ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻՑ ՇԱՐԺՎԵՑ

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը երեկ հայտարարել է, թե արտգործնախարարությունը միջազգային կառույցներին համապատասխան ապացույցներ է ներկայացնում ադրբեջանական գերության մեջ ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության վերաբերյալ: Փաստորեն, վերջապես ՀՀ ԱԳՆ-ն բացի հայտարարությունից, նաեւ գործնական քայլեր է կատարում սահմռկեցուցիչ այդ միջադեպի վերաբերյալ: Ընդ որում, նա համապատասխան քայլեր է սկսել դեպքից մոտ մեկ շաբաթ անց: Թերեւս պետք է խորին շնորհակալություն հայտնել ԱԳՆ-ին, արտաքին գործերի վսեմափայլ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որ վերջապես բարեհաճեցին այդքան օպերատիվ կերպով քայլեր անել. ի վերջո, նրանք կարող էին միջադեպին անդրադառնալ, ասենք, մեկ-երկու ամիս անց: Հիմա մնում է սպասել արդյունքներին:

 

 

Մինչ Սերժ Սարգսյանը, ՌԴ-Արեւմուտք փոխադարձ պատժամիջոցներից ոգեւորված, հայտարարում էր, թե Հայաստանի համար դեպի ռուսական շուկա արտահանման նոր հնարավորություններ են բացվում, երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին: Համաձայնեք, որ ռուս-թուրքական պայմանավորվածություններն արդեն իսկ մեծ հարցականի տակ են դնում ՀՀ իշխանությունների ակնկալած արդյունքները. ի վերջո, ռուսական շուկան գրավելու համար Թուրքիայի հնարավորություններն անհամեմատ մեծ են. բավական է միայն նշել ՌԴ-ի հետ ծովային անմիջական սահմանը, որը ապրանքների արտահանումը էժանացնում է մի քանի անգամ: Այնինչ՝ ՀՀ-ն ՌԴ ապրանքներ է արտահանում եվրաինտեգրացիայի ուղին բռնած Վրաստանի միջոցով. իսկ թե Վերին Լարսի անցակետում ինչ վիճակ է պարբերաբար տիրում, հայտնի է շատերին:

 

 

Տավուշի մարզի Չինարի գյուղը ներառող թիվ 41 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) մինչեւ օրս այդպես էլ ոչ մի անգամ գյուղ չի այցելել՝ պարզելու, թե ինչ վիճակում են գտնվում գյուղացիները ադրբեջանական գնդակոծություններից հետո: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավորն արդարացավ, թե երկրում չի եղել, բայց Հայաստան վերադառնալուն պես զրուցել է Չինարիի գյուղապետի հետ ու պատրաստվում է սեպտեմբերին այցելել իր ընտրատարածք՝ նաեւ սահմանամերձ Չինարի գյուղ: «Ես ունեմ գրաֆիկ, ես իմ գրաֆիկով գնում, իմ ընտրողների հետ հանդիպում եմ, հաջորդ հանդիպումը իմ ընտրողների հետ լինելու է սեպտեմբեր ամսին: Երբ որ գյուղում կրակոցներ էին հնչում, ես այստեղ չէի, դրա համար չէի գնում, հիմա սեպտեմբերին գնալու եմ, բայց այս ընթացքում իմ աջակցությունը ցուցաբերել եմ գյուղին»,-հայտարարեց պատգամավորը՝ որեւէ կերպ չցանկանալով նշել, թե ինչ աջակցության մասին է խոսքը:

 

 

Երեւանում գործող երթուղիների մի մասը սկսել է նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին չաշխատել: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ երթուղայինների խնդիրը կկարգավորվեր, եթե հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրանար. «Արդեն ուշ է: Աղմուկ անենք, գոռանք, միեւնույն է՝ ուշ է: Մենք արդեն գլորվում ենք ներքեւ: Ձեզ համար նոր փոխադրողներ գտեք: Այսօր չունենք մի ընկերություն, որը պարտք չունենա: Եվ այն ընկերությունները, որոնք 10 մլն դրամից ավելի պարտք ունեն, չեն կարողանում իրենց հարկային պարտավորությունները կատարել: Հարկային մարմինները դիմել են համապատասխան կառույցներին, որպեսզի 15 ընկերության լիցենզիաները հետ վերցնեն: Բայց ցավալին այն է, որ ներկայացված թիվն օր օրի աճում է: Կարող եմ ասել, որ ներկա պահին 10 երթուղի չի աշխատում»: Ստացվում է, որ նախկինում ամենաեկամտաբեր համարվող «գծերի» բիզնեսը կամաց-կամաց նահանջում է:

 
ԿԱՐԵՎՈՐԸ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Սոչիում կայացած վերջին` Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման արդյունքների քննարկումները շարունակվում են: Մասնավորապես` Հայաստանի արեւմտամետ փորձագետներն ու քաղաքական շրջանակները Պուտինի կազմակերպած հանդիպումը համարում են Ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից դուրս բերելու եւ միանձնյա տնօրինման տակ վերցնելու անթաքույց փորձ, որը Հայաստանի համար մեծ վտանգներով է հղի: Եվ այս պնդումն իբրեւ անհերքելի իրողություն ընդունելով` շտապում են իրենց վերլուծություններով գնալ շատ հեռուն, ընդհուպ` մինչեւ ԵԱՀԿ Մինսկի ֆորմատի գրծունեության դադարեցում եւ ղարաբաղյան հակամարտության` ապամիջազգայնացման, «ռուսական աշխարհի ներքին գործ» դառնալու տխուր հեռանկարների ամրագրում:
Մինչդեռ առանց սխալվելու մտավախության` նման կանխատեսումները կարելի է չափազանցություն համարել, քանզի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ոչ վաղ անցյալին հպանցիկ ծանոթությունն անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանի կողմից նման նախաձեռնությունները, կամ ինչպես այսօր ահազանգում են մեր արեւմտամետ գործիչները` «ապամիջազգայնացման փորձերը» նախկինում էլ են եղել, եւ ոչ մեկ անգամ: Բավական է հիշատակել թեկուզ 2009-2011թթ. Դմիտրի Մեդվեդեւի անմիջական ջանքերով կազմակերպված մի քանի եռակողմ հանդիպումները, այդ թվում` հենց նույն Սոչիում: Հատուկ ընդգծենք, որ այդ ժամանակ էլ Ադրբեջանն անընդմեջ դժգոհում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից եւ անգամ ավելի ակտիվ ջանքեր էր գործադրում` կարգավորման ֆորմատը փոփոխելու եւ ՄԱԿ-ի հովանու ներքո տեղափոխելու ուղղությամբ:
Սակայն ինչպես տեսանք, ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը չփոխվեց ո՛չ ռուսների, ո՛չ էլ ամերիկացիների ակտիվացման առանձին փորձերից:
Առհասարակ, կարգավորման քսանամյա ընթացքում եղել են երեք առանցքային հանդիպումներ, երբ կարծես թե կողմերն առավելագույնս մոտ են եղել խնդրի կարգավորմանը. 2001 թ. Քի Ուեսթ` ԱՄՆ-ի անմիջական հովանու ներքո, 2006 թ.Ռամբուե` Ֆրանսիայի ջանքերով, եւ 2011թ.Կազան` արդեն ռուսների տիրույթում: Եվ եթե այսօր Պուտինին հաջողվեց ավելի առաջ անցնել իր ֆրանսիացի գործընկերոջից, եւ հանդիպումը կազմակերպել ավելի շուտ, քան հոկտեմբերին Փարիզում նախատեսվող հանդիպումն էր, ապա դա դեռ չի նշանակում, որ այն առհասարակ չի կայանալու: Եվ կամ` ինչպես բոլորովին վերջերս հարյուրտոկոսանոց վստահությամբ կանխատեսում էին մեր նույն արեւմտամետ փորձագետները, Ալիեւն ու Սարգսյանն անպայման հանդիպելու են սեպտեմբերի վերջին` Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Եվ ի վերջո` անկախ արեւմտա-արեւելամետ փորձագետների գնահատականներից, փաստն այն է, որ Սոչիում ՀՀ նախագահը հանդես եկավ վստահ եւ անզիջում դիրքերից, իսկ այդ հանդիպումից հետո էլ սահմանում լարվածությունը նկատելիորեն թուլացավ:

 




Լրահոս