ՄԵՂՍՈՒՆԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է. «Հայաստանում բոլոր նախորդ ընտրություններն անցել են խախտումներով` բացառությամբ մի ընտրությունից»` չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ որ ընտրությունը նկատի ունի: Թեեւ, դրա կարիքն առանձնապես չկա էլ` բոլորն էլ գիտեն, որ անկախությունից ի վեր ՀՀ-ում անցկացված ամենաթափանցիկ ու արդար ընտրությունները եղել են 1991թ. նախագահական ընտրությունները: Նույն կերպ եւ բոլորը գիտեն, որ  դրանից հետո անխտիր բոլոր ընտրություններն էլ անցել են կեղծիքներով: Հետեւաբար, ի՞նչն է Օսկանյանի ասածի մեջ ուշագրավ` ի վերջո,  նա որեւէ նորություն չի ասում: Իսկ ուշագրավն այս դեպքում ոչ թե ասածն է, այլ ասողը: Անկախության շրջանում անցկացված 9 համապետական ընտրություններից 8-ը կեղծելու մասին հայտարարում է մի մարդ, ով 10 տարի շարունակ եղել է ՀՀ կառավարության անդամ` զբաղեցնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ էլ` 3 տարի` 1994-1997թթ., եղել փոխարտգործնախարար: Ասել է թե` այն միակ չկեղծված ընտրությունը, որի մասին խոսում է Օսկանյանը, անցկացվել է այն ժամանակ, երբ ինքը դեռ չէր եկել իշխանության: Իսկ մնացած բոլոր 8 կեղծված ընտրություններն էլ անցկացվել են իր` իշխանության մեջ լինելու տարիներին: Հետեւաբար, ով, ով, բայց Վարդան Օսկանյանը նման հայտարարություններ անելուց առաջ պետք է մտածի` արդյոք ինքն իր անցած ուղով եւ քաղաքական վարքագծով դրա բարոյական իրավունքը վաստակել է: Չէ՞ որ լինելով իշխանության ամենավերին օղակներում` Օսկանյանը փաստացի ինքն էլ է մասնակցել այդ ամբողջ ընտրակեղծարարությանը: Ուստի, նրա երեկվա հայտարարությունը պետք է դիտարկել որպես ինքնախոստովանական ցուցմունք: Եւ այն հանգամանքը, որ նա, լինելով արտգործնախարար, անմիջականորեն ներգրավված չի եղել ընտրական գործընթացում, շատ բան չի փոխում. եթե անգամ Օսկանյանն անձամբ զբաղված չի եղել իր վերադասի` Ռոբերտ Քոչարյանի համար ընտրակաշառք բաժանելով կամ կեղծ քվեաթերթիկների լցոնմամբ, ապա որպես երկրի ԱԳՆ ղեկավար` հաստատ տեղեկացված է եղել կատարված կեղծիքների մասին` առնվազն միջազգային կազմակերպությունների կողմից հնչող կոշտ քննադատությանը դիմագրավելու համար: Հետեւաբար, Օսկանյանն ամեն դեպքում պետք է պատասխանատվություն կրի` առնվազն հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար:
Իսկ ընդհանրապես, Օսկանյանի` վերջին շրջանի հայտարարությունները բավականին տարօրինակ են. նա մե՛կ «ամպոտ ոտքերով» քննադատում է իր անմիջական շեֆի` Ռոբերտ Քոչարյանի օրոք արմատավորված կլանային-օլիգարխիկ համակարգը, ծաղկող կոռուպցիան, «Ա1+»-ի փակումն ու «մարտի 1»-ի սպանդը, մե՛կ հարազատ ԲՀԿ-ին մեղադրում տարիներ շարունակ «ձեւական կոալիցիայում» խամաճիկի դերում լինելու մեջ, հիմա էլ, փաստորեն, ուղղակիորեն հայտարարում է, որ Քոչարյանը լեգիտիմ նախագահ չի եղել: Ի՞նչ է սա` քաղաքական անմեղսունակությո՞ւն, թե՞ ազնվության ուշացած պոռթկում:




Լրահոս