ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԴԵՐՆ ԻՋԱՎ ՀԱՏԱԿԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ

Չնայած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` խորհրդարանի դերը բարձրացնելու վերաբերյալ հավաստիացումներին, ԱԺ-ն, ընդհակառակը, գնալով ավելի է արժեզրկվում: Այսօր օրենսդիր մարմինը, ըստ էության, վերածվել է կառավարության դակիչ մեքենայի, որի միակ գործառույթը դարձել է իշխող մեծամասնության կողմից գործադիրի ներկայացրած նախագծերը միաձայն ընդունելը:

Եվ այսքանից հետո պատահական չէ, որ կառավարությունը խորհրդարանի հետ վարվում է ըստ հայեցողության. ցանկության դեպքում կառավարությունն արհամարհում ու անգամ օրենսդրությամբ նախատեսված դեպքում փորձում է շրջանցել ԱԺ-ն, մյուս կողմից ոչ միայն նախարարները, այլեւ փոխնախարարներն են հենց ԱԺ-ում ծաղրում ու վիրավորում պատգամավորներին, այդ թվում եւ` իշխանական թեւի ներկայացուցիչներին, իսկ կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում էլ ԱԺ պատգամավորն իր աշխատավարձի չափով իջեցվել է փոխնախարարի մակարդակի:

ԱԺ-ն ու օրենքը շրջանցելով
Ինչպես հայտնի է, հունվարի 29-ին կառավարության որոշմամբ Որոտան հէկ-ը վաճառվեց ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը: «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքը պահանջում է` անշարժ գույքը պետք է վաճառվի ԱԺ-ի հաստատած պետական գույքի մասնավորեցման ծրագրով: Այնինչ, Որոտան հէկ-ը վաճառվել է օրենքի այս պահանջը շրջանցելով` առանց խորհրդարանի թույլատրության: Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ նստաշրջանի հենց սկզբում դիմելով Հովիկ Աբրահամյանին, հարցրեց. «Հիմա ուզում եմ հասկանալ` ԱԺ-ն հստակ լիազորություններ ունի, եւ ըստ «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի` միայն շարժական գույքը կարող է վաճառվել` առանց ծրագիր ընդունելու. այս դեպքում վաճառվել է ամբողջ սեփականությունը` խախտելով օրենքը, Ազգային ժողովի բոլոր լիազորությունները: Ի՞նչ եք պատրաստ այս պահին անել որպես ԱԺ նախագահ` ԱԺ սահմանադրական լիազորությունների յուրացման փաստի առթիվ, եւ չե՞ք կարծում, որ սրանով ԱԺ-ն հեղինակազրկվում է»: Աբրահամյանը, սակայն, չուներ այս հարցի պատասխանը: Նա նեղսրտեց Զուրաբյանի գնահատականներից, բայց եւ ասաց, որ իրավաբանների հետ կճշտի` եթե իսկապես օրենքի խախտում է եղել, եւ կառավարությունը չարաշահել է իր լիազորությունները, ինքն անպայման կանդրադառնա այդ հարցին:
Նկատենք, սակայն, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ. 2013թ. տարեվերջին գազային սկանդալի բացահայտմամբ պարզվեց, որ Հայաստանը ՌԴ-ից ներկրված գազի դիմաց 2011թ. սկսած կուտակել է արտաքին պարտք` ավելի քան 300 մլն դոլարի չափով: Բայց այս տարիների ընթացքում, հակառակ օրենսդրական պահանջի, արտաքին պարտքը չէր արձանագրվել ՀՀ պետական բյուջեում: Ասել է թե՝ այն խորհրդարանից կրկին գաղտնի էր պահվել, այն էլ` 2 տարի շարունակ: Ու միայն նախորդ տարվա դեկտեմբերին՝ սկանդալի բացահայտումից հետո, կառավարությունը հետին թվով փորձեց օրինականացնել իր ապօրինությունը: Հիմա ՀԱԿ խմբակցությունը ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ միասին առաջարկում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով` «ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության» համար. երեկ սկսվեցին այս նախագծի քննարկումները, եւ այսօր դրանք կշարունակվեն: Ամենայն հավանականությամբ, իշխող մեծամասնությունը կմերժի ընդդիմության այս առաջարկը եւս` կուլ տալով կառավարության հերթական ապտակը:

Մի հայտարարված սպանության քրոնիկա
Դեռ 2012թ. հոկտեմբերին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանում բարձրացրել էր «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու հարցը. պարզվում է` Հայաստանն այն ստորագրել էր դեռ 2003թ., կոնվենցիայի տեքստը 10 տարի շարունակ ընդգրկված է եղել ԱԺ նիստերի օրակարգում: Միայն թե, այս ողջ ընթացքում (հատկապես 2004թ. ապրիլի 12-13-ի իրադարձություններից ու 2008թ. մարտի 1-ից հետո) իշխանությունները պարբերաբար հետաձգել էին կոնվենցիայի քննարկումն ու վավերացումը: ՀԱԿ խմբակցության պնդումներից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր կոնվենցիան դնել քննարկման. ըստ նախնական պայմանավորվածության՝ դա պետք է արվեր դեկտեմբերի 2-5-ի քառօրյայի ժամանակ: Սակայն կառավարության ներկայացրած նախագծերի պատճառով հերթը դրան չհասավ: Եվ ահա երեկ պարզվեց` վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկությամբ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ի հրամանագրով կասեցրել է կոնվենցիայի վավերացման գործընթացը: Ջհանգիրյանը երեկ կատարվածը որակեց ամոթալի: «Բոլորի համար ամոթալի է. կոնվենցիան ստորագրվել է 2003 թվականին, իսկ 10 տարի ոնց որոշում է կայացվել այն հանելու»,-ասաց նա` տեղեկացնելով, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ կդնի նախագիծ, որով նախատեսվում է ֆինանսական փոխհատուցում տրամադրել մարտի 1-ի սպանդի զոհերի իրավահաջորդներին: Մինչ այդ նկատենք, որ 1983թ. Ստրասբուրգում ընդունված այս կոնվենցիան ստորագրել է 32 պետություն, որից 25-ն այն արդեն վավերացրել է (այդ թվում եւ` Ադրբեջանը):

Բարկանո՞ւմ ես, աղա՛
Ի դեպ, երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչու կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականը չկատարելու պատճառով հրաժարական չի տալիս, փոխարենը շարունակում է ԱԺ ներկայացնել օրենսդրական առաջարկներ. «Մի՞թե այն պատճառով, որ Ձեր իշխանության ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունները, տված խոստումները որեւէ արժեք չունեն»: «Պարո՛ն Փաշինյան, ես Ձեզ հետ շատ հանգիստ եմ խոսում, բայց Դուք բարկանում եք, ինչո՞ւ եք բարկանում, ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը՝ խուսափելով անդրադառնալ կառավարության ձախողմանն ու արդարացնել վարչապետին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՐԱՐՔ

Ուղիղ 16 տարի առաջ՝ 1998-ի փետրվարի 3-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց հրաժարականի դիմում եւ իր թիմի հետ հեռացավ քաղաքական ասպարեզից: Անկախ նրանից, թե ինչ պատճառներ ստիպեցին Տեր-Պետրոսյանին գնալ նման քայլի, այնուամենայնիվ, փաստ է, որ նա չցանկացավ մինչեւ վերջ դեմ գնալ հասարակության կարծիքին եւ չփորձեց արյան, զոհերի գնով պահել իր իշխանությունը: Այսօր առավել քան երբեւէ արդիական է գործող իշխանության թիմի հրաժարական տալ-չտալու հարցը, քանի որ նրանցից առկա դժգոհությունն այնքան արդարացված է, որ անգամ իշխանական բուրգի ներսում է հաստատվել համոզմունքը, թե Սարգսյանները ձախողել են: Պարզապես անհասկանալի է, թե ինչու նրանք չեն ցանկանում անել մի քայլ, որը կբխի հասարակության մեծամասնության շահերից:

 

ԵԿԱՎ-ԳՆԱՑ

Երեկ ԱԺ գարնանային նստաշրջանին մասնակցելու համար խորհրդարան էր եկել ԱԺ ամենաշատ բացակայող պատգամավորը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Վերջինս մինչ նիստի մեկնարկը խմբակցությունում մոտ 20 րոպե «ժողով» հրավիրեց: Այնուհետեւ ԲՀԿ-ական պատգամավորները դուրս եկան ու գլուխները «կախ»՝ շտապեցին ԱԺ դահլիճ: Իսկ Ծառուկյանն էլ ակնհայտ բարձր տրամադրության ցուցադրմամբ հայտարարեց, թե ինքը որեւէ բան չի խոսելու. «Ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանում, քանի որ մենք անելու ենք համագումար: Համագումարին իրոք կան հարցեր, որոնց պատասխանին սպասում է ե՛ւ հանրությունը, ե՛ւ դուք, ե՛ւ իմ կուսակցական ընկերները: Ձեր բոլոր հարցերին, որ պարոն Ծառուկյանը պետք է պատասխան տա, իր ասելիքն ասի, բոլորդ էլ կլսեք, կտպագրեք»: Հարցին, թե հնարավոր համարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, Ծառուկյանը պատասխանեց, թե պետք է այդ հարցն ուղղել անձամբ Ռ. Քոչարյանին: Այնուհետեւ նա մոտ 40 րոպե մասնակցեց խորհրդարանի աշխատանքներին ու հեռացավ, ինչից հետո ԲՀԿ խմբակցության անդամները կամաց-կամաց լքեցին ԱԺ շենքը:

 

ՐԱՖՖՈՒ ՀԵՏ

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին ավտոերթ է կազմակերպում: Վերջինս բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իրազեկելով ակցիայի մասին. «Ազգային Ինքնորոշում Միաւորումը կամենում է հայ ժողովրդի ազատասիրութիւնը խորհրդանշող 1921թ.-ի հակաբոլշեւիկեան ապստամբութեան՝ Երեւանի ազատագրման օրը, 1969 թուականից հայ անկախականների՝ ԱՄԿ-ականների երդման օրը՝ փետրուարի 18-ին, կազմակերպել աւտոերթ, հանրահաւաք եւ քայլերթ: Աւտոերթը կսկսուի ժամը 11:00»: Իսկ հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում: «Ժողովուրդ»-ը փորձեց Պ. Հայրիկյանից պարզել, թե ինչու է հանրահավաք անում այն նույն օրը, երբ հանրահավաք է նախատեսել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Բարով անի, ես չեմ խանգարում ոչ մեկին, հնարավոր է՝ միասին անենք, խնդիր չէ: Դա մեր օրն է»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՄԻԱՑԵ՛Ք, ԵԹԵ ԴԵՄ ԵՔ

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի բողոքի մեծ ալիք բարձրացնելու նպատակով «Դեմ եմ» նախաձեռնությունը կոչ է անում ինչպես քաղաքացիներին, այնպես էլ գործատուներին փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-ին, միանալ իրավունքի նվաճման երթին: Այն սկսվելու է կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտ (Վերնիսաժի այգի) եւ ունենալու է հետեւյալ երթուղին. Հանրապետության փողոց-Կառավարության շենք-Իտալիայի փողոց-Կենտրոնական բանկ-Քաղաքապետարան-Խորենացու փողոց-ՊԵԿ:
Ի դեպ, ԱԺ-ի շուրջ 60 աշխատակիցներ ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի` այդպիսով միանալով «Դեմ եմ» նախաձեռնությանը:

 

ՄՈԼՈՐՎԵ՞Լ Է

Երեկ Ծաղկաձորի սպորտային համալիրի 3-րդ հատվածի հարակից սարալանջին` Թթուջուր կոչվող տարածքում, հայտնաբերվել է «Արմենթել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն, 35-ամյա Արչիլ Մագրաձեի դին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը նշեց, որ նախնական վարկածով` Արչիլ Մագրաձեն մահացել է սառչելու հետեւանքով. «Նա գնացել է սնոուբորդով սահելու, մոլորվել է տեղանքում եւ սառչել»: Քաղաքապետի ներկայացմամբ` Մագրաձեին հայտնաբերել է Ծաղկաձորի ճոպանուղու տնօրինությունը: Տարածքին քաջածանոթ ծաղկաձորցիներից շատերին, սակայն, բավականին տարակուսելի է թվում այն հանգամանքը, թե ինչպես է Մագրաձեն ճոպանուղու 3-րդ կայանից հասել Թթուջուր կոչվող տարածք, երբ այդ վայրերի միջեւ 2 սար է ընկած:

 

ԱՌԱՆՑ ԱՂՄՈՒԿԻ

ԱՄՆ-ի ԱԳ նախարար Ջոն Քերրին Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող մամուլի ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ԱՄՆ գործադրած ջանքերին: «Մենք, առանց աղմուկ բարձրացնելու, աշխատում ենք Կիպրոսի խնդրի վրա: Դուք այդ մասին չեք լսում: Նույն կերպ մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա` Կովկասում»,-ասել է նա` ընդգծելով, որ ԱՄՆ-ը համապատասխան աշխատանքներ է տանում աշխարհի բոլոր մասերում:




Լրահոս