանալի է, թե ինչու է Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ գործընթացը սկսել հրապարակայնորեն եւ «որքան անպատրաստ է եղել հասարակական դժկամ ռեակցիային: Նախքան Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը՝ կառավարությունը ԼՂ հակամարտության լուծման փաստաթուղթ ունի, այն է՝ Մադրիդյան սկզբունքները, որոնք խոստումնալից են երկու կողմերի համար: Սարգսյանը պետք է ընդլայներ իր քաղաքական կապիտալը Հայաստանի քաղաքացիների ու սփյուռքի շրջանում՝ հակելու նրանց այն բանին, որ ԼՂ որոշ տարածքներ պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Լեռնային Ղարաբաղի անփոփոխ կարգավիճակից հետո նա կարող էր անցնել արդեն Թուրքիայի հետ հիմնախնդիրներին»: Օսկանյանը պնդել է, որ սա է եղել իր՝ ԱԳ նախարար եղած տարիների ծրագիրը՝ սկզբում հասնել ԼՂ հարցի լուծմանը, ապա անցնել Թուրքիային: ԱՄՆ դեսպանն իր մեկնաբանության մեջ նկատում է, որ սա լոկ ծրագիր էր, քանզի ո՛չ Օսկանյանը, ո՛չ էլ Քոչարյանը չեն ընդլայնել իրենց քաղաքական կապիտալն այդ փոխզիջումներին հասնելու համար: Դեսպանը վստահեցնում է, որ այդ երկու գործիչներն էլ հայ հանրության հետ երբեւէ չեն քննարկել ԼՂ բանակցությունները՝ նախընտրելով դրանք թաքցնելու տարբերակը:
Նկատենք, սակայն, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Վարդան Օսկանյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը, գերակտիվ դերակատարություն էր ունեցել մարտի 1-ին տեղի ունեցածը արդարացնելու, քաղաքական բանտարկյալների ազատազրկման, Քոչարյանի ապօրինությունների մեղմման ու հայ հասարակությանը եւ միջազգային հանրությանը ապակողմնորոշելու գործում: Այս գործիչը եւ իր անմիջական ղեկավարը Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին ԼՂ-ն զիջելու եւ թուրքերի հետ քիրվայություն անելու մեջ, մինչդեռ դեպքերից երկու տարի անց ունեցած անձնական-դիվանագիտական զրույցում պարզվում է, որ դա եղել է հենց իրե՛նց ծրագիրը: Ի վերջո, մի՞թե Օսկանյանը կքննադատեր Սերժ Սարգսյանին, եթե 2008-ին ազատված չլիներ նախարարի պաշտոնից: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը որեւէ արտառոց յուրահատկությամբ չի տարբերվում Քոչարյանի վարած քաղաքականությունից: Ինչպես այն ժամանակ էին օտարերկրյա դիվանագետները Հայաստանը համարում «կոռումպացված, ֆորպոստ ու անվստահելի», այնպես էլ հիմա: Թե՞ պարոն Օսկանյանի կարծիքով՝ Ստամբուլում (պետական մակարդակով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը) եւ «Մեղրիի տարբերակ» կոչվածում Քոչարյանի ունեցած քաղաքական «ձեռքբերումները» տարբերվում են Սերժ Սարգսյանի Ժնեւյան (Ցեղասպանությունը քննող հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծում) ու Մայնդորֆյան (Ադրբեջանի հետ ԼՂ խնդրի կարգավորման առանցքային փաստաթղթի ստորագրում առանց ԼՂՀ ներկայացուցիչների) արկածախնդրություններից: Ի վերջո, պակաս կարեւոր չէ եւ այն, որ Քոչարյանի օրոք եւ Օսկանյանի անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղը դուրս նետվեց բանակցային գործընթացից, ինչի դառը պտուղները Հայաստանը եւ ԼՂՀ-ն շարունակում են քաղել մինչ օրս:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԿՈՒԼ ՄԻ՛ ՏՎԵՔ «ՀԱՐԿԱՅԻՆԻ» ԽԱՅԾԸ
Երեկ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Գեւորգ Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ բազմաթիվ աշխատողներ գրավոր դիմել են իրենց գործատուներին՝ պահանջով կուտակային ֆոնդի գումարը չպահել: Մինչդեռ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաշվապահներից պահանջում է հաշվետվություններում ներկայացնել կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:
Նշենք, որ դպրոցներում եւ մանկապարտեզներում նույնպես աշխատողներին ստիպում են կենսաթոշակային ֆոնդ ընտրել: Այս հարցով պետական հիմնարկությունների աշխատակիցների ճյուղային արհմիությունը դիմել է կրթության եւ գիտության աշխատողների արհմիության նախագահին` պարզելու, թե որ դպրոցներում են ճնշումներ գործադրվել աշխատողների նկատմամբ:
Ավելի ուշ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ միջնորդություն է ներկայացրել ՍԴ` կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ եւ 38-րդ հոդվածների գործողությունները մինչեւ դատաքննության ավարտը կասեցնելու վերաբերյալ. «Նկատի առնելով 2014 թվականին նշանակված դատաքննության անաչառ ընթացքն ապահովելու անհրաժեշտությունն ու ՍԴ աշխատակարգային որոշման էությունը, տարակերպ մեկնաբանություններից, գործելակերպից եւ հնարավոր անդառնալի (չվերականգնվող) ֆինանսական կորուստների ռիսկից խուսափելու նպատակով խնդրում եմ եւս մեկ անգամ անդրադառնալ դիմումի ապահովման միջոցի կիրառմանը եւ մինչեւ դատաքննության ավարտը կասեցնել նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ եւ 38-րդ հոդվածների գործողությունները»:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 եւ 86 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի՝ մինչեւ գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաեւ հարկային գործակալները) ընդհուպ մինչեւ դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:
Եվ սա հաշվի առնելով՝ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմում է բոլոր գործարարներին. «Հորդորում ենք, հիմք ընդունել ՀՀ ՍԴ սույն աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել Ձեր աշխատակիցների աշխատավարձերից որեւիցե պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով»:
Ս. Հ.
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում բնակվող, ազգությամբ քուրդ ազատամարտիկ Ասադ Յուսուբովի ընտանիքին տնից վտարում են:
1966թ. ծնված Ա. Յուսուբովը ծնվել է մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում, ունի Դիտավան գյուղի գրանցում: 2001թ.-ից նրա ընտանիքը բնակվում է «Ընդերքաբան» ԲԲԸ-ին պատկանող, Գետահովտում գտնվող երկրաբանական բազայի հանրակացարանում: Յուսուբովը բնակարան հատկացնելու խնդրանքով բազմիցս դիմել է Տավուշի մարզպետարան, ՀՀ նախագահին: 2005թ. մայիսի 13-ին, ի պատասխան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին ուղղված Յուսուբովի նամակի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետա Դավթյանը գրել է. «Մեկ այլ բնակարանով ապահովելու Ձեր խնդրանքը առայժմ բավարարել չենք կարող: Դիմումը վերցված է հաշվառման, եւ հետագայում, հնարավորություն լինելու դեպքում, Ձեր նկատմամբ կցուցաբերվի աջակցություն: Միաժամանակ տեղյակ ենք պահում, որ մարզպետարանը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ»: Անցել է 9 տարի, սակայն այդպես էլ քուրդ ազատամարտիկի բնակարանի խնդիրը չի լուծվել: Իսկ արդեն 2012թ. ՀՀ կառավարության՝ մայիսի 17-ի թիվ 672-Ն որոշմամբ Գետահովիտ համայնքի տարածքում գտնվող երկրաբանական բազայի հանրակացարանային մասնաշենքն օտարվել է ՀՀ ոստիկանությանը: Յուսուբովը մեզ ասաց, որ այդ շենքում գործելու է Իջեւանի գրանցման քննական բաժանմունքը (ԾՀժձ):
Ասադ Յուսուբովը մասնակցել է ազատամարտին, Իջեւանի շրջանի պաշտպանությանը: 1997թ. մարտական դիրքերում կարիճն Ասադին կծել է, ինչի արդյունքում նա 3 տարի հաշմանդամության թոշակ է ստացել: Ներկայումս Յուսուբովը պայմանագրային զինծառայող է, կոչումով՝ սերժանտ, պաշտպանում է Իջեւանի շրջանի սահմանները: Նրան կնոջ, 22 եւ 18 տարեկան աղջիկների հետ միասին վտարում են հանրակացարանում զբաղեցրած տարածքից: Ասադը հուսահատ վիճակում կրկին դիմել է Տավուշի մարզպետարան, որտեղ որոշվել է Գետահովտում՝ պայմանագրային զինծառայողների գումարտակի շենքի մի հատվածում, բնակության համար փոքրիշատե հարմար պայմաններ ստեղծել, որպեսզի Յուսուբովի ընտանիքը ձմռան կեսին փողոցում չմնա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ