«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը` Կարեն Կոստանյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն է, աշխատանքի գնալիս պարբերաբար հայտնվում է արտառոց իրավիճակում:
Պարզվում է՝ գլխավոր դատախազի եղբայրը սովորություն ունի նախարարության շենք գնալ այն մուտքով, որտեղով մտնում են ՀՀ առողջապահության նախարարն ու փոխնախարարները: Շենքը հսկող անվտանգության աշխատակիցները թեեւ բազմիցս Կարեն Կոստանյանին բացատրել են, որ այդ մուտքով չի կարելի շենք մտնել, սակայն Կոստանյանը չի ընդունում այդ փաստը: Նա հայտարարում է, թե ինքը Գ. Կոստանյանի եղբայրն է, որից հետո անվտանգության աշխատակիցները, «բնականաբար» ստիպված են լինում ներս թողնել նրան:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Կարեն Կոստանյանից պարզել, թե ինչո՞ւ է իրեն արտոնյալի պես պահում, սակայն վերջինս տպավորություն թողեց, թե առաջին անգամ է նման տեղեկություն լսում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։