Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվող «Կանազի» գործի հերթական նիստը տեղի կունենա վաղը:
Armlur.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ Դավիթ Մարկոսյանն ասաց, որ իրեն արդեն չի հետաքրքրում, թե գործի քննությունն ինչ ընթացք կունենա, և դատավորն ինչպես կանցկացնի նիստերը: Պատճառը, ըստ ամբաստանյալի, այն է, որ ամեն ինչ «սարքած է»:
«Մարդուն ծեծում են, գցում ոտքի տակ, չի՞ նշանակում` սարքած ա: Ոնց ուզում, այդպես էլ անում են: Հիմա ինձ ոչ մի բան չի հետաքրքրում: Հետո ամեն ինչ կբացահայտվի, և բոլորն էլ կիմանան` ով պետք ա մեղադրյալ լինի, ով` տուժող»,- ասաց ամբաստանյալը:
Նշենք, որ վերջինիս նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի երկուսին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծկռտուք է տեղի ունեցել զինվորների և սպայական անձնակազմի միջև:
Չորս ամբաստանյալ զինվորները` Գարեգին Դանիելյանը, Դավիթ Մարկոսյանը, Արշակ Թորոսյանը և Ռազմիկ Մանուկյանը, մեղադրվում են 2013 թ. նոյեմբերի 2-ին Կանազի զինվորական հոսպիտալում ծեծկռտուք կազմակերպելու, իրենց վերադասին սպառնալու համար: Նրանք բախվել էին հոսպիտալի աշխատակիցների հետ: Զինվորականները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Տաթև Հարությունյան