Իշխանությունը կենցաղային հողի վրա «խուրդում» է ՕԵԿ-ին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՕԵԿ-ն աստիճանաբար վերածվում է ապաքաղաքական երեւույթի: Եթե մի կուսակցությունում թիվ մեկ հարց է դարձել գարաժի տեղի համար պայքարը բարձրագույն կրթական հաստատության հետ, այլեւս ի՞նչ մտածես տվյալ կուսակցության մասին:

ՕԵԿ-ականները մի քանի օր առաջ իրենց հանրահավաքում հայտարարում էին, որ բոլորի հետ պայքարելու են անհիմն թանկացումների դեմ, իսկ հիմա բոլորի դեմ են պայքարում (դիցուք` Ագրարային համալսարանի ղեկավարության եւ ուսանողության) հանուն ՕԵԿ-ի կամ Արթուր Բաղասարյանի ապօրինի տարածքի: Խոստովանենք. սարուձոր կա՝ մի դեպքում, ընդդիմադիր հեղափոխական կեցվածքի եւ, մյուս դեպքում` սովորական կենցաղային վեճի միջեւ: Ի դեպ, վերոհիշյալ համալսարանի ռեկտորն էլ քաղաքական առումով մի բարի պտուղ չէ: Ինչպես ասում են` ՕԵԿ-ն ու համալսարանն իրար արժեն: Որտեղից էլ գտե՞լ են իրար ու տեղավորվել այդքան հարմար:

Ի՞նչն էր խանգարում համալսարանի ռեկտորին ՕԵԿ-ին վռնդել սեփական տարածքից այն օրերին, երբ կուսակցությունը ՀՀԿ-ի համհարզն (համավորիկ հարսը) էր կոալիցիայում: Պատասխանը մեկն է` Հայաստանի նման երկրներում ԱԱԽ քարտուղարին ու իշխանական կուսակցությանը, սովորաբար, չեն վռնդում: Ավելին, սողում են այդպիսիների առաջ: Իսկ հիմա, երբ ՕԵԿ-ն այլեւս իշխանություն չէ, համալսարանին, կարծես, պետք չէ, եւ ռեկտորը բուհը ոտքի է հանել՝ գյուղտեխնիկայի ցուցադրության համար նախատեսված տարածքն Արթուր Բաղդասարյանից հետ ստանալու նպատակով:

ՕԵԿ-ն էլ կատաղի դիմադրում է, թեեւ ճիշտն այս դեպքում թքել-հեռանալը կլիներ, որովհետեւ խնդրո առարկա տարածքն առնվազն պապենական ժառանգություն չէ կամ արյուն-քրտինքով կառուցած մի բան:

Ագրարային համալսարանի առաջին կուրսի ուսանողին էլ անգամ պարզ է, որ իրենց ռեկտորն ու հարգարժան քաղաքական գործիչ Արթուր Բաղդասարյանը կարող էին հարցը կարգավորել ռեկտորի կաբինետում եւ ձեռքսեղմումով հեռանալ միմյանցից: Բայց արի ու տես, որ ոչ ռեկտորը եւ ոչ էլ Արթուր Բաղդասարյանն այդ հասարակ բանը գլխի չեն ընկել ու իրար դեմ բանակներ են հանել: Հատկապես ակտիվ է ՕԵԿ կանանց գունդը՝ ի դեմս Հեղինե Բիշարյանի: Եվ եթե տղամարդկանցից Հովհաննես Մարգարյանի առողջությունն ընդհանուր քաշքշուկի մեջ տեղի տվեց, ապա Հեղինեն մինչեւ վերջ մարտադաշտում մնաց, ու քիչ էր մնում երկաթյա ծանր ցանկապատն ընկներ նրա ոտքերին: Համալսարանի ռեկտորն է պատմում, թե ինչպես էր Հեղինե Բիշարյանը ոտքը խփում գետնին եւ սպառնում համալսարանի 200 տղամարդու` չվարանելով գեղեցիկ պիտակներ կպցնել նրանց: Էգ առյուծն արթնացել էր տիկնոջ մեջ, եւ նրան կանգնեցնելն այլեւս անհնար էր:

Ինչո՞ւ է խաղարկվում այս տրագիկոմեդիան: Մեր կարծիքով` հարցը երկու պատասխան ունի, որոնցից յուրաքանչյուրը ճիշտ է, ու կապ ունի, թե որ կողմից ես մոտենում հարցին` իշխանությունների տեսանկյունի՞ց, թե՞ հասարակության եւ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի: Եթե վերջիններիս տեսանկյունից ենք նայում, ապա միանշանակ է, որ այս թատրոնով ՕԵԿ-ը ձգտում է հաստատվել ընդդիմադիր դաշտում, զոհի, զրկվածի, լլկվածի կարգավիճակով` մենք ազնվորեն հանձնեցինք մեր պաշտոնները եւ դուրս եկանք կոալիցիայից, ու տեսեք, թե ինչ ճնշումների ենք ենթարկվում իշխանությունների կողմից: Եթե սա թատրոն չէ, այլ իրական պայքար, ապա ո՞ւր են ՕԵԿ-ի 100 հազարանոց շարքերը, եւ ինչո՞ւ հիմա նստացույց չեն անում Ագրարային համալսարանի աստիճանների վրա, որպեսզի այդ համալսարանի երիտՀՀԿ-ական ուսանողությունը չհամարձակվի երկաթե ցանկապատը շուռ տալ ՕԵԿ փոխնախագահի վրա:

Այս ողջ քաշքշուկի մեջ, անշուշտ, իշխանությունն էլ իր շահն ունի եւ հետապնդում է այն, չզարմանաք՝ ՕԵԿ-ի ակտիվ աջակցությամբ: Նորություն ասած չենք լինի, եթե պնդենք, որ միշտ իշխանություններն են որոշել, թե ժամանակի որոշակի հատվածներում որտեղ պետք է լինեն Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը` իշխանության մե՞ջ, թե՞ ընդդիմադիր դաշտում: Եվ հիմա, երբ Սերժ Սարգսյանը որոշել է, որ ժամանակն է Արթուր Բաղդասարյանին ընդդիմություն գործուղել, ամեն մի, թեկուզ աննշան առիթ, վերածում են մեծ ծեծկռտուքի, որպեսզի հնարավորինս արժանահավատ դառնա իշխանություն-ՕԵԿ հակամարտությունը: Ամերիկյան մարտաֆիլմի համար ավելի լավ սցենար չի էլ կարելի երազել` ՀՀԿ-ական երես առած ուսանողությունը հարձակվում է ընդդիմադիր քաղաքական ուժի տարածքների վրա… փոշի, էֆեկտներ` ցանկապատը օդ է թռչում, քիչ է մնում ընկնի կնոջ վրա, այդ կնոջ թիկնապահի ինքնազգացողությունը վատանում է, մի կերպ հասցնում են հիվանդանոց… Դերասանների ինչպիսի անզուգական խաղ` ընդհուպ մասսովկայի մասնակիցների կողմից սցենարից դուրս իմպրովիզներ` «ֆաք յու» արտահայտության տարբեր հնչերանգներով:

Իշխանությունը, միեւնույն ժամանակ, կենցաղային հողի վրա «խուրդում» է ՕԵԿ-ին` վերջինիս համար աննկատ ձեւով: Չի բացառվում, որ իշխանությունները, ՕԵԿ-ի ընդդիմադիր դառնալու հետ կապված, հասարակության եւ մամուլի արձագանքներից արդեն հասկացել են, որ թույլատրելի սահմաններից ավելի վարկաբեկված կուսակցությունից որեւէ օգուտ ակնկալելն այլեւս անիմաստ է, եւ հիմա ջանք են գործադրում 2017-ին այդ բալաստից ազատվելու համար: Հակառակ պարագայում իշխանությունները կփորձեին քաղաքական հարվածներ հասցնել ՕԵԿ-ին եւ ոչ թե նրան ներքաշել երկու անհաշտ տեգրակնոջ վայել վեճի մեջ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս