ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԿԱ ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄ ԿԵՐՊԱՐՆԵՐԻՍ ՆԿԱՏՄԱՄԲ»

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի հետ զրուցեցինք հայ դրամատուրգիայի, գրողի տեղի եւ դերի, տարբեր կոչումների ու մրցանակների մասին։ Ըստ դրամատուրգի` մեզանում մրցանակի էությունը սխալ է հասկացվում:

-Հաճախ այն հասկացվում է որպես նպաստ, շատ վաստակ ունեցող գրողին ինչ-որ ժեստ անելու դրսեւորում։ Բայց այդ դեպքում մրցանակի բուն էությունը մոռացվում է, որովհետեւ մրցանակները կոնկրետ իրենց խորագիրն ունեն, ասենք թե` «Այս տարվա լավագույն գիրք»։ Եթե ինչ-որ մեկի հոբելյանն է, եւ նա չունի այդ մրցանակից, տալիս են՝ անկախ նրանից, թե նրա ներկայացրած գիրքն ինչ մակարդակի է այս անգամ։ Գուցե նախորդ գիրքը շատ լավն է եղել, բայց պատահում է, որ հատուկ արագ-արագ թղթերը հավաքում են, որ հասցնեն ներկայացնել։ Հանձնաժողովը պիտի շատ ավելի բծախնդիր լինի նման հարցերի նկատմամբ, բայց նաեւ հանձնաժողով ընտրողները պիտի բծախնդիր լինեն ընտրության հարցում։
-Գո՞հ եք Ձեր գործերը բեմադրող ռեժիսորներից։
-Եթե, օրինակ, իմ պիեսը բեմադրում են, ես շատ չեմ ծանրանում ո՛չ ռեժիսորի, ո՛չ թատրոնի վրա, որովհետեւ ազատ մեկնաբանության խնդիր կա։ Եթե ռեժիսորին վստահում ես, գիտես, որ նորմալ ռեժիսոր է, կարելի է չխառնվել. երբ խառնվում ես, կարծես նրա ձեռքերն անընդհատ կապում ես։ Նա նույնպես ստեղծագործող է եւ ազատ մոտեցման իրավունք ունի։
-Լինո՞ւմ է, երբ «զրուցում եք» Ձեր ստեղծած կերպարների հետ, ուզում եք ինչ-որ բան փոխել նրանց կյանքում։
-Լինում է, որ վեպը ծրագրում եմ մի ձեւով, բայց հենց որ կերպարներին սկսում եմ շունչ տալ, շարժել, իրենք շատ դեպքերում գնում են ինքնուրույն ճանապարհով։ Բացի այդ` կա նաեւ մեղքի զգացում կերպարներիս նկատմամբ. մասնավորապես, «Հիվանդանոց» վեպի իմ հերոսին ես մղեցի ինքնասպանության, որպեսզի ինքս չգնամ այդ քայլին։ Եվ մինչեւ այսօր այդ հերոսի նկատմամբ, չնայած ինքը գոյություն չունեցող հերոս է, մեղքի զգացում ունեմ։ Նման բաներ շատ են լինում։
-Սպասում եք մուսան գա, նո՞ր միայն սկսեք աշխատել, թե՞ նա աշխատելիս է գալիս։
-Եթե մուսային սպասես, կարող ես շատ սպասել։ Մուսային պիտի, կոպիտ ասած, վզից բռնած բերես մոտդ։ Գուցե պոետների մուսան պիտի անպայման գա ու հաճախ է գալիս. ոգեշնչման պահը կա։ Բայց արձակագիրների ու հատկապես դրամատուրգների համար աշխատանք է, եւ նստելու «մազոլը» պարտադիր է։
-Ինչպիսի՞ն է հայ դրամատուրգիայի վիճակը։
-Շատ վատ է. թատրոնը չի օգնում հայ դրամատուրգիայի ամրանալուն, որպեսզի հետո հայ դրամատուրգիան օգնի հայ թատրոնի կայանալուն։ Չի կարող կայանալ հայ թատրոն առանց հայ ժամանակակից դրամատուրգիայի։ Բայց թատրոնները հիմա ընկել են կոմերցիայի հետեւից։ Որ ասում ես, պատասխանում են՝ փող չունենք, մեր դրամատուրգիան լավը չէ։ Դրանք արդարացումներ չեն. դրամատուրգիան լավը կարող է դառնալ միայն թատրոն, բեմ տեսնելով։ Մարդը, ասենք, 10-15 պիես է գրել, բայց երբեւէ չի տեսել իր պիեսը բեմի վրա, որպեսզի հասկանա՝ բեմն ինչ է, ինքը որտեղից որտեղ է տանում։ Այստեղ ինժեներական խնդիրներ կան, եւ այսօր ապրող ու ստեղծագործող դրամատուրգը պիտի անպայման բեմին ծանոթ լինի։ Վերջիվերջո, պիեսը բեմում է ստանում իր ավարտուն, ամփոփ ձեւը։ Այդ երջանկությունը մեր դրամատուրգներից շատ քչերն ունեն, իսկ ունեցողներն էլ հազվադեպ են նման հնարավորություն ստանում։ Սրանով մեր թատրոնը իր ձեռքով փչացնում է մեր դրամատուրգիան, նաեւ կտրում է այն ճյուղը, որի վրա ինքը, ի վերջո, նստած է. չի կարելի Շեքսպիր կամ ֆրանսիական վոդեւիլներ բեմադրելով՝ թեկուզ հոյակապ, կայացնել հայ թատրոնը։
-Վերջին շրջանում քաղաքացիական ակտիվությունը մեծացել է, երիտասարդները տարբեր ակցիաներ են կազմակերպում, սակայն գրեթե չի երեւում լուրջ մտավորականը։
-Մտավորական հասկացողությունն ինքնին արդեն փոխված է, այսօր պիտի այլ կերպ մոտենանք։ Սովորաբար ասում են մտավորական ու պատկերացնում արվեստագետ, բայց ես, օրինակ, բնատուր տաղանդով նկարիչ գիտեմ, որ բացարձակ մտավորական չէ, եւ նրան չես էլ կարող մեղադրել. ինքը իր նկարը հոյակապ նկարում է։ Հիմա շատ մարդիկ կան՝ ջահելներ, ծրագրավորողներ, ովքեր մտավոր աշխատանքով են զբաղված, մտավորական են։ Մի քիչ պիտի ընդլայնել դրա սահմանները։ Ու կարծում եմ՝ այդ մարդկանց հասարակական, քաղաքացիական ակտիվությունը, իհարկե, ցանկալի է, սակայն պարտադիր չէ։ Թումանյանի, Իսահակյանի ժամանակ գուցե պարտադիր էր. կարգին պետություն չունեինք, համապատասխան ինստիտուտները չէին աշխատում, ստիպված գրողները, ազնիվ, պատասխանատու, խղճով մարդիկ իրենց վրա էին վերցնում այդ ամբողջ բեռը։ Իսկ այսօր շատերը գուցե PR-ի համար են անում այն, ինչ իմ նշած գրողներն ու էլի շատերն արել են անկեղծորեն։

 

 

 

 

 
ՀԱԿԱԳՈՎԱԶԴԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ

Երբ զրուցում ենք հատկապես երեխաների դաստիարակության հարցում հեռուստահաղորդումների եւ սերիալների թողած, մեղմ ասած, վատ ազդեցության մասին, ոմանք արդարացնում են դա։ Մասնավորապես նշում են, որ հոռի բարքեր, սպանություն, հանցագործություն ցուցադրելով՝ իրենք հակակրանք են առաջացնում այդ երեւույթների նկատմամբ։ Սակայն իրականում բոլորովին էլ այդպես չէ։ Փողոցում հաճախ կարելի է լսել անչափահասների խոսակցություններ` այս կամ այն «հերոսի» բառապաշարով, որը, մեղմ ասած, շատ հեռու է գրական հայերենից։
Եվ դժվար թե գտնես մի անչափահասի, ում համար հերոսը հայրենիքի զինվորն է, պարզապես մարդկանց բուժող բժիշկը, հրշեջը կամ ուսուցիչը։ Առանձին քննարկման թեմա է միասեռականների մասին հաղորդումները, որոնք կարող են վարակիչ նշանակություն ունենալ։ Որքան էլ ցանկանան պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները, չպետք է մոռանան, որ նրանց կյանքի, կենցաղի, կապերի մասին ցանկացած հաղորդում կարող է պարզապես ընդօրինակելի համարվել։ Ի դեպ, նույնիսկ Եվրոպայի սրտում` Ֆրանսիայում, տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու միասեռականների ամուսնությունը թույլատրող օրենքի դեմ…
Սոցցանցի օգտատերերից Արտաշես Փափազյանը գրել է. «Սեռական կյանքը խիստ անձնական է, գաղտնի, եւ պարզից էլ պարզ է, որ եթե անհատը այս խնդրով պրոբլեմներ ունի, ապա դրա համար կան զանազան հոգեբաններ, հոգեբույժներ, այլեւայլ բժշկական ծառայություններ… Իսկ եթե հիվանդի սեռական հակումները տարաբնույթ ագրեսիաներ են պարունակում կամ շարքային մարդկանց հոգեկան խաղաղությունն են խաթարում, կան օրենք ու իրավապահ մարմիններ: Սա լայն քննարկման առարկա չի կարող լինել»: Մինչդեռ արդեն քանի օր է` մի հեռուստաընկերություն գովազդում է հաղորդում, որտեղ կնոջ հագուկապով ներկա է իրեն «Կարմեն անվանող եւ սեռը փոխել ցանկացող մի առանձնյակ»: Նա դիմում է հ/ը-ին, որպեսզի չցուցադրվի այդ հաղորդումը։ Վերջում բերում է օրինակ. «Անցյալ դարի 60-ականներին ԱՄՆ-ում նարկոկարտելների կողմից նոր-նոր սկսվել էր LSD կոչված թմրանյութի մեծածավալ արտադրությունը ու, չնայած այն բավականին էժան էր, մեծ չափերի հասնող սպառում հնարավոր չէր իրականացնել. հասարակությունը համեմատաբար առողջ էր եւ թմրադեղեր քիչ էր օգտագործում: Գովազդ չես անի. արգելված է… Հեռուստատեսությամբ, մամուլով սկսեցին կազմակերպել զանազան հաղորդումներ, շոուներ, ասուլիսներ թմրադեղերի օգտագործման վնասների մասին: Թմրադեղամոլները պատմում էին, թե ինչ ծանր վիճակների մեջ են ընկնում, երբ հերթական դոզան չեն ընդունում, եւ ինչ երանություն են գտնում այն ընդունելուց հետո` միեւնույն ժամանակ խստագույնս հորդորելով հեռու մնալ այդ գայթակղությունից… 1-2 տարվա ընթացքում ԱՄՆ-ում թմրադեղեր օգտագործողների քանակը տասնապատկվեց»…

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

1.5 ՄԼՆ ՌՈՒԲԼԻ` ԱՊՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ճանաչված ռուս երգիչ եւ երգահան Յուրի Անտոնովը դատական հայց է ներկայացրել իրեն ապտակած բայքեր Ալեքսանդր Իշուտինի դեմ` նրանից որպես փոխհատուցում պահանջելով 1.5 մլն ռուբլի: Միջադեպը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերի 4-ին Բորովսկայա մայրուղում: Երաժիշտն ու բայքերը չեն կարողացել կիսել ճանապարհը, քանի որ Իշուտինի մոտոցիկլետը փակել է Անտոնովի ճամփան: Վիճաբանության ընթացքում բայքերը հարվածել է Անտոնովի դեմքին: Դրանից հետո Իշուտինը մեղավոր է ճանաչվել առողջությանը չնչին վնաս պատճառելու համար ու վճարել 30.000 ռուբլի տուգանք: Սակայն 2013թ. հուլիսին Մոսկվայի շրջանային դատարանը սկսել է գործի վերանայումը, որի շրջանակում Անտոնովն Իշուտինից պահանջում է 1.5 մլն ռուբլու փոխհատուցում: Գործով առաջիկա դատական նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին:

 

ԳՏԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ

Մահացել է ամերիկյան ճանաչված դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը: 46-ամյա օսկարակիր դերասանին մահացած են գտել Նյու Յորքի իր բնակարանում: Մահվան հավանական պատճառը թմրադեղերի չարաշահումն է: Անցյալ տարի դերասանը խոստովանել էր, որ տառապում է թմրանյութերի կախվածությունից: Հոֆմանը մեծ պահանջարկ ուներ ինտելեկտուալ ռեժիսորների շրջանում: Նա «Օսկար» է ստացել 2005-ին Բենեթ Միլլերի «Կապոտե» ֆիլմում Թրումեն Կապոտեի դերի համար:

 

ՎՈՒԴԻ ԱԼԵՆԸ` ՄԱՆԿԱՊԻ՞ՂԾ

Ամերիկացի կինոռեժիսոր Վուդի Ալենը հերքել է խորթ աղջկա կողմից իր հասցեին հնչեցված մանկապղծության մեղադրանքները: Նրա կարծիքով` 28-ամյա Դիլան Ֆերոուի` իրեն վարկաբեկող նամակը «սուտ եւ վիրավորական է»: Ռեժիսորի գործակալը հայտնել է, որ 78-ամյա Վուդի Ալենը «շատ շուտով» անձամբ կպատասխանի մեղադրանքին: 1992թ. Ալենի կին Միա Ֆերոուն նրան մեղադրել էր իրենց որդեգիր աղջկա` Դիլանի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, սակայն դատարանը ռեժիսորի մեղքի ապացույցներ չէր հայտնաբերել: Նշենք, որ Դիլան Ֆերոուն նամակ է գրել The New York Times թերթին, որտեղ մանրամասն նկարագրել է խորթ հոր սեռական ոտնձգությունները: Ըստ նրա` այդ ժամանակ ինքը յոթ տարեկան է եղել:




Լրահոս