Փուչիկները հետապնդում են Հայաստանի իշխող կուսակցությանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փուչիկները հետապնդում են Հայաստանի իշխող կուսակցությանը: Իսկ ավելի ճիշտ՝ փուչիկների պայթյունը: Դեռ չէինք մարսել 2012թ. մայիսի 4-ին հանրապետության հրապարակում կայացած հավաքի ժամանակ պայթած գազով փուչիկների հետեւանքները (այդ ժամանակ 154 երիտասարդ այրվեց ու ծանր վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց), երեկ Ծաղկաձորում մեկնարկած «Բազե» երիտասարդական հավաքի ժամանակ դարձյալ սկսեցին հերթով պայթել ՀՀԿ-ի փուչիկները:

Բարեբախտաբար, այս անգամ վիրավորներ չկան: Միայն ՀՀ վարչապետի մոտ տպավորություն ստեղծվեց, թե կրակում են: «Էդ ո՞վ է կրակում էնտեղ… հա՜ փուչիկներն են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ շարունակելով ելույթը: Բայց փուչիկներից մեկն էլի պայթեց: «Մեկ է, չեմ վախենա, ինչքան ուզում եք կրակեք»,- դարձյալ կատակի վերածեց Աբրահամյանը:

Սակայն ՀՀԿ երիտթեւի հավերժ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն անասելի այլայլվեց, նա աջ ու ձախ էր նայում՝ հասկանալու, թե ինչ է կատարվում: Բանն այն է, որ երկու տարի առաջ «զանգվածաբար պայթած» փուչիկներն էժան՝ մեթան գազով լիցքավորելու պատվերը տվել էր նույն Կարեն Ավագյանը քաղաքացի Սերոբ Բոզոյանի մոտ: Սակայն 2012-ի հոկտեմբերի 17-ին Բոզոյանը դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման, իսկ Ավագյանը դեռ շարունակում է փուչիկներ պատվիրել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս