«ԴԱԴԱՐՆ ԷԼ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է»
Անցյալ տարի «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց հետո «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը համերգներով հանդես չի գալիս եւ, ընդհանրապես, վերջին շրջանում քիչ է երեւում նաեւ հեռուստաէկրաններին։ «Ժողովուրդ»-ը երգչի հետ զրույցում փորձեց պարզել, թե որն է դրա պատճառը. գուցե ամուսնությո՞ւնը։ Երգիչը նշեց, որ ամուսնությունն այդ հարցում որեւէ դեր չունի:
-Դադարն էլ մի յուրահատուկ գործընթաց է։ Պարզապես երբեմն հարկավոր է ընդմիջում վերցնել, վերլուծել արածն ու անելիքը եւ նոր խոսքով ներկայանալ երաժշտասերին։ Իմ լռությունը թվացյալ է: Այս շրջանում աշխատել եմ, պարզապես դա տեսանելի չի եղել լսարանի համար։ Օրերս նոր երգ ներկայացրի, որը կոչվում է «Out of Control» («Վերահսկողությունից դուրս»), երաժշտությունը գրել եմ դեռեւս 2010 թվականին, բայց լույս աշխարհ եկավ հիմա. ցանկացել եմ էքսպերիմենտ անել։ Որոշեցի մի նախագիծ անել, որպեսզի բոլոր գործիքներն ինքս նվագեմ, եւ այս երգը ցանկությանս համապատասխանում էր: Ստուդիայում նվագեցի բոլոր գործիքները, տեսահոլովակն էլ աշխատանքային է: Երգի խոսքերը գրել է Վարդան Զադոյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է: Արխիվում էլի շատ գործեր ունեմ, որոնք ապագայում կյանքի կկոչվեն:
-Իսկ ի՞նչ կասեք «Եվրատեսիլ»-ի մասին։ Հետահայաց՝ ի՞նչը կկարեւորեիք:
-«Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի է. չես կարող ասել, թե ինչպիսի տեղ կզբաղեցնես։ Համենայնդեպս, դա ավելի շատ պրոդյուսերական աշխատանք է, երբ կազմակերպչական հարցերն են կարեւորվում։ Կոնկրետ «Դորիանս»-ի ու, իհարկե, նաեւ ինձ համար կարեւորն այն է, որ համագործակցեցինք լեգենդար երաժշտի՝ հանրահայտ «Black Sabbath» ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմիի հետ: Ինչ վերաբերում է տեղ զբաղեցնելուն, ապա դա արդեն երկրորդական է. չմոռանանք, որ այդ ամենին խառնվում է նաեւ քաղաքականությունը։
-Այս տարի «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին ի՞նչ խորհուրդ կտաք։
-Արամը բավականին կայացած երգիչ է, ու, կարծում եմ, իմ խորհուրդը ավելի շատ կլինի քաջալերելու, հաջողություն մաղթելու տեսքով։ Ու, ամենակարեւորը, թող ինքը լինի այնպիսին, ինչպիսին որ կա։ Կարծում եմ՝ ինքն էլ դա շատ լավ գիտի։
-Այնուամենայնիվ, Դուք եղել եք եվրատեսիլյան բեմում, ծանոթ եք խոհանոցին եւ որոշակի նկատառումներ կունենաք, թե ինչ բնույթի ելույթներն են ավելի բարձր գնահատվում: Այդ առումո՞վ էլ ասելու բան չունեք Արամին։
-Մտածել եմ ոչ թե դրա, այլ պարզապես լավ ելույթ ունենալու, լավ ներկայանալու մասին։ Ե՛վ այդ մրցույթում, ե՛ւ ընդհանրապես երբեւէ չեմ մտածել, թե ինչպես ներկայանամ, որպեսզի դուր գամ։ Նման շինծու, արհեստական քայլերը չեմ ընդունում։ Պարզապես արել եմ այն, ինչ կարող եմ ու ինչ կամ։ Ես չեմ փորձել ինքս ինձ խաբել ու կեղծավոր չեմ եղել։ Այստեղ զուտ հուզմունքի հարցն է, որը, կարծում եմ, Արամը կհաղթահարի։ Մանավանդ որ «Եվրատեսիլ»-ում պրոֆեսիոնալներ են աշխատում, եւ կարծում եմ՝ ամեն ինչ կանեն, որ երգիչը նախապատրաստված լինի, իրեն վստահ զգա։
-«Եվրատեսիլ» գնալուց առաջ Ձեր եւ «Դորիանս» խմբի մյուս անդամների միջեւ լարվածություն առաջացավ, երբ հայտարարվեց, որ Գոռ Սուջյանն է ներկայացնելու Հայաստանը։
-Պարզապես հայտարարությունը սխալ էր եղել, հետո այն ուղղեցին՝ հայտարարելով, որ «Դորիանս»-ն է մեկնելու։
-Այսինքն՝ որեւէ լարվածություն, որեւէ խնդիր չկա, եւ դուք շարունակելո՞ւ եք համատեղ ելույթները։
-Իհարկե։
-Ռոք երաժշտությունը հիմնականում ընկալվում է որպես բողոք, պայքար։ Բայց այսօրվա հանրային բողոքի, պայքարի ակցիաներին Դուք չեք մասնակցում, ինչո՞ւ:
-Ինչ որ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, ավելի շատ բիզնեսային է ու կեղծավոր, իսկ մենք անկեղծություն ենք ուզում։ Մենք ցանկանում ենք, որ մարդիկ բնությանը մոտ լինեն, բնությունից չհրաժարվեն։ Իսկ այսօր քաղաքականությունը, քաղաքակրթությունն ընդհանրապես մարդուն տանում են բնությունից դուրս, դեպի զուտ բիզնեսային մտածելակերպ։
-Ինչպե՞ս կբնորոշեք այսօրվա ռոք, փոփ երաժշտությունը, կա՞ այդ ոճերի հայկական երաժշտություն:
-Կարծում եմ՝ հայկական ռոք, հայկական փոփ արտահայտությունները մի քիչ սխալ են, կարող է, ասենք, խառնուրդ լինել փոփը հայկականի հետ։ Իսկ ընդհանրապես ունենք լավ երաժիշտներ թե՛ ռոքում, թե՛ փոփում, թե՛ ջազում, թե՛ այլ ոճերում։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում։
«ԻՆՉ ԻՄԱՆԱՍ՝ ԻՆՉԵՐ ԵՆ ԳՐՎՈՒՄ»
Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասան Վրույր Հարությունյանը կերտել է շուրջ 50 թատերական դերեր, նկարահանվել մի շարք ֆիլմերում: Հայ հեռուստադիտողը նրան կհիշի որպես վերջերս ցուցադրված «Մեր գյուղը» հեռուստաֆիլմի Սիսակ։ Բայց այսօր չենք խոսի նրա ստեղծագործական ճանապարհի մասին, քանի որ պարզեցինք՝ դերասանին հրավիրել են ոստիկանություն…
Ինչպես նշում է «Առաջին լրատվական»-ը, թատրոնի տնօրեն Հովհաննես Չախմախչյանի կողմից պետական միջոցների յուրացման փաստով անցյալ տարի հարուցվել է քրեական գործ, ըստ որի, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, նա 2008-ին գնումներ կատարելու պատրվակով յուրացրել է թատրոնում «Սիմոն թագավոր» եւ «Մետաստազ» պիեսների բեմադրության համար մշակույթի նախարարության կողմից հատկացված շուրջ 220 հազար ՀՀ դրամ գումարը: 3 ամիս անց, սակայն, քննիչը կարճել է գործը՝ իր որոշման մեջ պաշտոնապես այլ թվեր արձանագրելով եւ եզրակացնելով, թե թատրոնի տնօրենը «որեւէ յուրացում չի կատարել»: Այդ մասին խոսակցությունները նորից ակտիվացան, երբ որոշ մանրամասներ լրատվամիջոցներին ներկայացրեց թատրոնի բեմադրող նկարիչ Հովսեփ Մեսրոպյանը։
Իսկ Վրույր Հարությունյանն էլ «Սիմոն թագավոր» մոնոներկայացման դերասանն է։ Մեզ հետ զրույցում նա նշեց. «Անցյալ տարի ապրիլ-մայիսին մի թերթում հոդված էր հրապարակվել թատրոնում տիրող իրավիճակի մասին, որից հետո մեզ հրավիրեցին զրույցի Բազումի ոստիկանության բաժանմունք, հետո այդ բաժանմունքն առանձնացավ, եւ մեզնից բացատրություն վերցրին քաղաքի ոստիկանությունում… Մեր երգիչ Արմեն Ներսիսյանը արդեն ավարտում էր ինստիտուտը, նրա դիպլոմայինն էր, եւ նա թատրոնի նկարիչ Հովսեփ Մեսրոպյանին խնդրել էր ձեւավորել Սամվել Խալաթյանի «Սիմոն թագավորը», ինձ էլ խնդրեց խաղալ։ Եթե ջահելի թիկունքին չկանգնես, էլ ո՞ւմ ես պետք»։
Հետաքրքրվեցինք, թե, ըստ դերասանի, որքան գումար կարող է ծախսված լինել այդ ներկայացման համար։ «Անընդհատ բեմի վրա աշխատել ենք եւ տեղյակ չենք, թե ինչ առեւտուր է տեղի ունեցել, ինչ են գրել կամ ինչ են բերել… Համենայնդեպս, որ քարը պայթի-տրաքի, դժվար թե մի հինգ հազար դրամից ծախսն անցնի։ Գրել են, որ դերասանը երեք անգամ բեմում զգեստափոխվում է, այսինքն՝ ես։ Բայց ես տնից բերել եմ իմ պատառոտված, հնամաշ շորերը, իսկ թատրոնում եղածից հագել եմ ընդամենը 60-70 թվերի գեղեցիկ ֆրակ, մի հատ էլ՝ հնամաշ ցիլինդր։ Արտասուքն աչքիդ՝ խաղում ես ժողովրդի համար եւ ինչ իմանաս՝ քո թիկունքում ինչեր են գրվում. սա է ցավալին։ Նաեւ տարբեր բակերից տակառներ ենք բերել, ավելի շատ՝ Արմեն Ներսիսյանի աներոջ ավտոտնակից։ Պատկերացրե՛ք. ամառվա շոգին դերասանը եւ ռեժիսորը փողոցով քարշ են տալիս 200-լիտրանոց ծանր տակառներ, որ հանձնեն ներկայացումը: Իհարկե, այն կայացավ, տարբեր մրցանակների արժանացավ, բայց այսօր, չգիտես ինչու, չի բեմադրվում…»։
«Ժողովուրդ»-ն առաջիկայում մանրամասն կանդրադառնա Վանաձորի թատրոնում տիրող իրավիճակին։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՆՈՐ ԶՈՒԳԵՐԳ
Սոնա Շահգելդյանը նոր զուգերգ է ձայնագրել Ռուբեն Հախվերդյանի հետ, որը կոչվում է «Նկար»: Նրանք առաջին անգամ չէ, որ միասին են երգում. 2011-ի նոյեմբերին Սոնայի երեւանյան առաջին մենահամերգին միասին երգել են հեղինակ-կատարողի հայտնի գործերից «Մեր սիրո աշունը» եւ «Ձյունը»: Նոր երգի գործիքավորումն ամբողջովին արվել է կենդանի հնչողությամբ: Շուտով կթողարկվի Սոնայի ձայնասկավառակը, որում ընդգրկված կլինի նաեւ այս դուետը:
ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ
«Իրապատում շոուներ»-ի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Սաուդյան Արաբիայում ամուսնական զույգի բաժանության պատճառ է դարձել: Միկին, տեսնելով, որ ամուսինը շատ է հավանում Քարդաշյանին ու մշտապես դիտում է նրա մասնակցությամբ շոուն, որոշել է պլաստիկ վիրահատություն կատարել ու նմանվել աստղին: Բացի այդ՝ նա փոխել է մազերի ձեւն ու քայլվածքը, սակայն կնոջ սպասումները չեն արդարացել: «Ես հույս ունեի, որ արտաքինիս հետ փոփոխություններ անելով ու Քարդաշյանին նմանվելով՝ կկարողանամ ավելի գրավել ամուսնուս»,-պատմել է կինը: Սակայն ամուսինը հայտարարել է, թե իրեն դուր չի գալիս կնոջ կերպարանափոխությունը: Նրանք վիճել են, ինչից հետո տղամարդը որոշել է բաժանվել կնոջից եւ ուրիշի հետ ամուսնանալ:
ՊՈՒԳԱՉՈՎԱՆ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Անցած սեպտեմբերին զույգ երեխաների մայր դարձած ռուսական էստրադայի պրիմադոննային անչափ դուր է եկել իր հասուն տարիքի մայրությունը: Նա, բացի իր երեխաների դաստիարակությամբ զբաղվելուց, որոշել է հոգ տանել նաեւ այլ երեխաների մասին: Ալլա Պուգաչովան Մոսկվայի էլիտար մանկապարտեզներից մեկում երաժշտություն, դերասանի վարպետություն ու հաղորդակցման հմտություններ է դասավանդում: Երգչուհու օգնականը հաստատել է լուրը՝ նշելով, որ Պուգաչովան սիրով համաձայնել է աշխատել մանուկների հետ: Ավելին, նա այժմ փորձում է վարկ վերցնել՝ Մոսկվայում իր սեփական դպրոցն ու մանկապարտեզը բացելու համար: Օգնականը նաեւ տեղեկացրել է, որ պրիմադոննան պատրաստվում է իր հոբելյանական համերգին: