«Դեմ.եմ» քաղաքացիական նախաձեռնությունը ուսուցիչներին, դասախոսներին և բուհերի այլ աշխատողներին օգնելու նպատակով նախաձեռնել է բաց նամակ ուղարկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ինչպես հայտնի է, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Այդ օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ բուհերի վարձու աշխատողների համար:
Հետևաբար, բուհերի որևէ դասախոս, ով ծնվել է 1974թ.-ի հունվարի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Այս հանգամանքը մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես այն դասախոսների համար, ովքեր համատեղությամբ աշխատում են նաև մասնավոր ընկերություններում, քանի որ բուհում աշխատելու պատճառով նրանցից կպահվի ոչ միայն համալսարաններից ստացվող աշխատավարձից, այլև մասնավոր հատվածից ստացվող աշխատավարձից սոցիալական վճար: Սույն նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք միասնական կարծիք հայտնել այս հարցի հետ կապված»:
Նշվում է, որ հետագայում կորոշվի հստակ օր և վայր, որտեղ կհավաքվեն բոլոր շահագրգռված անձինք նամակի թղթային տարբերակը ստորագրելու համար, որն էլ կուղարկվի կառավարություն: