ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՄԱ՞Ծ ԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մարտի 30-ին իրենց բնակիչների եւ ոստիկանության միջեւ բախում է եղել: Վերջինս չներկայացավ` նշելով, որ չի ցանկանում խնդիրներ ունենալ ոստիկանության հետ:
Պատմեց, որ այնտեղի օրինապահները Ճամբարակի գազալցակայանի մոտ վիճաբանել են բնակիչների հետ: «Ոստիկանները եղել են խմած ու էկել, սկսել են կռվել մարդկանց հետ: Ինքը շատ մեծ դեպք ա, Ճամբարակի ոստիկանապետը` Գեւորգյան ա ազգանունը, շատ թույլ մարդ ա, չի կարողանում էդ համակարգը ղեկավարի: Էդ կռվող ոստիկաններից մեկի անունը գիտեմ` Արթուր ա: Մարդիկ գնացել, բողոքել են, ու ինչքան տեղյակ եմ` էդ ոստիկանները գնացել, վկայականները հանձնել են: Հետո էս ամեն ինչի մասին իմացել ա վարչության պետ Վարդան Նադարյանը: Հիմա ուզում են գործը փակեն, որ ոչ մեկը չիմանա դրա մասին, էսքանով սահմանափակվեն: Բայց ես ուզում եմ, որ գոնե դո՛ւք գրեք դրանց այլանդակությունների մասին»,-նշեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին` ճշտելու դեպքի մանրամասները: Սակայն այնտեղից ասացին, որ նման դեպք չի եղել: Տեղի ոստիկանության բաժանմունքում էլ վստահ են, որ այդ պատմությունը հյուսել է Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:
Մենք, իհարկե, կփորձենք ականատեսներ գտնել` պարզելու, թե ինչ է եղել իրականում:




Լրահոս