ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ Ս.ՍԱՐԳՍՅԱ՞ՆՆ ԷՐ

Ամերիկյան գաղտնի նամակարգությունը հրապարակած «Վիկիլիքս»-ի փաստաթղթերի շարքում առանձնանում է հետեւյալ զեկուցագիրը, որ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրեյը: Վաշինգտոն ուղարկված այս փաստաթուղթը պատմում է Հայաստանում հակաամերիկյան տրամադրությունների մասին: Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ այդպիսի տրամադրություններին տուրք են տալիս իշխանամետ թերթերը: Կատարելով մի շարք մեջբերումներ իշխանական թերթերից՝ Գոդֆրեյը կարծիք է հայտնում, որ դրանք ուղղորդված են քաղաքական ղեկավարության կողմից: Դիվանագետը այդ թերթերն ու պատվիրված հոդվածները կապում է Սերժ Սարգսյանի անվան հետ՝ համարելով, որ իշխանություններին դուր չի գալիս արդար ընտրություններ անցկացնելու հարցում ամերիկյան օժանդակությունը:

Գոդֆրեյը սույն փաստաթուղթը հեղինակել է 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Դիվանագետը նկատում է, որ իշխանական թերթերը շարունակական հարձակում են սկսել ամերիկյան եւ արեւմտյան տարբեր առաքելությունների դեմ: Այդ շարքում հեղինակը հիշատակում է «Հայոց աշխարհ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերը, որոնք ԱՄՆ-ին մեղադրել են Հայաստանի ներքին հարցերի մեջ խառնվելու համար: Այս համատեքստում ամերիկյան կազմակերպություններից հատուկ քննադատության է արժանացել «Ժողովրդավարության ազգային ինստիտուտ»-ը (ԺԱԻ), որին իշխանամետ թերթերն ամբաստանում էին գունավոր հեղափոխություն կազմակերպելու մեջ: Ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունն է գրավել նաեւ այն հանգամանքը, որ վերը նշված պարբերականներն ուղղորդված քննադատությամբ են հանդես եկել բրիտանական դեսպանության նկատմամբ, որի ներկայացուցիչը, հիշեցնենք, այդժամ հանդիպել էր Արթուր Բաղդասարյանին եւ նրանց խոսակցության ձայնագրությունը հրապարակվել էր հենց իշխանամետ թերթերում: Գոդֆրեյը տեղեկացնում է, որ ամերիկյան ուղղությամբ հարձակում սկսած թերթերը տարբեր շշուկների համաձայն ֆինանսավորվում են ՀՀԿ առաջնորդ, այնժամ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից, «որոնք վերջին տարիներին հազվադեպ քննադատելով արեւմտյան ուժերին՝ կրկին վերադարձել են նախկին դիրքերին»: Դիվանագետը փաստում է, որ ակտիվ հարձակումներն իրականում ցուցիչ են, թե ինչպիսի անհանգստության մեջ է կառավարող էլիտան՝ կապված ընտրական արդար գործընթացին աջակցող ծրագրերի հաջողության հետ:
Գոդֆրեյն այնուհետեւ մասնավորեցնում է, որ վերոհիշյալ «պարբերականները կարծես կրկին հանձն են առել հարձակվող շների դերը՝ ենթադրաբար սպասարկելով իշխող կուսակցության շահերը»: Ամերիկացին արձանագրում է, որ հակաարեւմտյան հռետորիկան սկսվել է դեռ 2007թ. հունվարից, երբ իշխանամետ թերթերը միաժամանակ` գրեթե համանման հոդվածներ են տպագրել՝ ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարության աջակցության ծրագիրը համարելով ՀՀ-ում արտաքին միջամտություն իրականացնելու գործիք: Դիվանագետի ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ վերոնշյալ թերթերը կոչ են արել ՀՀ իշխանություններին` հետեւել ՌԴ նախագահ Պուտինի քայլին եւ ընդդիմանալ քաղաքական զարգացման հարցերում արտաքին ֆինանսական աջակցությանը: Հետաքրքիր է, որ այստեղ ամերիկացիները կարծես ակնարկներ են տեսել՝ կապված ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման հետ: Իրականում բավականին հավանական է, որ իշխանությունները հենց այդպիսի նպատակ են ունեցել՝ հասկացնելու, որ կարող են հակաամերիկյան հանրային կարծիք ձեւավորել իրենց լրատվամիջոցներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջ. Բուշը Ս.Սարգսյանին շնորհավորական ուղերձ էր հղել խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն ինչ-որ չափով ենթարկվել էր այդ «շանտաժներին»՝ նպատակ ունենալով Հայաստանը պահել ամերիկյան ուղեծրում: Ընդգծենք, որ հաճախ չեն հանդիպում նման դեպքերը, երբ ԱՄՆ նախագահը նախագահական կառավարում ունեցող երկրում շնորհավորում է վարչապետին՝ համեստորեն զերծ մնալով նույն արարքից` նախագահական ընտրություններում:
Ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունն է գրավել իշխանական թերթերից մեկի այն հայտարարությունները, թե ԺԱԻ-ը, Ուկրաինայում, Սերբիայում եւ Վրաստանում հաջողեցնելով գունավոր հեղափոխությունները, ձգտում էր նույնն անել նաեւ Հայաստանում: Ըստ այդ հրապարակումների՝ ԺԱԻ-ն փորձում էր համախմբել հայ երիտասարդությանը Հայաստանի կառավարության դեմ: Պարբերականի ներկայացմամբ` այս եւ մյուս կազմակերպությունների ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցել են ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքներին՝ հասկանալու, թե արդյոք արժե ներդրումներ անել նրանց վրա, որպեսզի Հայաստանում հեղափոխություն իրականացնեն:
Իսկ ահա Արթուր Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի հանդիպման հետ կապված սկանդալին անդրադառնալով՝ Գոդֆրեյը նկատում է, որ զրույցը հավանաբար գաղտնալսվել ու ձայնագրվել էր ԱԱԾ-ի կողմից, իսկ իշխանական թերթերը կենտրոնացել էին բրիտանացի պաշտոնյայի ուղղությամբ քննադատության վրա: Հավելենք, որ Ժողովրդավարության ազգային ինստիտուտին հեղափոխության հրահրման մեջ մեղադրում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ինչին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ:
Ամփոփելով զեկուցագիրը՝ Գոդֆրեյը արձանագրում է, որ ԱՄՆ հանդեպ իշխանությունների վերաբերմունքի փոփոխությունը կապված է նրանց այն մտահոգության հետ, որ արդար ընտրությունների աջակցության ծրագրի հաջողություններին զուգահեռ կարող են նվազել իշխանական ուժերի հնարավորությունները: Դիվանագետը հավանական է համարում վերը հիշատակված պարբերականների ու Սերժ Սարգսյանի միջեւ առկա կապը, հատկապես որ այդ թերթերը հազիվ թե համարձակվեին ինքնուրույնաբար նման հոդվածներ հրապարակել՝ առանց վերնախավի առնվազն լուռ համաձայնության: ԱՄՆ գործերի հավատարմատարի համոզմամբ՝ «հակաամերիկյան նմանատիպ դատարկախոսություններով հայկական վերնախավը տհաճություն է զգում ժողովրդավարական ծրագրերի հաջողություններից»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

ԼՈՒՐԵՐ

ՉՀԱՆԴԻՊԵՑ ԵԶԴԻՆԵՐԻ ՀԵՏ
Երեկ առավոտյան մի քանի տասնյակ եզդիներ հավաքվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ: Նրանց պահանջն է զենք-զինամթերք տրամադրել Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգի եզդիներին, որպեսզի իրենց նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը կանխեն: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն այս պահանջով նամակ հանձնեցին ՄԱԿ գրասենյակին: Ի պատասխան եզդիների պահանջին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը 20 մլն դրամի հումանիտար օգնություն է հատկացրել Իրաքում ապրող եզդիներին եւ հիմա խնդիրն այդ գումարը տեղ հասցնելու մեջ է: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւից եզդիները ուղեւորվեցին դեպի ՀՀ կառավարություն եւ պահանջեցին, որպեսզի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իջնի ու հանդիպի իրենց հետ: Տեսնելով, որ վարչապետը չի իջնում, նրանք նստեցին ճանապարհին, իսկ ոստիկանները նրանց շուրջ շղթա կազմեցին եւ եզդիներին՝ նույնանուն միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ միասին, հեռացրեցին փողոցից: Սակայն ՀՀ վարչապետն այդպես էլ եզդիների հետ չհանդիպեց:

 

ՄՆԱՑ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ
Երեկ, բացի եզդիներից, ՀՀ կառավարության շենքի մոտ էին հավաքվել նաեւ «Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած քաղաքացիները: Ավելի քան 160 բնակարանատերեր այսօր հայտնվել են անելանելի վիճակում: Հիշեցնենք, որ «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ «Ավի» հայկական ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը տուժած քաղաքացիներին խոստացել էր, որ շենքի շինարարությունն առաջիկայում կսկսվի: Սակայն բնակիչները փաստում են, որ այն չկա: Ավելին՝ «Արցախբանկ»-ը նույնիսկ պայմանագրեր չի կնքել բնակարանատերերի հետ: Տուժած բնակարանատերերը կրկին նամակ հանձնեցին կառավարությանը՝ պահանջելով միասին քննարկել իրենց խնդիրը: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է «Տոնուս»-ից տուժած բնակիչներից մի քանիսի հետ եւ խոստացել, որ հաջորդ շաբաթվա ընթացքում «Արցախբանկ»-ի ներկայացուցիչների եւ բնակիչների հետ միասին կհանդիպի եւ կքննարկի հարցը: Ի դեպ, խնդիրը չլուծելու դեպքում բնակիչները սպառնում են ներխուժել շենք եւ այնտեղից դուրս չգալ:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 
ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ
Օտար երկրներում ՀՀ դեսպանները շարունակում են մեծացնել իրենց կարողությունն ու դրամական միջոցները: Դա տեսանելի է անգամ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրանց հայտարարագրերից, իսկ դրանք, ինչպես հայտնի է, արտացոլում են պաշտոնյաների ունցվածքի այսբերգների միայն տեսանելի մասը: Այսպես. Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը 2013թ. սկզբում 28 հազար եվրո արժողությամբ ձեռք է բերել «MINI COOPER 1.6 I» մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Բացի այդ՝ նա հաշվետու տարում կարողացել է էականորեն մեծացնել իր կարողությունը. տարվա սկզբում ունեցել է 27 հազար եվրո, իսկ տարվա վերջում՝ 42.000: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրության շնորհիվ կարողացել է վաստակել 50,688 եվրո: Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էլ 2013թ.-ի ընթացքում վաճառել է իր միակ անշարժ գույք հանդիսացող բնակարանը՝ 73.085.000 դրամ արժեքով: Նրա դրամական միջոցներն են՝ 11.000 դրամ եւ 48.517 եվրո: Նշենք, սակայն, որ տարվա սկզբում նա ուներ 36.049 եվրո: Թուրքմենստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանը թեեւ ոչինչ չի գնել կամ վաճառել, բայց կարողացել է մեծացնել իր կարողությունը: Դեռ տարվա սկզբում նա ուներ 91 հազար եվրո, որը տարվա վերջում դարձել էր 104 հազար եվրո: Մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը, որը կազմել է 24.000 դոլար:

 

ԵՎՍ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԿՍՊԱՍԵՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքով բնակիչները հայտնվել են անելանելի կացության մեջ: Վերջիններս պարբերաբար զանգահարում են «Ժողովուրդ»-ի խմբագրություն՝ ճշտելու, թե որքան է շարունակվելու այս անորոշ վիճակը եւ իրենց խնդիրները երբ են լուծում ստանալու: Հիշեցնենք, որ քամու հետեւանքով վնասվել են բնակելի տների տանիքներն ու պատուհանները, եւ քաղաքացիները հայտնում են իրենց մտահոգությունը՝ փաստելով, որ եղանակային անկանխատեսելի փոփոխությունների հետեւանքով իրենք կարող են առանց տանիքի մնալ բառի ուղիղ իմաստով: Պարզելու համար, թե, ի վերջո, տուժած բնակիչներին երբ եւ ինչ օգնություն է տրամադրվելու՝ «Ժողովուրդ»-ը դիմեց Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանին. «Քաղաքացիների վնասի չափն արձանագրվել է, եւ դրա հիման վրա կնքվել է պայմանագիր: Թղթային մասն արդեն առկա է, մնում է մեկ շաբաթվա ընթացում համապատասխան քանակի տանիքի թիթեղներ եւ պատուհանափեղկեր ձեռք բերենք եւ սկսենք շինարարական աշխատանքները»,-հավաստիացրեց Դ. Հովհաննիսյանը:

 




Լրահոս