ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՁԿՆԱԲՈՒՅԾՆԵՐԸ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ ԵՆ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացասաբար է անդրադարձել նաեւ ձկնաբուծության ոլորտի վրա, հատկապես որ բազմաթիվ համայնքներում ընդերքային ջրի նվազման հետեւանքով ձկնաբույծները ստիպված են ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել: Այդ ամենի արդյունքում ձկնեղենի շուկայում առաջիկայում սպասվում են զգալի թանկացումներ:

«Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանի ներկայացմամբ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մեծ ազդեցություն է ունեցել ձկան ինքնարժեքի վրա, ինչի հետեւանքով ձուկն առաջիկայում 100-200 դրամով կթանկանա: Բացի այդ՝ ձկնաբուծարանների 30 տոկոսն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով ներկայումս դադարեցրել է աշխատանքը: «Ջրերը նվազել են, իսկ դրանք վերականգնելու եւ թթվածնով հարստացնելու համար էլեկտրաէներգիա է հարկավոր, որն էլ թանկացել է: Սնանկացման ճանապարհով են գնում, ձկնաբուծարաններն ունեն նաեւ վարկային մեծ պարտավորություններ եւ հիմա հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում»,-հուսահատված նշեց Բունիաթյանը:
Արարատյան դաշտավայրի բարձրադիր գոտիներում, Էջմիածնի շրջանի մի քանի համայնքներում` Ապագայում, Ակնաշենում, Գայում, Ջրառատում, Մեծամորում, ջուրը շատ է պակասել, այն աստիճան, որ անգամ ինքնահոս ջուր չկա: Տեղի բնակիչներն իրենց կենցաղային նպատակների համար ստիպված պոմպեր են օգտագործում: Ձկնաբույծները եւս հորերից ջուրն ավազաններ տեղափոխելու համար օգտվում են պոմպերից: Եվ, բնականաբար, ի տարբերություն ինքնահոս ջուր ունեցողների, նրանք լրացուցիչ գումարներ են ծախսում էլեկտրաէներգիայի կրկնակի սպառման համար: Վերը նշված համայնքներում ձկնային տնտեսությամբ զբաղվողները բացառապես պոմպերի միջոցով են ջուրը ստանում:
Մեզ հետ զրույցում ձկնաբույծ Արտեմ Մկրտչյանը նկատեց, որ ինքը միայն ջրավազանը լցնելու համար ամսական ծախսում է մոտ 12 հազար կվտ էլեկտրաէներգիա: Իր տնտեսությունը տարեկան ընդամենը 30 տոննա արտադրանք է տալիս, եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո 160 հազար դրամով ավելացած վարձավճարը մեծ ծանրաբեռնվածություն է փոքրիկ ձկնային տնտեսության բյուջեի համար:
Էլեկտրաէներգիայի սակագնից բացի՝ ձկնաբույծներին մտահոգում է նաեւ Արարատյան դաշտավայրի ջրի սակավությունը:
«Մինչեւ անցյալ տարվա վերջ դեռ հորատում էր կատարվում ցածրադիր վայրերում, որոնք ժամանակին` մինչեւ 2007-ը, համարվում էին կարմիր գոտի: Նույն ժամանակահատվածում Մասիսի շրջանում արգելված էր հորատում իրականացնել, որովհետեւ դա ՀՀ-ի ջրային պաշարների ռեզերվն է: Այն ժամանակ խիստ վերահսկողություն էր սահմանված ոլորտում, իսկ այսօր` ոչ»,-նկատեց ձկնաբույծը:
«Սկսած 2012-ից՝ ձկնային 60 գործող տնտեսություններ, որոնց հիմնադրման համար մարդիկ քրտինք էին թափել, մեծ գումարներ ներդրել, ջրի սակավության պատճառով դադարեցրին իրենց գործունեությունը: Մի մասը պարտքեր կուտակեց, մյուսները մեկնեցին ՌԴ, որպեսզի գումար աշխատեն եւ պարտքերը փակեն: Հիմա էլ էլեկտրաէներգիայի պատճառով նույնը կլինի: Այսօր Էջմիածնի շրջանի որոշ համայնքների բնակիչներ ինքնահոս ջուր չունեն: Մինչդեռ տարիներ առաջ ոչ ոք ջրի խնդիր չի ունեցել: Նախկինում ես եռամսյակը մեկ ջրի օգտագործման համար վճարում էի 39 հազար դրամ, այսօր վճարում եմ 390 հազար դրամ: Ջուրը տասն անգամ թանկացել է: Եթե 390 հազար դրամը ես բաժանեմ երեք տոննա ձկան վրա, արդեն ձկան ինքնարժեքի մեջ 135 դրամի տարբերություն կկազմի: Ստիպված պետք է արտադրանքը թանկացնենք»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների անխնա օգտագործման կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցված ՀՀ քր. օր.-ի 291-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածը վերաբերում է ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնների խախտմանը, որը, սակայն, բավական մեղմ պատիժ է սահմանում` տուգանքից մինչեւ առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկում: Մինչդեռ խոսքը ռազմավարական նշանակության խնդրի` Արարատյան դաշտավայրի ջրային ռեզերվների վատնման մասին է:
Այսպիսով՝ ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին պաշտոնապես տեղեկացրել էին, որ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի համաձայն` հանրապետության օգտագործելի ջրային ռեսուրսների ընդհանուր զանգվածում վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսները կազմում են 1 մլրդ խորանարդ մետր, սակայն կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ միայն Արարատի մարզում ջրառի ծավալը կազմում է 1 մլրդ 69 միլիոն 482 հազար 93 մետր խորանարդ տարին: Այսինքն՝ ջրօգտագործողների կողմից թույլ է տրվել ստորգետնյա ջրային պաշարների գերշահագործում սահմանված առավելագույն շեմից ավելի, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին եւ դրանցում պարփակված օգտակար հանածո հանդիսացող ջրային պաշարներին:
Միաժամանակ նշենք, որ միայն ձկնային տնտեսություններն օգտագործում են տարեկան մոտավորապես այնքան ջուր (1 մլրդ 200 մլն խմ), որքան թույլատրված է ավազանից ջուր վերցնել ընդհանրապես (սրանք ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի ներկայացուցչի կողմից հրապարակված թվեր են):
Սակայն վերջերս ՀՀ բնապահպանության նախարարը լրագրողների հետ հանդիպմանը հատուկ շեշտել է, որ ներկա պահին Արարատյան հարթավայրի ստորերկրյա ավազանից վերցվում է տարեկան 928 հազար խմ/վ ջուր, ինչն էականորեն պակաս է մամուլում շրջանառվող տարեկան թույլատրելի 1 մլն խմ/վ ջրի ծավալից: Նախարարը վերջում նկատել է, որ վերոնշյալ 1 մլն խմ/վ ցուցանիշը նույնպես ճշգրտման կարիք ունի, եւ այն կհստակեցվի միայն ընթացող հիդրոերկրաբանական ուսումնասիրություններից հետո, ինչը Հայաստանում չի իրականացվել անկախացումից ի վեր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ

2014 թվականի հունվարի 13-ին Բերդի շրջանի Տավուշ գյուղում պայմանագրային զինծառայող, 28-ամյա Հովսեփ Իսրայելյանը խանդի պատճառով խեղդամահ էր արել իր կնոջը՝ 26-ամյա Հասմիկ Զաքինյանին: Հովսեփ Իսրայելյանը կալանավորված է, ներկայումս գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նրա երկու զավակները՝ 6-ամյա աղջիկը եւ 4-ամյա տղան, այժմ գտնվում են Բերդ քաղաքում՝ Հովսեփի հոր՝ Բորիկի երկրորդ կնոջ հայրական տանը: Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքից Տավուշ է ժամանել 51-ամյա Բորիկ Իսրայելյանը: Վերջինս արդեն եղել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման Բերդի գրասենյակում եւ զբաղվում է որբ մնացած թոռների խնամակալությունը ստանձնելու գործով: Տավուշի գյուղապետը հայտնեց, որ Հովսեփի մայրը վաղ է մահացել, դրանից հետո Բորիկը, համերկրացու հետ ամուսնանալով, տեղափոխվել է Ռուսաստան: Մոտ յոթ տարի առաջ Հովսեփն իր կնոջ հետ տեղափոխվել է հոր մոտ: Նա երկու տարի առաջ աշխատել է Սոչիում, եւ դուստրը ծնվել է հենց այնտեղ: Բորիկ Իսրայելյանը որոշել է անպայման մասնակցել որդու դատավարությանը: Սակայն մինչ այդ նա մտադիր է որբ մնացած թոռներին տեղափոխել Սոչի:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Երեկ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշ հրամաններ է ստորագրել, ըստ որոնց՝ ՀՀ-ում մի քանի բուհեր բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների եւ պահանջների խախտման կապակցությամբ ստացել են նախազգուշացում: Ցանկում հայտնվել են տասնյակ բուհեր, որոնց թվում են՝ «Սյունիք» ինստիտուտը, Երեւանի «Գլաձոր» համալսարանը, Հյուսիսային համալսարանը, «Եվրասիա» միջազգային համալսարանը, «Ուրարտու» համալսարանը, «Ազպաթ-վետերան» դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտը, Երեւանի «Մանց» համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը եւ Գյումրու «Պրոգրես» համալսարանը:
Նշենք, որ վերոնշյալ բուհերի համար սահմանվել են համապատասխան ժամկետներ՝ խախտումների վերացման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ՀՀ ԿԳՆ ներկայացնելու համար:

 

 

 

 

 
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է

Ցյուրիխի շախմատային գերմրցաշարում ելույթ ունեցող Լեւոն Արոնյանը 4-րդ տուրում առավելության հասավ ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Ընդ որում, հենց այդ տուրում գերմրցաշարի պատվավոր հյուրն էր լեգենդար երգիչ, դերասան, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրը, որը նաեւ ՀՀ դեսպանն է Շվեյցարիայում: Ազնավուրը հանդիպել ու մինչ 4-րդ տուրի մեկնարկը զրուցել է Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարի հետ: Նակամուրային հաղթելուց հետո Արոնյանը Twitter-ի իր էջում նշել է, որ հաղթանակը նվիրում է Շառլ Ազնավուրին. «Այսօրվա հաղթանակը նվիրում եմ մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այնքան սիրալիր գտնվեց եւ ինձ այցելեց այստեղ՝ Ցյուրիխ»:

 

«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-Ն ԶԻՋԵՑ

Ֆուտբոլի իսպանական Պրիմերայի 22-րդ տուրում գրանցվեց, կարելի է ասել, պատմական իրադարձություն. «Բարսելոնա»-ն ամբողջ 59 տուր առաջատար լինելուց հետո այդ տեղը զիջեց Մադրիդի «Ատլետիկո»-ին։ Նախ` «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 2։3 հաշվով զիջեց «Վալենսիա»-ին, ապա «Ատլետիկո»-ն խոշոր՝ 4։0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադ»-ին։ «Բարսելոնա»-ն ընդհանրապես կարող էր նահանջել երրորդ հորիզոնական՝ զիջելով նաեւ Մադրիդի «Ռեալ»-ին, սակայն վերջինս արտագնա խաղում չկարողացավ հաղթահարել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դիմադրությունը. հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Ընդ որում, կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Ռոնալդուն։ Հիշեցնենք, որ կատալոնցիների հաջողություններում միշտ էլ մեծ դերակատարում է ունեցել Լիոնել Մեսսին, ով վնասվածքից հետո դեռեւս ուշքի չի եկել ու երբեմն պարզունակ սխալներ է թույլ տալիս։ Ի դեպ, նույն վիճակում է հայտնվել նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Բորուսիայի «Դորտմունդ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, ով վերջին մի քանի խաղերում նույնիսկ բաց դարպասը չի կարողանում գրավել, ու, ընդհանրապես, շատ ցածր է նրա օգտակար գործողության գործակիցը։
Դառնալով Իսպանիայի առաջնությանը` հիշեցնենք, որ վերջին անգամ «Ատլետիկո»-ին 1995/96 թթ. մրցաշրջանում էր հաջողվել գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը:

 

«ՇԻՐԱԿ»-Ը ՀԱՍԱՎ ԳԼԵՆԴԵԼ

Իսկ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում արձակուրդ է. թիմերը նախապատրաստվում են գարնանը շարունակվելիք առաջնության խաղերին։ Արդեն գրել ենք, որ առաջատար «Արարատ»-ը ոչ միայն հավաք կանցկացնի Բուլղարիայում, այլեւ կմասնակցի միջազգային մրցաշարի։ Երկրի գործող չեմպիոն Գյումրու «Շիրակ»-ն էլ երեկ հանգրվանել է Կալիֆորնիայի ամենահայաբնակ քաղաքում՝ Գլենդելում, որտեղ կանցկացնի առաջիկա մեկ շաբաթը: Արդեն այսօրվանից Վարդան Բիչախչյանի սաները կսկսեն նախապատրաստվել փետրվարի 8-ին (Հայաստանի օրացույցով՝ փետրվարի 9-ին` առավոտյան 06:00-ին) «Լոս Անջելես Գելեքսի»-ի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս