ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱԽԱՐԱՐԻ ԹԻՄՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ ասուլիսը վերածեց շոու ներկայացման: Ասուլիսը տեղի ունեցավ ոչ թե նախարարության շենքում, այլ` նախարարի ընտանիքին պատկանող «Լեո 52» ակումբում: Ասուլիսն էլ ակումբային ոճի էր. անձամբ Մանուկյանը երեկ չէր մասնակցում ասուլիսին. սեղանի երկայնքով նստած էին նրա 5 տեղակալները, որոնց գլխավերեւում տեղակայված էկրանին հերթով ցուցադրվում էին Հովհաննես Մանուկյանի լուսանկարները: Ասուլիսի կեսից հանդիսավոր կերպով, դանդաղ քայլքով սրահ մտավ անձամբ նախարարը, բայց նստեց ոչ թե բանախոսների, այլ` լրագրողների կողքին, եւ սկսեց ամենայն ուշադրությամբ լսել իր ենթականերին: Երբ ԱՆ տեղակալներն ավարտեցին իրենց խոսքը, պարզվեց` լրագրողները հարցեր չունեին, եւ իրավիճակը փրկելու համար Մանուկյանն ինքը հարց տվեց. «Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս ընթացքում»: Այսքանով ասուլիսն ավարտվեց: Հետո Մանուկյանը կանգնեց սենյակի մեջտեղում` պատրաստվելով պատասխանել լրագրողների հարցերին, բայց արդեն լրագրողներից շատերը հեռացել էին: Իսկ նախարարը մեկնաբանեց, թե այդ ֆորմատով ուզեցել է ցույց տալ, որ նախարարությունը միայն նախարարը չէ, եւ իրենք աշխատում են թիմով: Սակայն անհասկանալի մնաց, թե այդ թիմի հետ ի՞նչ կապ ուներ ընտանեկան «Լեո 52» ակումբը, որտեղ անցկացվում էր ասուլիսը:

 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է. «Այս պահի դրությամբ շատ հանգիստ, շատ խաղաղ իրավիճակ է սահմանին ու կարծես թե այդ ընդհարումները չեն էլ եղել: Այս պահին ամեն ինչ նորմալ է: Ոչ միայն վերջին օրերի, այլեւ մյուս ժամանակների հետ համեմատած սահմանում տիրող իրավիճակը շատ հանգիստ է»: Հարցին՝ կարելի՞ է ասել, որ Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիի եռակողմ հանդիպումը տվել է իր արդյունքը, Արցախի վարչապետը պատասխանել է. «Ոչ միայն Սոչիի եռակողմ հանդիպումը: Այո, այն իր արդյունքը տվել է, բայց նաեւ մեր պաշտպանության բանակի կողմից տրված պատասխանն է ստիպել հակառակորդին մեղմացնել իրավիճակը սահմանի վրա: Երկու գործոններն էլ դեր են խաղացել»:

 
Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը թուլացել է արդեն, փոխարենը, սակայն, շարունակվում է թեժանալ «Օրինաց երկիր» կուսակցության եւ Հայաստանի ագրարային համալսարանի միջեւ առկա տարածքային վեճը: Երեկ բանը հասավ նրան, որ ապօրինի շինարարությունը կանխելու համար համալսարանի բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ ՕԵԿ-ի երկաթե պատնեշը տապալեցին գետնին: Քիչ մնաց երկու կարկառուն ՕԵԿ-ականներ՝ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, մահացու վնասվածքներ ստանային: Փառք Աստծո, նրանք ողջ ու առողջ են: Եվ այդ ընթացքում իր «տաղանդով» փայլեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի որդին՝ Կարեն Սարգսյանը: Նա մոր ներկայությամբ խուլիգանական հայհոյանքներ էր տալիս համալսարանի անձնակազմին: Երեւում է՝ նախկին ուսուցչուհի Բիշարյանի որդին մանկուց լավ է սերտել «հայհոյելու արվեստը»: Ինչպես համացանցում, այնպես էլ հասարակական վայրերում, Կարենը ի ցույց է դնում իր լկտի բառապաշարը՝ տպավորություն ստեղծելով, թե ՕԵԿ-ում հայհոյանք տվող է «աշխատում»:

 

 

ՀՀ Շիրակի մարզի 5 ընտանիք ունեցող Լեռնագյուղ համայնքն արդեն 14 տարի է՝ ոչ դպրոց ունի, ոչ էլ՝ դպրոցահասակ երեխա: Այս տարի եւս Լեռնագյուղը առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Լեռնագյուղի համայնքապետ Հմայակ Մարտիրոսյանի խոսքով՝ առաջիկա մի քանի տարիներին գյուղում առաջին դասարանի աշակերտ չի լինի: «Այս տարի միայն մի երիտասարդ ընտանիք եկավ գյուղ, վեց ամսական երեխա ունեն: Գյուղում ունենք նաեւ մի երեք եւ մի երկու տարեկան երեխա: Իմ երեխաներն էլ մինչեւ չորրորդ դասարան հաճախեցին հարեւան՝ Թորոս գյուղի դպրոց, հետո ուղարկեցի Գյումրի՝ բարեկամի տուն, այնուհետեւ մեկ այլ բարեկամի տուն, մինչեւ ավարտեցին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղի վիճակն այսպես ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ մարդիկ գյուղից հեռանում են անվերադարձ:

 
ՆԱԵՎ` ՊՈՄԻԴՈՐԻՎ

ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի, Նորվեգիայի եւ Ճապոնիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված կոշտ պատժամիջոցներին ի պատասխան նշված երկրների պարենային արտադրանքի ներմուծման կասեցումը բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ գնահատեցին որպես Ռուսաստանի կողմից Արեւմուտքի «խայծը կուլ տալու» դրսեւորում: Ու մինչ Կրեմլի քարոզչամեքենան փորձում է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները ներկայացնել որպես ուժի եւ անպարտելիության ցուցադրություն, հենց Ռուսաստանի ներսում արդեն քիչ թե շատ քաղաքականապես եւ տնտեսապես գրագետ խավերը սկսում են բարձրաձայնել, որ սա արդեն չափազանց էր, քանզի պատասխան պատժամիջոցների հետեւանքները կրկնակի ծանր են նստելու ՌԴ քաղաքացիների վրա:
Դրա առաջին ծիծեռնակներն արդեն իսկ առկա են` որոշ խանութների զգալիորեն դատարկված տաղավարների տեսքով, որոնք առաջիկայում սպառնում են է՛լ ավելի աղքատիկ տեսք ունենալ: Թեեւ, կարելի է չկասկածել, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, եւ Պուտինի վարչակարգն, այնուամենայնիվ, միջոցներ կձեռնարկի եվրոպական որակյալ սննդամթերքի սիրահար իր քաղաքացիներին իսպառ չզրկելու համար «իմպերիալիստական համադամներից»: Ի վերջո, չմոռանանք, որ ռուսները սիրում են համով ուտել, եւ որ 1905թ. հեղափոխությունը հենց անորակ մսի համար «Պոտեմկին զրահանավի» անձնակազմի ապստամբությունից սկսվեց: Սա, իհարկե, շատ լավ գիտակցում են նաեւ Կրեմլում, եւ կանխատեսում են, որ ինչքան էլ ներկայիս ռազմահայրենասիրական համազգային էքստազն ուժեղ լինի, այն ընդհատվելու է` հենց ազգը սկսի քաղց զգալ:
Ուստիեւ` դա թույլ չտալու համար, ճիշտ է` ավելի թանկ գնով, արգելված սննդամթերքը ռուսներին կհասցվի (թերեւս արդեն իսկ հասցվում է) ՄՄ անդամ երկրների` Ղազախստանի եւ Բելառուսի միջոցով, ինչից վերջիններս զգալի եկամուտներ կունենան: Հիշեցնենք, որ ժամանակին նույնկերպ ռուս սպառողներին չզրկեցին վրացական արգելված «Բորժոմի»-ից` այն ռուսական խանութների տաղավարներին հասցնելով ղազախական եւ բելառուսական մաքսակետերից:
Այս իրավիճակում նոր հնարավորություններ են բացվում նաեւ Հայաստանի համար, որի գյուղատնտեսական արտադրանքը բավականին որակյալ լինելով հանդերձ` սպառման շուկայի խնդիր ունի: Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը` հսկայական ռուսական շուկայում ի սկզբանե մեր տեղն ամրագրելու ուղղությամբ: Առայժմ` կարծես թե ոչինչ: Մինչդեռ սա հրաշալի առիթ է պոմիդորի աճեցմամբ միլիոնատեր դարձած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար` ցուցադրելու իր տաղանդը եւ այդպիսով խոստացված տնտեսական աճն ապահովելու:

 




Լրահոս