ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում

Այս յուրօրինակ լուսանկարը ֆիքսել են BB Media ընկերության աշխատակիցները Լոս Անջելես քաղաքում: Ենթադրվում է, որ որոշ հայեր անգամ ԱՄՆ-ում են օրենքը շրջանցում, եւ սրա հեղինակն այս քայլով փորձում է կարգապահության իր մեթոդը կիրառել: Կարծում ենք, որ ՀՀ-ում էլ կարելի է նմանատիպ տարբերակներ գործածել: Գուցե դրանք հասարակության մեծամասնությանն օգնե՞ն հետիոտնի համար նախատեսված վայրերից ճիշտ օգտվելու հարցում:

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը բուժման նպատակով գտնվում է ՀՀ-ից դուրս, ապա այս դեպքում ինչպե՞ս է տեղի ունենում հաշմանդամի բժշկասոցիալական փորձաքննությունը:

Անի Հայրապետյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է ՀՀ-ից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա՝ բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի եւ այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ:
Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ նման դեպքերի համար գործում են բացառություններ, բայց պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ թղթաբանական քաշքշուկների մեջ կարող են հայտնվել այն քաղաքացիները, որոնց անհրաժեշտ է բժշկասոցիալական փորձաքննության վերջնական արդյունքը:

 

 

ՀԱՐՑ. Աղջիկս 2-րդ կարգի հաշմանդամ է եւ աշխատում է մանկապարտեզում: Կցանկանայի իմանալ` հաշմանդամներին աշխատանքային որեւէ երաշխիքներ հասնո՞ւմ են, թե՞ ոչ:

Ռուզաննա Սիմոնյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Սիմոնյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատանքի ընդունելիս հաշմանդամի համար փորձաշրջան չի սահմանվում:
Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը` բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկասոցիալական փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարումը կամ սպառնում է այլ անձանց առողջությանը եւ աշխատանքի անվտանգությանը:
Ադմինիստրացիային չի թույլատրվում աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնում ստացող անձանց:
Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:
Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ զբաղվածության պետական ծառայության տվյալների` 2013թ. նոյեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են որոշ ծրագրեր, որոնց արդյունքում աշխատանքի է տեղավորվել 216 աշխատանք փնտրող: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 208 աշխատանք փնտրող, որից 134-ը՝ հաշմանդամ, 113-ը՝ կին, 47-ը՝ երիտասարդ: Մեկ այլ՝ «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով նախատեսված է ընդգրկել 150 անձի: Ծրագրում տարեսկզբից ընդգրկվել է 81 անձ (76 գործազուրկ, 5 հաշմանդամ), որից 30-ը` կին, 12-ը` երիտասարդ:

 

 

ՀԱՐՑ. Ես ե՛ւ սովորում եմ, ե՛ւ միաժամանակ աշխատում: Դեռեւս ամենամյա արձակուրդ չեմ գնացել եւ չեմ օգտվել ուսման արձակուրդից: Խնդրում եմ ասել` քննությունների համար սահմանված եւ ամենամյա արձակուրդը կարո՞ղ եմ առանձին-առանձին ստանալ:

Հասմիկ Մխիթարյան (25 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի 7-րդ մասի՝ առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:
Մյուս կողմից ՀՀ ԱՕ-ի 174-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ ենթակետերի եւ 3-րդ մասի համաձայն՝ հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսհաստատություններում սովորող աշխատողներին ուսհաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ՝
1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ յուրաքանչյուր քննության համար՝ 3 աշխատանքային օր,
2) ստուգարքներին նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ յուրաքանչյուր ստուգարքի համար՝ երկու աշխատանքային օր,
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար՝ ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով,
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման եւ պաշտպանության համար՝ երեսուն աշխատանքային օր,
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու եւ հանձնելու համար` վեց աշխատանքային օր:
3. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու եւ վերադառնալու ժամանակը:
Վերոնշյալ հոդվածներից ակնհայտ է, որ Ձեզ տրվում է ե՛ւ ուսումնական, ե՛ւ ամենամյա արձակուրդ:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե մեզ դիմողին վստահեցրել են, որ նա չի կարող ստանալ իր երկկողմանի արձակուրդը, ապա ներկայացված պատասխանից դատելով` նա կարող է անվարան դիմել համապատասխան բաժին ու ստանալ իր արձակուրդը:




Լրահոս