ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՈՒՄ 4 ՀՈԳՈՎ 7 ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

Շաբաթ օրը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը վերջապես տվեց շուրջ 1 ամիս քննարկվող հարցի պատասխանը՝ հայտարարելով, որ մտափոխվել է եւ ի վերջո որոշել մանդատը վայր չդնել: Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 28-ին Թ. Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ «Ժառանգության» գործընկերներին: Պատճառներն ամենեւին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետեւաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»:

Իսկ արդեն շաբաթ օրը պատգամավորը կրկին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսօր ՀՀ ԱԺ նախագահին եմ հանձնել գրություն, որով հետ եմ վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումս: Շուրջ մեկ ամիս ծանրութեթեւ եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետեւանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաեւ նոր տրամադրվածությամբ»:
Նշենք, որ սա «Ժառանգություն» խմբակցությունում արված միակ «հետողորմյան» չէ. ԱԺ գարնանային քառօրյայի մեկնարկից առաջ կայացել է «Ժառանգություն» խմբակցության նիստը, որի ժաամանակ վերստին խմբակցության ղեկավար է ընտրվել Ռուբեն Հակոբյանը, իսկ քարտուղար՝ Թեւան Պողոսյանը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցում է իրավունքի վերաբերյալ 5-ամսյա դասընթացների:
Ինչպես հայտնի է, Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանն աշխատում են առանձին ու վաղուց որեւէ կապ չունեն խմբակցության հետ: Ու այժմ անհասկանալի է թե՛ «Ժառանգություն» կուսակցության, թե՛ խմբակցության գործունեությունը, քանի որ ով երբ ինչ որոշում ցանկանում է` կայացնում է: Իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն էլ միայն այդ ամենից հետո է «հայտնվում» ու խնդրում որոշումից հետ կանգնել: Այս առթիվ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն «վերադարձած» Թ. Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, տարեվերջին հայտարարեցիք, որ Ձեր մանդատը վայր եք դնում, սակայն այդպես էլ չնշեցիք, թե ինչու էիք նման որոշում կայացրել:
-Ես նշել եմ, որ որեւէ քաղաքական առնչություն չունի իմ որոշումը, ու դա անձնական խնդիր է, որի մասին չեմ խոսում: Բայց այնուհետեւ քննարկվել է հարցը, թե իմ այդ որոշումն ինչ հետեւանքների կարող է բերել, ինչից հետո էլ որոշում եմ կայացրել մանդատը վայր չդնել:
-Այդուամենայնիվ, որո՞նք են այն խնդիրները, թեկուզ, ինչպես Դուք եք պնդում, ոչ քաղաքական, այլ ներքինխոհանոցային, որոնց պատճառով որոշել էիք հրաժարվել Ձեր մանդատից:
-Անձնական է, դա ո՛չ քաղաքական է եւ ո՛չ էլ այնպիսին, որ հանրության համար պետք է քննվող առարկա դառնա: Դրա մասին ես չեմ ցանկանում խոսել:
-Այս ընթացքում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ իշխանությունները Ձեզ պաշտոն էին առաջարկել, ինչի համար էլ որոշել էիք հրաժարվել պատգամավորական մանդատից: Իրականում նման բան կա՞:
-Ոչ միայն նման բան էին ասում, այլեւ ասում էին՝ ինձ ճնշել են ու այլ հետաքրքիր տարբերակներ էին քննարկում, բայց որեւէ մեկն իրականության հետ կապ չունի:
-«Ժառանգություն» կուսակցության անդամները բոլորը Ձեզ հետ հանդիպե՞լ են….
-Եղել են մի շարք հանդիպումներ, քննարկումներ, խնդրել են, որ վերանայեմ այս որոշումս, գնահատել են իմ արած աշխատանքը: Դա է եղել հանդիպումների պատճառն ու հիմքը: Ինչից հետո ես մտածել եմ ու որոշել չհրաժարվել մանդատից:
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ մանդատը վայր դնելու հետ կապված հակասական որոշումները կարող են ազդել Ձեր` որպես լուրջ քաղաքական գործչի հեղինակության վրա: Ի դեպ, ժամանակին ճիշտ նույն կերպ վարվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Այստեղ նմանությունների եւ տարբերությունների խնդիրը չէ…. Րաֆֆի Հովհաննիսյանը բնավորության շատ յուրահատկություններ ունի, ու շատ ուրախ կլինեի, որ մեր քաղաքական դաշտի գոնե կեսն այդ հատկություններով օժտված լիներ: Ամեն մեկը մի բանը մի ձեւով է մեկնաբանում, չգիտեմ: Ես իմ աշխատանքը կշարունակեմ անել, այն ամենը, ինչ կորցրի այս 1 ամսվա ընթացքում, կփորձեմ վերականգնել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

ՀՀԿ «ՄԵՏԱՍՏԱԶՆԵՐԸ» ՏԱՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՈՒՐ
Իշխող ՀՀԿ-ն փորձում է բացարձակ մենաշնորհ հաստատել բոլոր ոլորտներում անխտիր:

Շատերը կհիշեն, թե ինչպես ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները, 2013թ. դեկտեմբերին ԱԺ վերջին արտահերթ նիստում բոյկոտելով հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները, կասկածի տակ դրեցին գազային համաձայնագրերի ընդունման գործընթացի լեգիտիմությունը, իսկ մի քանի օր անց էլ ձայների պարզ մեծամասնությամբ իշխանափոխություն իրականացրին հանձնաժողովում` պաշտոնանկ անելով ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին ու նրա փոխարեն նախագահ ընտրելով ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանին: Եվ ահա, պարզվում է, ՀՀԿ-ականները ամանորյա արձակուրդի ողջ ընթացքում մղձավանջի աստիճան ծանր են տարել, որ իրենցից բացի՝ որեւէ մեկը, թեկուզ եւ ամենափոքր հարցերում, կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ: Ու երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի հենց սկզբում Գալուստ Գրիգորիչը հայտարարեց` իրենք առաջարկում են ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ավելացնել անդամների, մասնավորապես իշխանական պատգամավորների թիվը. այսուհետ հանձնաժողովը պետք է ունենա ոչ թե նախկինի նման 7 անդամ, այլ 11, որից 5-ին նշանակում է ՀՀԿ-ն, 2 տեղ տրվել է ԲՀԿ-ին ու մեկական տեղ` մյուս խմբակցություններին:
Այս առաջարկը, սակայն, արժանացավ ոչ կոալիցիոն խմբակցությունների դիմադրությանը. ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ համաձայն չեն նշված տարբերակի հետ, որ դա հնարավորություն է տալիս իշխող մեծամասնությանը անարգել շարունակել ու խորացնել իրենց ապօրինությունները: Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խղճահարույց տոնով փորձում էր հակադարձել, թե խորհրդարանական փոքրամասնությունը խափանել ու խափանում է ԱԺ աշխատանքները, որ պետք է ԱԺ բնականոն գործունեությունն ապահովվի: «Եթե խափանվել է, ուրեմն այդ օրը հաշվիչ հանձնաժողովի ներկայացված զեկույցը չի կարող իրավական հիմք ունենալ: Դրանից հետեւում է, որ գազի պայմանագիրը, փաստորեն, այդ օրը չի վավերացվել խորհրդարանի կողմից»,-ՀՀԿ-ականների պնդումներին հակադարձեց ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը: ՕԵԿ խմբակցության առաջարկով հայտարարվեց ընդմիջում, Հ. Աբրահամյանն էլ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրեց իր մոտ խորհրդակցության: Սակայն նրանք այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան. ԱԺ-ում ՀՀԿ առաջարկն ընդունվեց 67 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ու չնայած ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը պահանջեց ցուցատախտակին վերականգնել քվեարկությունների պատկերը, սակայն Աբրահամյանը հրաժարվեց նույնիսկ ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված այդ պահանջը կատարել:
Այս ամենից հետո ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցություններին այլ բան չէր մնում, քան հայտարարել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին. նրանք որեւէ պատգամավորի չեն ներկայացնի հաշվիչ հանձնաժողովի կազմում, ըստ էության, այդպես արժեզրկելով այդ կառույցը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՓՐԿՈՒՄ ԵՆ ՉԵՂԱԾ ՊԱՏԻՎԸ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԱԺ-ում ներքին հրահանգ է իջեցվել՝ շտկելու ԱԺ պատգամավորների կենսագրական տվյալները: Քանի որ հայոց բանակի 22-ամյակի առթիվ բազում հրապարակումներ եղան բանակում չծառայած պատգամավորների եւ պաշտոնյաների վերաբերյալ, ուստի իշխանական կուլիսներում որոշում է կայացվել գոնե բանակ ծառայած պատգամավորների տվյալները գրել: Եվ ահա բոլոր պատգամավորները, որոնք ծառայել են հայկական կամ խորհրդային բանակում, պետք է ԱԺ կայքում՝ պատգամավորների կենսագրական տվյալների մեջ, հստակ մատնանշեն ԶՈՒ-ում ծառայած լինել-չլինելու հանգամանքը: Երեկ ԱԺ պատգամավորներից շատերի օգնականները զբաղված էին այդ ճշտումներով: Ավելին, նույն աղբյուրները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ նման հրահանգ է իջեցվել նաեւ մյուս պետական մարմիններին` կառավարություն, նախարարություններ, կառավարությանն առընթեր մարմիններ եւ այլն:

 

ՑՈՂՈՒՆԱՅԻՆ

Պարզվում է` Կորեայում ցողունային բջիջների թերապիան Սերժ Սարգսյանին այնքան է դուր եկել, որ արձակուրդից վերադառնալուց հետո արտասահման իր առաջին իսկ այցի ժամանակ նա անդրադարձել է այդ թեմային: Եվ ահա, ինչպես պարզվեց պաշտոնական լրահոսից, Սերժ Սարգսյանի՝ Չեխիա կատարած այցի ժամանակ ստորագրվել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր, որոնցից մեկն էլ վերաբերում է ցողունային բջիջների փոխպատվաստմանը: Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը Պրահայի Արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտի ու «Ֆուլ Մեդիքըլ Սերվիսես» չեխական նորարարական ընկերության հետ այսուհետ կհամագործակցի մարդկային ցողունային բջիջների երկարաժամկետ պահպանման եւ օգտագործման համար տեխնոլոգիաների մշակման շուրջ:

 

ԿԱՆԳ Է ԱՌԵԼ

«Ժողովուրդ»-ը ցավով պարզեց, որ Հայաստանում դադարել է տրակտորաշինությունը: Հիշո՞ւմ եք, ժամանակին իշխանությունները որպես արդյունաբերական ձեռքբերում խոսում էին տրակտորաշինության մասին: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն էլ ֆիքսել էր` 2012թ. նախորդ տարվա 5 տրակտորի փոխարեն արտադրվել է 212 տրակտոր: Սակայն պարզվում է՝ 2013թ. ընթացքում մեր երկրում որեւէ տրակտոր չի արտադրվել, ասել է թե` հայկական արդյունաբերական հրաշքը կանգ է առել:

 

ԲԻՇԱՐՅԱՆԻ «ՀՆԱՐՔԸ»

Երեկ, երբ քննարկվում էր ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու հարցը, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խմբակցության տեսակետը հայտնելու փոխարեն հանկարծակի 20 րոպե ընդմիջում խնդրեց: Այնուհետեւ դուրս գալով խորհրդարանի դահլիճից՝ հպարտացավ՝ «տեսա՞ք, ընդմիջում վերցրեցի, որ գոնե իրար երես տեսնեք»: Բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե ով էր գոհ նրա այդ «մարդասիրական» քայլից:




Լրահոս