ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՀԵՏԱՑԱԾ 122 ՏՈՆՆԱ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Շիրակ» օդանավակայանի 122 տոննա վառելիքի անհետացման գործը կարճվել է: Մինչդեռ «Շիրակ» օդանավակայանի ղեկավար Սեյրան Չուխաջյանը հայտարարում էր, որ կատարվածի մեջ մեղավոր է վառելիքաքսուքային բաժնի ծառայության վերահսկիչ Հարություն Հովհաննիսյանը:

2013թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունը ստուգումներ էր իրականացրել օդանավակայանում, քանի որ ահազանգ էին ստացել, որ օդանավակայանից 122 տոննա դիզվառելիք է անհետացել: Սա նշանակում էր, որ «Շիրակ» օդանավակայանից թռիչքի դուրս եկած ինքնաթիռներն ամեն պահի կարող էին ունենալ վառելիքի խնդիր, քանի որ պահեստից «մկները տարել էին» վառելիքը: Իհարկե, մինչ այս աղմկահարույց դեպքի բացահայտումը, օդանավակայանում վառելիքի անհետացման գործով ծառայողական քննություն էր նշանակված եղել, սակայն օդանավակայանի ղեկավար Սեյրան Չուխաջյանը, չսպասելով ծառայողական քննության ավարտին, եւս մեկ ստուգում էր իրականացրել եւ պարզել, որ օդանավակայանից 122 տոննա վառելիք է անհետացել:
Օդանավակայանի տնօրենը կատարվածի մեջ մեղավոր էր համարում վառելիքաքսուքային բաժնի ծառայության վերահսկիչ Հարություն Հովհաննիսյանին։ Իսկ ահա Հարություն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե ամբարներն անմխիթար վիճակում են եղել, ինչի արդյունքում ճեղքվածք է առաջացել եւ վառելիքը թափվել գնացել է:
Քանի որ «Շիրակ» օդանավակայան ՓԲԸ-ն գտնվում է «Արմենիա» միջազգային օդանավակայանի ենթակայության տակ, որն էլ պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին, Սեյրան Չուխաջյանը կատարվածի մասին տեղյակ էր պահել իր վերադասին:
Այս փաստի առթիվ նշանակվել էր փորձաքննություն: Շուրջ 10 ամիս տեւած քննությունից հետո «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ քր. դատ օր. 35 հոդվածի հատկանիշներով գործը կարճվեց` (հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` բացակայում է հանցագործության դեպքը, արարքի մեջ հանցակազմ չկա): Այսինքն՝ հանցագործ չի գտնվել անհետացած վառելիքի մասով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանն ասաց, որ իրենց փաստաթուղթ են ուղարկել, որ քննությունը ավարտվել է. «Հիմնավորել էին, թե ամբարներն են վառելիքի անհետացման պատճառը դարձել, այլ մանրամասներ չգիտեմ»:
Ստացվում է, որ անհետացած 122 տոննա վառելիքի համար որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց: «Ժողովուրդ»-ի այս դիտարկմանը, Չուխաջյանը պատասխանեց. «Հա, երեւի: Երեւի չեն կարողացել ապացուցել, որ այդ տղան է գողացել: Ես այլ բան չեմ կարող ասել: Աստված չանի, որ եւս մեկ նման դեպք լինի»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Շիրակ» օդանավակայանի աշխատակիցներն առաջին անգամ չէ, որ ամբարների անմխիթար վիճակի պատճառով պակասորդ են տվել: Ավելին՝ նրանք իրենց վերադասներին մշտապես ասել են խնդրի մասին, սակայն կարգավորելուն ուղղված որեւէ քայլ չի իրականացվել:
Չի բացառվում եւս մեկ վարկած, որ ամբարների անմխիթար վիճակը ձեռնտու է ինչ-որ մարդկանց: Դրա համար էլ անհետացած 122 տոննա (շուրջ 150.000 դոլար կազմող) վառելիքի ճակատագիրը որեւէ մեկին չի հետաքրքրում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԴԻԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ
Օգոստոսի 7-ին, Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի սպանության առթիվ Հայաստանի Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Քննություն է կատարվում՝ պարզելու Հայաստանի խաղաղ բնակչին գերեվարելու հանգամանքները, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքում նրա՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը: Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը:
Հիշեցնենք, որ մեր երկրում էլ մի ադրբեջանցու դի կա: Երբ նախորդ ամիս Քարվաճառում ոչնչացվեց ադրբեջանական դիվերսիոն խումբը, նրանցից մեկը սպանվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիմա փորձ է արվում այս դիերը փոխանակել: Մնում է սպասել արդյունքներին:

 

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի դեսպանատունը Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների եւ հայերին օգնելու համար դեռեւս չի դիմել հայաստանյան իշխանություններին: Դեսպանատունն այդ քայլին չի գնացել, քանի որ դեռեւս խնդիրն օրհասական չի համարում: Հավելենք, որ հայ համայնքից մեզ հասած տեղեկություններով՝ Իրաքից հայերի տեղափոխումներ են սկսվել, ճանապարհների դժվարանցանելիության հետեւանքով տուժում են նաեւ հայ գործարարների աշխատանքները:

 

ԳԻՆԸ ԳՑՈՒՄ ԵՆ
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը երեկ 7-րդ անգամ հանվել է աճուրդի: Օգոստոսի 11-ին ավարտվել էր 6-րդ աճուրդի վերջնաժամկետը, սակայն համալիրը գնելու հայտ այդպես էլ չէր ներկայացվել: Նշենք, որ համալիրը 6-րդ անգամ աճուրդի էր հանվել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամով, իսկ 7-րդ աճուրդը կրկին 10 տոկոս զեղչով է մեկնարկել, այսինքն՝ 10 մլրդ 283 մլն 383 հազար 350 դրամով կամ մոտ 25 մլն 81 հազար դոլարով:

 

ՈՐ ՔՈՂԱՐԿԵՆ
Բաքուն ձգձգում է գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձնելու գործընթացը բռնության հետքերը թաքցնելու նպատակով: Այդ մասին երեկ հայտարարել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը: Նրա խոսքով՝ այսկերպ հարեւան երկրի ղեկավարությունը փորձում է այնպես անել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ ավելի վաղ արված հայտարարությունը համապատասխանի իրականությանը:

 

Ո՞Վ Է ՏՆՕՐԵՆԸ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատը նոր տնօրեն ունի՝ Արտակ Հարությունյանը։ Ինչպես երեւում է, Արտակ Հարությունյանն այս պաշտոնը պատահաբար չի ստանձնել: Այն նրան անցել է «ժառանգաբար»: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Արտակի հայրն էլ Նորքի հոգեբուժարանի գլխավոր բժիշկն է:

 

ՎԱՏ ՉԷ
Երեկ ավարտվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս անգամ, ցավոք, չկարողացավ նվաճել օլիմպիական ոսկին: Նրանք զբաղեցրին 8-րդ տեղը, չնայած վարկանիշով 4-րդն էին: Փոխարենը բավականին լավ հանդես եկան Հայաստանի կանանց հավաքականի անդամները. երեկ նրանք հաղթեցին Իսպանիայի հավաքականին ու զբաղեցրին 5-րդ հորիզոնականը: Նորվեգիայում անցկացվող օլիմպիադայի ժամանակ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը վարկանիշով 10-րդն էր: Նկատենք, որ կանանց հավաքականի համար սա լավ արդյունք է, թեեւ նրանք մինչեւ վերջին պահը հնարավորություն ունեին շահելու օլիմպիական բրոնզը:

 
ԲԼԹ

«Ես չեմ կարող գուշակել թեժ աշնան մասին, որովհետեւ դեռ հայտնի չէ, թե ինչ է լինելու: Ավելի շուտ, այդ հարցին կարող է պատասխանել ԲՀԿ խմբակցության ղեկավարությունը»:

Արագած Ախոյան «ՀԺ»

Շատ անկեղծ պատասխան էր ԲՀԿ-ական գործարար-պատգամավորի կողմից՝ ինքը ոչինչ չի կարող գուշակել, ոչնչի մասին չի էլ կարող կարծիք հայտնել, որովհետեւ կա ԲՀԿ-ի առաջնորդ, կան ԲՀԿ-ի հետեւում կանգնած ֆիգուրներ, իսկ մնացածները՝ զուտ կատարողներ են: Ու պարզվում է՝ նրանք բնավ էլ դժգոհ չեն իրենց կարգավիճակից: Դե իհարկե, առաջնորդներն իրենց համար շատ բան են արել: Օրինակ՝ օգնել են օրենքը խախտելով միաժամանակ ե՛ւ գործարար, ե՛ւ պատգամավոր լինել: Իսկ դրա դիմաց ընդամենը պահանջվում է սեփական կարծիք չունենալ: Համաձայնեք՝ այնքան էլ վատ գործ չէ տեսակետ չունեցողների համար:

 
«Մինչեւ հիմա կան համալսարաններ, որոնք օրենսդրական դաշտ չեն ներքաշվել՝ հավատարմագրված չեն, քանի որ ունեն բարձրաստիճան այրերի հովանավորությունը»:

Բորիս Մակիչյան «Հրապարակ»

Հյուսիսային համալսարանի ռեկտորի մոտ կարծես թե մարդկանց ծիծաղեցնելը լավ է ստացվում: Իսկ ծիծաղի չափաբաժինը կավելանա, եթե մենք ընթերցողներին հիշեցնենք, որ գործընկերներին բարձրաստիճան այրերի հովանավորությունը ունենալու մեջ մեղադրում է մի մարդ, ով 2012-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակում 210-րդն էր: Դե արի ու այսքանից հետո հավատա, որ ՀՀԿ-ական կրծքանշանով ռեկտորը կարող է աշխատել առանց բարձրաստիճան այրերի հովանավորության: Իհարկե, խոսքը լավ աշխատելու մասին չէ, քանի որ լավ աշխատողը նույնիսկ ՀՀԿ-ական ցուցակում գոնե 210-րդ տեղում չէր լինի:

 
«Չէ, ես հոգնել եմ, որ քննիչին հրավիրեմ, քննիչին բացատրեմ ծայրից ծայր, հետո ասեմ, որ այդ ցուցմունքը թույլատրելի չէ, ու ինքը չի հասկանում՝ դա ինչ է նշանակում»:

Անդրանիկ Միրզոյան «ՀԺ»

Շատ տարօրինակ է, որ նույն մարդը, ով դեռ 1 տարի առաջ զբաղեցնում էր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը, բնավ էլ չէր հոգնել իր գործից, նաեւ քննիչներին կանչելուց, բացատրելուց, եւ կարծես թե մտադրություն էլ չուներ հոգնելու, ու եթե աշխատանքից չազատեին, դեռ երկար տարիներ էլ կարող էր քննիչներին կանչել ու բացատրել՝ առանց դրանից նեղվելու: Իսկ հետո, երբ նրան ազատեցին աշխատանքից, հանկարծ պարզվեց, որ հոգնել է ու էլ չի ուզում աշխատել: Մի տեսակ համոզիչ չէ, ավելի շուտ՝ ցույց է տալիս, որ ՀՔԾ պետը դառնացած է կյանքում ամեն ինչի վրա:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս