ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Երեւանի բազմաբնակարան շենքերի մաշված վերելակային տնտեսության արդիականացման խնդիրը շարունակում է մնալ ամենահրատապներից մեկը: Ու թեեւ անցած երկու տարիներին հին վերելակների գործարկման հետ կապված արտակարգ պատահարների թիվը նվազել է, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ ֆիզիկապես եւ բարոյապես մաշված վերելակներից օգտվող մեր քաղաքացիները ապահովագրված են դժբախտ պատահարներից:

Տեխնիկական ազգային անվտանգության կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ցանկացած արտադրական վտանգավոր օբյեկտ, այդ թվում նաեւ վերելակները, տարին մեկ անգամ պարտադիր կերպով անցնում են տեխնիկական անվտանգության փորձաքննություն:
«Բնակելի շենքերի վերելակները պատկանում են համատիրություններին: Վերջիններս, նաեւ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործողները, պարտավոր են ունենալ եւ ունեն ծառայություններ, որոնք ամեն օր, շաբաթը մեկ անգամ, տասնհինգ օրը կամ ամիսը մեկ՝ զննումներ իրականացնեն: Բացի այս՝ մենք նույնպես տարվա մեջ մեկ անգամ զննում ենք: Մեքենայի օրինակով բացատրեմ. մեքենաները տարին մեկ անգամ ենթարկվում են տեխնիկական զննման, բայց եթե վարորդն ընթացքում ինչ-որ անսարքություն նկատի, ապա անպայման կտանի, չէ՞, վերանորոգման: Այս դեպքում օբյեկտի սեփականատերերն իրենք են: Ամեն դեպքում, տեխնիկական սպասարկման մակարդակը պետք է բարձր լինի»,-ներկայացրեց փորձագետը:
Նրա խոսքով՝ վերելակի տեխնիկական վիճակի բարելավումը շահագործողի պարտականությունների մեջ է մտնում, ինչն օրենքով ամրագրված է: Բազմաբնակարան շենքերի դեպքում շահագործողը համարվում է համատիրությունը. «Մենք գնացինք, այդ պահին զննեցինք, հայտնաբերեցինք թերություններ, կազմեցինք միջոցառումների ծրագիր, տվեցինք դրական կամ բացասական եզրակացություն, բայց, անկախ այս ամենից, միեւնույն է, ամբողջ տարին վերելակի տեխնիկական վիճակի բարելավումը շահագործողի պարտականությունների մեջ է մտնում: Դա սեւով սպիտակի վրա գրված է, իսկ օրենքն էլ կոչվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենք»:
Իսկ եթե վերելակի տեխանվտանգության բացասական եզրակացություն ստանալուց հետո շարունակվում է վերելակի շահագործումը, ապա տվյալ կազմակերպությունը տուգանվում է 1 մլն դրամի չափով: Սակայն մինչ օրս դեռ ոչ մի անձ կամ կազմակերպություն չի տուգանվել կամ պատժի չի ենթարկվել: Անգամ եթե վերելակի տեխնիկական վատ վիճակի պատճառով մահացության դեպք է գրանցվել: Ի դեպ, անցյալ տարի նման 2 դեպք գրանցվեց. փետրվարի 3-ին «Անուշ» գործարանի վերելակի հորանում մարդ էր ընկել, իսկ օգոստոսի 29-ին Երեւանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակի հորանում հայտնաբերվել էր քաղաքացու դի:
Մեր զրուցակցի խոսքով՝ կենտրոնի մասնագետների կողմից հայտնաբերված թերությունները տարբեր բնույթի են: Եվ եթե այդ թերությունները չեն վերացվում, ապա օբյեկտը միանշանակ ստանում է բացասական եզրակացություն: Այս դեպքում արդեն շահագործողը պետք է դադարեցնի վերելակի կիրառությունը:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք խորհրդային տարիներին կառուցված շենքերի վերելակները վտանգավոր են, թե ոչ, փորձագետը պատասխանեց. «Եթե վտանգավոր լինեն, ես հաստատ ոչ մի վերելակի համար դրական եզրակացություն չեմ տրամադրի: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ ռիսկայնության հետ է դա կապված: Բայց բազմաթիվ հարցեր, խնդիրներ կապված են նաեւ շահագործողի՝ հենց այդ պահին խցիկում հայտնվածի հետ»:
Նա տեղեկացրեց նաեւ, որ այս պահին եւս ընթացքում է վերելակային տնտեսության տեխզննման գործընթացը. «Վերելակներ կան, որոնք անցյալ տարի փորձաքննություն են անցել, եւ ընթացքում ոչ մի թերություն չի հայտնաբերվել, բայց այս տարի թերություններ են ի հայտ եկել: Եվ հակառակը: Ամեն դեպքում, մենք գիտենք, որ գործ ունենք 24 ժամ շահագործվող օբյեկտի հետ»:
Նշենք, որ մայրաքաղաքի բնակելի տներում գրանցված է 4348 վերելակ, որից 1864-ը` վարչական շենքերում: Ի դեպ, մեկ վերելակի փորձաքննության արժեքը 2930 դրամ է: 2013-ին Երեւանի բնակելի շենքերի տեխզննում անցած 35 վերելակների վիճակը գնահատվել է անբավարար, իսկ դրական եզրակացություն է ստացել ընդամենը 1034 վերելակ: Մասնագետների խոսքով՝ մեկ նոր վերելակն արժե միջինը 30 հազար ԱՄՆ դոլար: Մայրաքաղաքի վերելակային տնտեսության հաշվեկշռում գրանցված 4294 վերելակների տարիքը 35 եւ ավելի է, այն դեպքում, երբ դրանց շահագործման ժամկետը 25 տարի է:Հավելենք, որ Երեւանի քաղաքապետարանի արտաբյուջետային միջոցներով 2010թ. Երեւանի բարձրահարկ բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգման եւ վերականգնման համար ծախսվել է 97.3 մլն դրամ, իսկ 2011-ին նախատեսված է եղել մոտ 89 մլն դրամ, որից՝ բազմաբնակարան շենքերի վերելակների կապիտալ բնույթի աշխատանքների համար՝ 83 մլն դրամ, ընթացիկ նորոգման համար՝ 6 մլն դրամ: Իսկ ահա 2012-ին ՀՀ կառավարությունը միջոցներ չի նախատեսել վերելակային տնտեսության վերանորոգման եւ վերականգնման համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՀԻՎԱՆԴՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Լոռու մարզում սրտանոթային հիվանդությունների սրացումներն ու դրա հետեւանքով վերջին մեկ ամսվա ընթացքում մահացությունների աճը մտահոգիչ է: Տոնական տասնօրյակում մահացել է տասը, իսկ վերջին տասնհինգ օրվա ընթացքում` վեց մարդ:
Վանաձորի բ/կ-ի երկրորդ մասնաշենքը, որը սպասարկում է սրտանոթային հիվանդներին, նախատեսված է վաթսուն հոգու համար, սակայն այստեղ ստացիոնար բուժում է ստանում մոտ հարյուր մարդ: Վերջին մեկ ամսվա ընթացքում քառասուն տոկոսով ավելացել է հիվանդների թիվը, ինչի արդյունքում հիվանդանոցում ստիպված են լինում աշխատել հատուկ ռեժիմով: Եթե նախկինում մեկ բուժքրոջը հասնում էր տասը հիվանդ, ապա հիմա նա ստիպված է լինում հետեւել քսան մարդու: Սա էլ իր հերթին դժվարություններ է առաջացնում:
«Հազիվ հասցնում ենք սպասարկել, աշխատում ենք՝ դեղորայքի պրոբլեմներ չլինեն, որ մաքսիմալ ապահովենք հիվանդներին, բայց, այսպես ասած, շատ դժվարությամբ: Խնդիր է նաեւ հիվանդին տեղավորելու հարցը: Լինում են օրեր, որ հիվանդները սպասում են՝ մյուսները դուրս գրվեն, որ նրանց տեղը իրենք զբաղեցնեն»,-հիվանդանոցում առկա դժվարությունների մասին է պատմում Վանաձորի բ/կ-ի երկրորդ մասնաշենքի փոխտնօրեն Պարգեւ Թորոսյանը՝ հավելելով, որ իրենց հիվանդանոցը մարզում միակն է, որն ունի սրտաբանական, նյարդաբանական ծառայություններ, այդ պատճառով էլ մարզի տարբեր քաղաքներից ու գյուղական համայնքներից գալիս են Վանաձորի բ/կ: Հիվանդանոցում, սակայն, ստիպված են հորդորել, որ ստացիոնար բուժման դիմեն միայն ծանր հիվանդները: Սրտաբան Կարեն Պողոսյանը սրտային հիվանդությունների սրացումները կապում է եղանակի հետ: Նրա խորհուրդն է հիվանդներին` խիստ ցրտերին դուրս չգալ եւ աշխատել ժամանակին ստանալ իրենց բուժումները:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 

 
ՍԿՍԵՑԻՆ

Երեկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները լայն թափով սկսել էին մայրաքաղաքը ազատել տոնական հանդերձանքից: Եղանակային ցուրց պայմանների պատճառաբանությամբ շուրջ մեկ ամիս շռայլորեն լուսավորված մայրաքաղաքը վերջապես այս ամսվանից կանցնի առավել խնայողական ռեժիմի, եթե իհարկե, հասցնեն մայրաքաղաքի ողջ շողշողուն լույսերն ու տարաբնույթ լուսավոր կենդանիներին հավաքել փողոցներից:
Զվարճալին այս լուսանկարի մեջ, թերեւս, մեքենան է, որը հավանաբար յուղ է վաճառում: Ասել է թե՝ քաղաքապետարանին ծառայող ավտոմեքենաները «պարապ ժամանակ» այլ գործ են անում:

 

 

 

 

 
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

ՄԵՐՈՆՔ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ

Ցյուրիխում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի դասական խաղի մրցաշարի առաջին տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հնդիկ Վիշվանաթան Անանդին։ Աշխարհի նախկին չեմպիոնն իր պարտությունն ընդունեց 73-րդ քայլում։ Իսկ աշխարհի նորընծա չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, ամերիկացի Հիկարու Նակամուրան էլ միավորը կիսեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Կարլսենի, Անանդը՝ Նակամուրայի, իսկ Կարուանան՝ Գելֆանդի հետ։ Հիշեցնենք, որ կայծակնային խաղի (բլից) մրցաշարում Արոնյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Կարլսենին։
Իսկ ահա մեր շախմատի ազգային հավաքականի մեկ այլ անդամ՝ Սերգեյ Մովսեսյանը, երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Ջիբրալթարի Օփենում: Անգլիացի գրոսմայստեր Գորդոն Ստեֆենի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ հայ գրոսմայստերը խոշոր մրցաշարի առաջատարների թվում է: 3-ական միավոր են վաստակել նաեւ Մ. Վաշիե-Լագրավը, Ռ. Էդուարը (երկուսն էլ՝ Ֆրանսիա), Պ. Հարիկրիշնան (Հնդկաստան), Դ. Նավարան (Չեխիա), Մ. Ռոդշտեյնը (Իսրայել), Լի Չաոն (Չինաստան), Ս. Մարեկոն (Արգենտինա), Դ. Դվիրնիյը (Իտալիա), Տ. Հենրիխսը (Գերմանիա): Երեկ Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր։

 

ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆԸ

Օրերս Լոս Անջելեսում տեղի է ունեցել Կալիֆորնիայի բազկամարտի առաջնությունը, որին մասնակցել են նաեւ հարեւան նահանգների շուրջ 150 մարզիկներ: Նրանց թվում էր նաեւ այժմ Լոս Անջելեսում բնակվող Վազգեն Սողոյանը, որը բազկամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն է: Թեեւ Վազգենի քաշը չի գերազանցում 70 կգ-ն, սակայն նա հանդես է եկել 75 կգ քաշայինների պայքարում եւ մեծ առավելությամբ հաղթել իր բոլոր մրցակիցներին աջ ձեռքով պայքարում: Նրա «մարտական» ձեռքն աջն է, բայց մեծ փորձի ու վարպետության շնորհիվ հայ մարզիկը ձախ ձեռքով եւս հաղթել է բոլոր մրցակիցներին եւ նվաճել չեմպիոնի կոչումը: Սա Սողոյանի այս տարվա առաջին ելույթն էր: Այժմ նա պատրաստվելու է մարտին Օհայո նահանգում կայանալիք Arnold Classic Armwrestling հեղինակավոր մրցաշարին:

 

ԿՄԵԿՆԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության միանձնյա առաջատար Երեւանի «Արարատ»-ը, որը վերադարձել է Կիպրոսում անցկացրած 10-օրյա ուսումնամարզական հավաքից, կմասնակցի «Albena Cup-2014» մրցաշարին։ Հիշեցնենք, որ այն կկայանա փետրվարի 3-ից 12-ը Բուլղարիայում։ 8 թիմեր բաժանվել են 2 խմբերի: «Արարատ»-ի հետ նույն խմբում են բուլղարական «Սպարտակ» (Վառնա), «Ռակովսկի» եւ ռումինական ԿՍՄՍ (Յասի) ակումբները: Փետրվարի 3-ին «Արարատ»-ը կխաղա «Սպարտակ»-ի, 5-ին` ԿՍՄՍ-ի, իսկ 7-ին` «Ռակովսկի»-ի հետ:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս