Անկախության տարիների սերունդն այսօր հասարակության շարժիչ ուժն է. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Բազե-2014» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի հանդիսավոր բացմանը: Շնորհավորելով բազեականներին հավաքի մեկնարկի առթիվ` երկրի վարչապետը նշել է. ««Բազե» երիտասարդական հավաքի հիմքում դրված է հայության եռամիության սուրբ գաղափարը՝ միասնության միջոցով խրախուսելու հայրենասիրությունը, պահպանելու ազգային հարուստ ավանդույթները, բացահայտելու եւ զարգացնելու հայ երիտասարդների կարողությունները: Իր պատմության 12 տարվա ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել ավելի քան 8000 երիտասարդի Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից` վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման»:

Կառավարության ղեկավարի խոսքով` անկախության տարիների սերունդն այսօր հասարակության շարժիչ ուժն է, հայոց պետականության ամրապնդման ու զարգացման երաշխիքը եւ բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: «Դուք դա անում եք ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով եւ հայրենասիրության ոգով: Դրա վառ ապացույցն է նաեւ վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների արժանի հակահարվածը: Այսօր ես վստահությամբ կարող եմ ասել, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքում է», – ընդգծել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ գործադիրը շարունակելու է երիտասարդության համակողմանի զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացումը:

Հավաքի բացումից հետո հանրապետության վարչապետը զրուցել է բազեականների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը, գյուղատնտեսության եւ տարածքային համաչափ զարգացմանը, սահմանամերձ համայնքների համար պետական աջակցության (այդ թվում նաեւ՝ կրթական) ծրագրերի իրականացմանը, կառավարություն-հասարակություն փոխհամագործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կազմակերպմանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Բազե» ամենամյա հավաքն այս տարի անցկացվելու է օգոստոսի 18-24-ը` Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից ժամանած 18-30 տարեկան շուրջ 500 երիտասարդի մասնակցությամբ:

Համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում՝ բազեականների 45 ջոկատ ուժերը չափելու է մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ, մշակութային եւ ռազմական մրցույթներում: Հավաքի 7 օրվա ընթացքում երիտասարդները նաեւ հանդիպումներ են ունենալու ՀՀ պետական, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ։ Այս տարի առաջին անգամ «Բազե»-ում կազմավորվել է նաեւ հասարակական կազմակերպությունների ջոկատ։ Ի դեպ, եռագույնի ներքո համախմբված բազեականների շապիկներին պատկերված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:




Լրահոս