ԵԿՄ-ՈՒՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ-ում կրքերը գնալով ավելի են բորբոքվում. ԵԿՄ կենտրոնի կառույցի ղեկավար Ռուբեն Նազարեթյանի կողմնակիցները նախկին ղեկավարին` Արտաշես Գյումրյանին, եւ որդուն մեղադրում են ֆինանսական չարաշահումների մեջ:
Երեկ նրանք հավաքվել էին ԵԿՄ կենտրոնի գրասենյակում եւ պատմեցին, որ կենտրոնը տարիներ շարունակ դարձել է «ռազբորկայի կենտրոն», որտեղ փողեր են ստացել, շներ պահել, ծեծել, ջարդել:
Ինչ վերաբերում է ֆինանսական չարաշահումներին, ապա զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկներին օգնության համար կատարվող հանգանակությունները` միջինը 3000-5000 հազար դրամի չափով, տարիներ շարունակ չեն տրվել նրանց: Գյումրյանները պետպատվերով բուժման ուղեգրերը եւս նախկին ազատամարտիկներին չեն տվել: «Երեւան» տոնավաճառի նախկին տնօրեն Արմեն Ղահրյանն էլ հայտարարեց, թե շուկայի տիրոջ` Հակոբ Մուրադյանի հետ կայացված որոշման համաձայն`  գումարի փոխարեն բնամթերք` ձեթ, հավ, բրինձ, մակարոն եւ այլ ապրանքատեսակներ են տրվել զոհվածների ընտանիքներին, սակայն այդ չեկերը չեն հասել հասցեատերերին:
Քննարկմանը ներկա երկրապահները տեղեկացրին, որ Արտաշես Գյումրյանը վաճառել է ԵԿՄ-ի նախկին` Ալավերդյան փողոցում գտնվող 480 քառակուսիմետրանոց գրասենյակը, ինչպես նաեւ համար 96 եւ 14 երթուղիները, որոնց հասույթից իրենք հոգում էին սոցիալապես անապահով ազատամարտիկների հոգսերը:
Թե ինչու մինչ այս չէին բարձրաձայնում նշված խնդիրների մասին եւ դա արեցին Գյումրյանների հեռանալուց հետո, ներկաները պատասխանեցին. «Գիտեինք, որ սենց էր, բայց չէինք ուզում, որ սենց լիներ»:
ԵԿՄ կենտրոնի կառույցի նախկին ղեկավար Արտաշես Գյումրյանը երեկ անհասանելի էր: «Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել նրա որդու` ԵԿՄ-ից հեռացած Էդիկ Գյումրյանի հետ: Վերջինս հերքեց ֆինանսական չարաշահումների մեղադրանքները: «Ընդամենը ուզում եմ հարցնել` նոյեմբեր ամսին ես հրամանով հեռացվել եմ: Հիմա արդեն ապրիլ ամիսն է: Այսքան ամսվա մեջ ինչո՞ւ չէին խոսում: Ես նոյեմբերին հանձնել եմ կնիքը, հանձնել եմ գործերը, հիմա են ասում այդ ամենը»,-ասաց նա` հավելելով, որ ինքը հոգնել է այս պատմություններից ու քանի որ դուրս է եկել ԵԿՄ-ից, ցանկանում է ապրել հանգիստ կյանքով: «Մենք դուրս ենք եկել, իրավունք չունե՞նք ՀՀ մյուս քաղաքացիների նման ազատ, հանգիստ ապրելու: Ավելին չեմ կարող խոսել, հոգնել եմ այս ամենից»,-դժգոհեց Գյումրյանը:
Հիշեցնենք, որ երեկ հայտարարություն տարածվեց, որ 70 երկրապահներ դուրս են եկել ԵԿՄ-ից: Սակայն ԵԿՄ Երեւանի կենտրոնի կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարեթյանն ասաց, թե 70 անձանցից 6-ը ներկա է իրենց հանդիպմանը, 35-ը ԵԿՄ-ի հետ ոչ մի առնչություն չունի, իսկ 4-ն էլ տարիներ շարունակ չեն բնակվում Հայաստանում:
Ուշագրավն այն է, որ ԵԿՄ-ում այս իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն իրենց համագումարի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Եւ հիմա ստացվում է, որ ԵԿՄ-ից հեռացնում են իրենց կամքով վաղուց հեռացածներին:
Հիշեցնենք, որ Արտաշես Գյումրյանն ասել էր, թե Մանվել Գրիգորյանը քանդեց «Երկրապահ»-ը: Ըստ նրա` Գրիգորյանն իրեն ստիպել է «Փարիզյան սուրճ»-ում ունեցած 30 տոկոս բաժնեմասը վաճառել: Գյումրյանը սպառնացել է նաեւ այլ բացահայտումներ անել գեներալ Մանվելի եւ իր փոխհարաբերությունների մասին:

Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս