ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՃԱ՞Ռ ԱՍԵՄ, ԹԵ՞ ԶԱՆԳ ԿԱԽԵՄ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գերազանցել է ինքն իրեն. եթե նախկինում խոսվում էր ԱԺ-ում գաղտնալսող ծածուկ սարքերի մասին, ապա հիմա ավելացել են տեսանկարահանող սարքերը: «Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ նկատել է, որ խորհրդարանի միջանցքներում, երկրորդ հարկում, հատկապես ԱԺ ՀՀԿ խմբակցության մատույցներում տեղադրվել են տեսախցիկներ: Իսկ սա նշանակում է, որ այդ տարածքում անցուդարձն արդեն վերահսկվում է, որպեսզի իշխանական խարդավանքների սիրահար ՀՀԿ-ականները գործընկերների կամ լրագրողների հետ «բամբասելիս», մեղմ ասած, զգույշ լինեն: Նկատենք, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի արյունալի ոճրագործությունից հետո անգամ ԱԺ տարբեր նախագահների մտքով չի անցել նկարահանել նաեւ միջանցքները: Հետաքրքիր է, ԱԺ-ում ումի՞ց է վախենում Աբրահամյանը, որ որոշել է ամենքին ու ամեն ինչ նկարահանել:

 

Հայաստանի պետական պարտքը գնալով ավելանում է: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012թ. համեմատ՝ 2013-ի տարեվերջին ՀՀ պետական պարտքն ավելացել է 216 մլն դոլարով` 4 մլրդ 372 մլն դոլարից դառնալով 4 մլրդ 588 մլն դոլար: Ավելացել է նաեւ ՀՀ արտաքին պարտքը՝ 3 մլրդ 739 մլն դոլարից դառնալով 3 մլրդ 903 մլն: Ընդ որում, այս գումարի առյուծի բաժինը կազմում է կառավարության պարտքը` 3 մլրդ 395 մլն դոլար: ՀՀ կառավարությունն այս պարտքը կուտակել է օտարերկրյա պետություններից ու միջազգային կազմակերպություններից տարատեսակ վարկեր վերցնելու արդյունքում: Ստացվում է, որ այսօրվա խնդիրները լուծելու համար Սարգսյանների իշխանությունը պարտքեր է կուտակում՝ վճարելու բեռը թողնելով հաջորդ սերունդներին: Այս իրավիճակը ոչ այլ ինչ է, քան պաշտոնական հաստատում այն իրողության, որ մեր երկիրը վարկով են պահում:

 

«Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ականատես է եղել մի օպերացիայի, որն իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեականի աշխատակիցների կողմից: Երեկ՝ կեսօրին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի եւ Մարքսի փողոցների խաչմերուկում մի պահ իսկական իրարանցում էր. մի խումբ ոստիկաններ «մեծ շուքով» եւ օպերատիվությամբ ձերբակալում էին մարզաշխարհում հայտնի Իսոյին: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան բերման են ենթարկել հանցաշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբոր սպանության գործով: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երեւանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվեց Թեւոսի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը:

 

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացասաբար է անդրադարձել նաեւ ձկնաբուծության ոլորտի վրա: Արարատի եւ Արմավիրի մարզերի բազմաթիվ համայնքներում ընդերքային ջրի պաշարների նվազման հետեւանքով ձկնաբույծները ստիպված են ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել, որպեսզի կարողանան պոմպերով ջուր մղել դեպի ջրավազաններ: Այս իրավիճակի արդյունքում ձկնաբուծարանների 30 տոկոսը ներկայումս դադարեցրել է աշխատանքը: «Սնանկացման ճանապարհով են գնում. ձկնաբուծարանները ունեն նաեւ վարկային մեծ պարտավորություններ եւ հիմա հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նշեց «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը: Նրա ներկայացմամբ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մեծ ազդեցություն է ունեցել նաեւ ձկան ինքնարժեքի վրա, ինչի հետեւանքով ձուկն առաջիկայում 100-200 դրամով կթանկանա:

 

 

 

 
ՀԱՄԱՏԵՂ ՇԱՀԵՐ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով ադրբեջանական վերջին սադրանքների կապակցությամբ ՀԱՊԿ արձագանքի բացակայությանը, ասել է. «ՀԱՊԿ-ը չի կարող սահմանին գրանցված ամեն մի միջադեպի դեպքում առանձին հայտարարությամբ հանդես գալ»: Ընդգծենք, որ խոսքը ոչ թե «ամեն մի միջադեպի», այլ բավականին լուրջ իրավիճակի մասին է, որը գնահատելով` ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասել էր. «Լարվածությունը հասել է գագաթնակետին, հակառակորդի կողմից երբեւիցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել»: Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկն էլ, ընդգծելով լարվածության աննախադեպ էսկալացիան, նշել էր. «Իրավիճակի հետագա լարման ռիսկը թերագնահատվում է»:
Սակայն Ա. Բաղդասարյանը, այդուամենայնիվ, պնդել է. «Որքան էլ այդ միջադեպերը ողբերգական ու ցավոտ լինեն մեր երկրի համար, ես չեմ կարող ակնկալել, որ ՀԱՊԿ-ը մշտապես հանդես գա հայտարարությամբ: Չէ՞ որ, բացի մեզանից, ՀԱՊԿ-ում կա եւս հինգ անդամ երկիր»: Այս հայտարարությունը լսելով` այնպիսի տպավորություն է, որ դրա հեղինակը ոչ թե Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, այլ ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժայի մամուլի խոսնակը: Այսինքն` ի՞նչ է նշանակում` «ես չեմ կարող ակնկալել»: Եթե չենք սխալվում, ԱԱԽ-ը մի մարմին է, որի առաջնային պարտականությունը երկրի ազգային անվտանգության ամրապնդումն է: Իսկ ՀԱՊԿ-ն էլ մի կազմակերպություն է, որը կոչված է ապահովել իր անդամների, այդ թվում եւ` Հայաստանի սահմանների անվտանգությունը: Եվ եթե ՀՀ սահմանները մի քանի օր շարունակ գտնվում են ադրբեջանական զինուժի կրակահերթերի տակ, այն աստիճան, որ անգամ սահմանամերձ գյուղերի բնակիչներին տարհանում են, գուցե ԱԱԽՔ-ն այնքան բարի գտնվեր, որ ոչ թե ակնկալեր, այլ պահանջե՞ր ՀԱՊԿ ղեկավարությունից համարժեք արձագանք:
Էլ չասած, որ դժվար է մտաբերել մի դեպք, երբ ՀԱՊԿ ղեկավար Ն. Բորդյուժան, ինչպես պնդում է ԱԱԽՔ-ը, «սպառիչ պատասխան» տված լիներ ադրբեջանական սադրանքների կապակցությամբ: Եթե մշտապես երկու կողմերին արվող կոչերը Ա. Բաղդասարյանի համար «սպառիչ պատասխան» են, ապա դա եւս մեկ անգամ հաստատում է, որ ԱԱԽՔ-ը լավ չի պատկերացնում իր ղեկավարած կառույցի նշանակությունը:
Ինքնին հասկանալի է, որ այն բոլոր դեպքերում, երբ խոսքը Ռուսաստանի մասին է (իսկ ՀԱՊԿ առանցքը հենց ՌԴ-ն է), ՀՀ իշխանություններից, առավել եւս` Արթուր Բաղդասարյանից, քիչ թե շատ արժանապատիվ կեցվածք ակնկալելն անիմաստ է: Բայց գոնե կարելի է փոքր-ինչ ավելի զուսպ լինել Բորդյուժայի շահերի պաշտպանության հարցում: Ի վերջո, ՀԱՊԿ-ն ու ԱԱԽ-ն Բորդյուժայի եւ Բաղդասարյանի համատեղ բիզնեսը չէ, որի շահերն այդքան ջանասիրաբար պաշտպանում է ԱԱԽ քարտուղարը:




Լրահոս