ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության պայմանագրի նախագծին հավանություն տալու մասին կառավարության որոշումը: Հիմա այն ստորագրելու առաջարկություն ներկայացվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ կառավարության կայքի փոխանցմամբ, վարչապետի ստորագրած պայմանագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որն արտացոլում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները:
ՌԴ կառավարության այս որոշումը, սակայն, դեռ չի նշանակում, որ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը շատ արագ իրողություն կդառնա. առաջիկայում նման գործընթաց պետք է իրականացնեն նաեւ Ղազախստանի ու Բելառուսի կառավարությունները: Սա նշանակում է, որ գործընթացի ձգձգում, ինչպես հայտնի է, այդ երկրներից հատկապես Ղազախստանը, պայմանավորված Ադրբեջանի հետ իր բարիդրացիական հարաբերություններով, լուրջ վերապահումներ ունի ՀՀ անդամակցության պայմանների վերաբերյալ, եւ նախապայմանների մասին Նազարբաեւն արտահայտվել էր Աստանայում մայիսին կայացած գագաթաժողովի ժամանակ: Ճիշտ է, թեեւ Ղազախստանի առաջ քաշած նախապայմաններին ՀՀ-ն համաձայնել է, եւ Ս.Սարգսյանը դրանից հետո հայտարարել էր. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»: Սակայն սա այսբերգի երեւացող մասն էր: Որոշակի խնդիրներ կան նաեւ մաքսատուրքերի դրույքաչափերի հետ կապված. ՀՀ-ն բանակցում է` որոշակի արտոնություններ ստանալու համար, բայց դրան ԵՏՄ մյուս երկրներն այնքան էլ հակված չեն:
Պատահական չէ, որ երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ իրենք էլ հիմա սպասում են ԵՏՄ անդամ մյուս երկու երկրների քայլերին: «Հայաստանը սպասում է, որ Ղազախստանն ու Բելառուսը հավանության արժանացնեն Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու փաստը»,- ասել է նա, մյուս կողմից, սակայն, հավելելով, որ առայժմ տեղեկություն չկա, թե նրանք երբ կգնան այդ քայլին: Ճշմարիտյանի տեղեկացմամբ, միայն ԵՏՄ բոլոր երեք երկրների կողմից պայմանագիրը վավերացվելուց հետո Հայաստանը կկարողանա անդրադառնալ դրան: «Չեմ կարծում, թե դա մեկ օր կամ երկու օր հետո կլինի, համաձայնեցումից հետո կլինի»,- ասել է նա:
Հայաստանի իշխանությունների այս անտեղյակությունը, թերեւս, դարձել է օրինաչափ երեւույթ. առաջին դեպքը չէ, երբ ՀՀ իշխանությունները տեղյակ չեն մեր պետությանն առնչվող կարեւոր հարցերի մասին: Ի վերջո, եթե Սերժ Սարգսյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպումից հետո չգիտի` երբ տեղի կունենա ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, Կարեն Ճշմարիտյանը որտեղի՞ց իմանա: Իր հայտնի հարցազրույցում, Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունն այս տարի կլինի, թե ոչ, ասել է. «Անդամակցությունը մենք երբեք չէինք ենթադրում, որ այս տարվանից կլիներ: Խոսքը երեւի ստորագրման մասի՞ն է: …Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ` կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց` մինչեւ աշուն: Տեսնենք»: Այսինքն` նման կարեւոր հարցերի մասին Սերժ Սարգսյանը խոսում է` «կարծում եմ», «մեկ էլ տեսար» եւ նման այլ տերմիններով: Իսկ այս բառապաշարը, խոստովանենք, նրա օգտին չի խոսում:
Իհարկե, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի այս անտեղյակությունը հետեւանք է այն բանի, որ ԵՏՄ անդամ մյուս երկու երկրներն առաջնային չեն համարում ՀՀ անդամակցության հարցը, հետեւաբար` չեն շտապում պայմանագրի վավերացման հարցում: Մանավանդ որ ԵՏՄ անդամ երկրներից յուրաքանչյուրն իր շահն ունի, եւ այս գործընթացից փորձում է քաղել իր համար առավելագույնը:
Ի դեպ, այս գործընթացի համատեքստում երեկ հայտնի դարձավ մեկ ուշագրավ փաստ. Ռուսաստանն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել թուրքական ապրանքների ներկրման ընդլայնման մասին: Ինչպես հայտնի է, Արեւմուտքի հետ փոխադարձ պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն փակել է իր շուկան ԱՄՆ եւ ԵՄ արտադրանքի առաջ: Կատարվածն այնքան էր ոգեւորել Սերժ Սարգսյանին, որ իր հարցազրույցում այդ մասին խոսելիս, հայտարարել էր. «Ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Խնդրեմ` կոմպենսացնենք»: Երեկ էլ Ճշմարիտյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ հայկական գյուղմթերքի փոխարեն ռուսական շուկայում մեծ տեղ տան թուրքականին, ասել է. «Ինձ թվում է` դուք պետք է ՌԴ-ին այդ հարցն ուղղեք»: Բայց ձեռքի հետ էլ նա հերթական անգամ հերթական աճն է կանխատեսել. ըստ նրա` ՌԴ նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների խստացմամբ պայմանավորված, ռուսաստանյան շուկայում հայկական գյուղմթերքի իրացման ծավալները կարող են ավելանալ:
Միայն թե, նկատենք, որ Թուրքիայի հետ համապատասխան պայմանավորվածություններն արդեն իսկ մեծ հարցականի տակ են դնում ՀՀ իշխանությունների ակնկալած արդյունքները. ի վերջո, ռուսական շուկան գրավելու համար Թուրքիայի հնարավորություններն անհամեմատ մեծ են. բավական է միայն նշել ՌԴ-ի հետ ծովային անմիջական սահմանը, որն ապրանքների արտահանումը էժանացնում է մի քանի անգամ: Այնինչ, ՀՀ-ն ՌԴ ապրանքներ արտահանում է եվրաինտեգրացիայի ուղի բռնած Վրաստանի միջոցով. իսկ թե Վերին Լարսի անցակետում ինչ վիճակ է պարբերաբար տիրում, հայտնի է շատերին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱՆԳԱՄ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում շուրջ մեկ տարի է, ինչ բուժաշխատողները աշխատավարձ չեն ստանում: Անձնակազմը տնօրինությունից բազմից պահանջել է վճարել աշխատավարձերը, սակայն՝ անօգուտ: Հիվանդանոցի տնօրինությունը նախորդ տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների աշխատավարձերը չի վճարել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանից պարզել, թե ինչն է ուշացումների պատճառը, սակայն մեր զրուցակիցն ասաց, թե ինքն արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ հիվանդանոցում չի աշխաում: Թե որն էր աշխատանքից ազատման պատճառը, նա չցանկացավ հայտնել: Գուցե դարձյալ աշխատավա՞րձը: Այնուամենայնիվ, դիմեցինք Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բուժվարչության գծով տեղակալ Արթուր Ավագյանին, ով էլ հրաժարվեց պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցերին՝ պատճառաբանելով. «Օր վերցրեք, եկեք հիվանդանոց ու ձեր հարցերին կպատասխանենք»:
ՆՎԵ՞Ր Է ՏԱԼՈՒ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը մտադրություն ունի Երեւանի ամենագեղեցիկ բլուրներից մեկի՝ Մյասնիկյան պողոտայի հարակից բարձունքի վրա կառուցած իր շքեղ առանձնատունը նվիրել Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Ս. Խաչատրյանն այդ նվերը մատուցում է այն բանի համար, որ Ս. Սարգսյանը շատ բարեհաճ գտնվեց իր ընտանիքի նկատմամբ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից, ով էլ անմիջապես հերքեց՝ նշելով. «Էդ ով է նման ապուշություն ասում, չէ, նման բան չկա, հերթական անհեթեթությունն է, ինչ-որ բան են մոգոնում»:
ԿՎԵՐԱՆԱՅԵՆ
Արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող պոլիկլինիկաների անձնակազմերի՝ մի քանի դրամով բարձրացված աշխատավարձերը հնարավոր է առաջիկայում վերանայվեն: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Անշուշտ, մենք կողմնակից կլինենք եւ կփորձենք հայթայթել նման հնարավոր միջոցներ այն վերանայելու: Ես առաջիկայում ունենալու եմ հանդիպում երկու քույրական ասոցիացիաների ղեկավարների հետ, որտեղ կքննարկենք ոչ միայն ֆինանսական այս խնդիրները, այլեւ վերապատրաստման եւ այլ խնդիրներ»,- լրացրեց նախարարը: Հիշեցնենք, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված էր այս տարվա հուլիսի 1-ից արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող անձնակազմերի աշխատավարձերը բարձրացնել. տեղամասային բուժքույրերի աշխատավարձը բարձրացել է ընդամենը 3, իսկ բժիշկներինը՝ 33 դրամով: Սա հարուցել էր մի շարք բուժքույրերի զայրույթը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԲԵՐՔՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Վերջին 4 տարում Հայաստանում ցորենի բերքն ավելացել է 85%-ով: Կառավարության երեկվա նիստում այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նրա՝ եթե 2010թ. բերքը կազմել էր 183 հազար տոննա, ապա այս տարի սպասվում է 340 հազար տոննա:
ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը Օբամայի աշխատակազմին կոչ է արել, որպեսզի ԱՄՆ-ն ղեկավար դեր ստանձնի եւ կանգնեցնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ պատերազմի տանող շարժումը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի մամուլի ծառայությունից:
«ՕՐԻՆԱՑ»-Ի ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի՝ քաղաքաշինության հողի վերահսկողության տարածքային երկրորդ բաժնի պետ Արմեն Գեւորգյանն Armlur.am-ին տեղեկացրել է, որ քաղաքապետարանը Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից իրականացվող շինությունը ապօրինի է ճանաչել: Նրա խոսքով՝ արդեն երկրորդ անգամ է, որ ապօրինի շինարարություն իրականացնողները տուգանվում են: «Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն` առաջին անգամ տուգանվելու դեպքում տուգանքի չափը կազմում է 200 հազար դրամ, երկրորդ դեպքում` 500 հազար դրամ: Տուգանքի չափը կարող է հասնել մինչեւ 2 միլիոն 500 հազար դրամի»,- նշել է Ա. Գեւորգյանը:
ԷԼԻ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: