Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը։ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ (ԲՄՊԽ) գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա), ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԲՄՊԽ ներկայացուցիչ, գնդապետ Իլհամի Դեիրմենողլուն (Թուրքիա): ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Ասկերանի ուղղությամբ անցկացվելու են ԵԱՀԿ դիտարկուներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ