ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

Տեւական ժամանակ է, ինչ մեր համաքաղաքացիները դժգոհում են Երեւանի հասարակական տրանսպորտի վատ աշխատանքից: Դժգոհող քաղաքացիների խոսքով, Երեւանում գործող երթուղիների մի մասը սկսել է նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին չաշխատել: Նշենք, որ քաղաքացիները մասնավորապես դժգոհում են 38 համարի միկրոավտոբուսի, 7 համարի ավտոբուսի, 76 համարի միկրոավտոբուսի, 45 համարի ավտոբուսի աշխատանքից: Քաղաքացիների պնդմամբ՝ նշված համարների տրանսպորտային միջոցներին իրենք չափազանց երկար են սպասում կանգառներում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ:

-Պարոն Նավասարդյան, մեր քաղաքացիները մշտապես դժգոհում են, որ իրենք կանգառներում չափազանց երկար են սպասում տրանսպորտին: Տեւական ժամանակ է, այս խնդիրը կա, ինչո՞ւ այն այդպես էլ լուծում չի ստանում:
-Մենք չենք ասում, որ խնդիր չկա: Այո, իրականում որոշ երթուղիներում կա խնդիր, ինչի հետեւանքով էլ քաղաքացիները երկար են սպասում կանգառներում: Փաստն այն է, որ մենք այսօրվա դրությամբ վարորդների խիստ պակաս ունենք: Ինչի պատճառով էլ, այսօր մենք փաստի առաջ ենք կանգնել: Մենք պարբերաբար հայտարարություններ ենք տարածում, որ ունենք վարորդի կարիք, սակայն այդպես էլ դիմող չի լինում:
-Իսկ ինչո՞ւ են վարորդները հրաժարվում այդ աշխատանքից:
-Սպասարկող կազմակերպություններից հետաքրքրվեք, քանի որ վարորդն անմիջապես իրենց հետ է աշխատում:
-Պարոն Նավասարդյան, տեսակետ կա, որ ուղեվարձի սակագնի չթանկանալու հետ է կապված երթուղիների թվի նվազումը:
-Թյուր եւ սխալ կարծիք է, որովհետեւ այսօր տնտեսվարող սուբյեկտները վարորդ չունենալու պատճառով վնասներ են կրում: Ինքն իր վնասի հաշվին մեքենայի քանակ չի կրճատի: Վարորդն ուղղակի տեսնում է, որ վնասով է աշխատում եւ հրաժարվում է: Չի ուզում պարտքի տակ մնա:

-Պարոն Եղիազարյան, ի՞նչ եք կարծում, ուղեվարձի սակագնի չթանկանալու հե՞տ է կապված այսօր այս ոլորտում առկա պատկերը:
-Այո: Մի օր մեր քաղաքի բնակիչները կմնան ոտքի վրա կանգնած: Շաբաթ- կիրակի էլ մարդիկ չէին կանգնի նման խնդրի առաջ: Վարորդների համար եկամտաբեր չէ այս աշխատանքը, դրա համար էլ շաբաթ եւ կիրակի օրերին իրենք չեն աշխատում, իսկ երթուղու սեփականատերերն էլ ստիպված հանդուրժում են:
-Դուք կո՞ղմ եք ուղեվարձի սակագնի բարձրացմանը:
-Ես կողմ եմ, բայց մի պայմանով. խոցելի խմբերին պետք է տալ արտոնություններ եւ սակագնի ամբողջ բարձրացումը չթողնել ազգաբնակչության վրա:
-Այսինքն, եթե ուղեվարձի սակագինը բարձրացած լիներ ամեն ինչ իր տեղը կընկնե՞ր:
-Արդեն ուշ է: Աղմուկ անենք, գոռանք, միեւնույն է՝ ուշ է: Մենք արդեն գլորվում ենք ներքեւ: Ձեզ համար նոր փոխադրողներ գտեք: Այսօր չունենք մի ընկերություն, որը պարտք չունենա: Այն ընկերությունները, որոնք 10 մլն դրամից ավելի պարտք ունեն, չեն կարողանում իրենց հարկային պարտավորությունները կատարել: Ինչի հետեւանքով էլ հարկային մարմինները դիմել են համապատասխան կառույցներին, որպեսզի հետ վերցնեն այդ ընկերությունների լիցենզիաները:
-Այս պահի դրությամբ քանի՞ ընկերություն է հայտնվել նման անելանելի վիճակում:
-Այս պահին դրանց թիվը 15 է: Եվ հիմա, համաձայն գործող կարգի, պետք է հետ վերադարձնեն իրենց լիցենզիաները: Բայց ցավալին այն է, որ ներկայացված թիվն օր օրի աճում է: Բացի այս, ներկա պահին 10 երթուղի չի աշխատում: Դրանցից են 4 համարի ավտոբուսը, 43-ը, 17-ը, 19-ը, 24-ը, 34-ը, 36-ը, 43-ը, 36-ի Ա-ն, 59-ը, 63-ը: Օրինակ՝ նախկին 76 երթուղին, որը հիմա 37 համարի ավտոբուսն է, քաղաքի լավագույն երթուղիներից մեկն էր: Այսօր այս երթուղին սպասարկող ընկերությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Կործանված է: Նրա չմուծած տոկոսները կազմում են 300 հազար դոլար: Ներդրում է արել, հիմա էլ՝ խոշոր չափի վնաս է կրում:
-Պարոն Եղիազարյան, այս խնդիրների շուրջ զրուցե՞լ եք Հենրիկ Նավասարդյանի հետ:
-Ոչ էլ ուզում եմ ես նրա հետ խոսեմ: Իմաստ չունի: Ինքն ինձանից ամեն բան լավ գիտի: Ես ինչ խոսեմ նրա հետ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 
ՀՐԱԶԴԱՆՑԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐՆ ԵՆ ՀՈԳՈՒՄ

2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին «Լիբանանի երիտասարդական միությունը» Հրազդանում է: Միության ջանքերով կազմակերպվել է մանկապատանեկան ճամբար:

10-14 տարեկան հարյուրից ավելի երեխաներ շուրջ երկու շաբաթ է մասնակցում են ճամբարի կյանքին: Լիբանանահայ երիտասարդների նյութական միջոցներով կազմակերպվում են արշավներ, երեխաներին տրվում է հայրենասիրական դաստիարակություն, կրթություն՝ խաղերի եւ հանգստի զուգորդմամբ: Մեզ հետ զրույցում երեխաները նշեցին, որ ճամբարում նաեւ սնվում են: Լիբանանահայերի նախաձեռնությունից առավել ոգեւորված են շահառու երեխաների ծնողները, վերջիններս նկատեցին, որ Հրազդանում քաղաքային իշխանությունների կողմից նմանատիպ միջոցառումներ, գոնե երեխաների համար, երբեք չեն կազմակերպվել։ «Ամռանը շատերս որեւէ տեղ գնալ հանգստանալու հնարավորություն չունենք, մեր երեխաների հանգիստը մեր փոխարեն լիբանանահայերն են հոգում»,-երախտագիտությամբ, սակայն նաեւ ափսոսանքով նշեց ծնողներից մեկը:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 
ՄԱՐԶԵՐ

ԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՓՈՂ ՉԿԱ
Օգոստոսի 4-ից սկսվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղի բնակիչներին օգոստոս ամսվա համար նախատեսված կենսաթոշակների գումարների վճարումը: Սակայն Ադրբեջանին սահմանակից Ոսկեպարի բնակիչները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ գյուղի 30 թոշակառու դեռեւս չի ստացել կենսաթոշակի գումարը: Պատճառաբանությունն այն է, որ «Հայփոստ»-ի կողմից գյուղ բերված կենսաթոշակի գումարների հերթական խմբաքանակները չեն բավարարում բոլորին վճարելու համար: Հիշյալ 30 թոշակառուներին պետք է վճարվի շուրջ 1 միլիոն դրամ: «Հայփոստ»-ի աշխատակիցը ոսկեպարցիներին ասել է, թե գումարը չի բավարարել այն պատճառով, որ ոսկեպարցի թոշակառուների մի մասը օգոստոսին ստացել է նաեւ նախորդ ամիսներին կուտակված գումարները: Նշենք, որ ոսկեպարցիներն ամեն տարի Վարդավառը նշում են ոչ թե Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով, այլ՝ օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը: Այդ օրը Հայաստանի քաղաքացի հանդիսացող, սակայն Ռուսաստանում գտնվող ոսկեպարցիները վերադառնում են հայրենի գյուղ եւ տոնում Վարդավառը: Եվ հենց այս օրերին թոշակառուներից շատերը հատկապես փողի կարիք են ունենում:

 

ՀԱՅՏՆԵԼ ԵՆ ՄԱՀՎԱՆ ԲՈԹԸ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունից հայրենի Չինարի են վերադարձել Կարենի եղբայրն ու քույրը: Գյուղապետի վկայությամբ՝ նրանք վաղուց են բնակվում Ռուսաստանում, այդ երկրի քաղաքացիներ են: Օգոստոսի 12-ին Կարեն Պետրոսյանի մորը հայտնել են, որ որդին մահացել է: Նախկինում նրան այդ մասին չէին հայտնում՝ վախենալով, որ անառողջ կինը կարող է չդիմանալ որդու մահվան բոթին: «Նրան հասկացրել են, որ իր տղան այլեւս չկա»,-ասաց Ս. Սաղոյանը: Կարենի մայրը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ եւ հոգեմետ դեղեր է ընդունում: Իսկ հայրը՝ 59-ամյա Արտուշ Պետրոսյանը, զբաղվում է հողագործությամբ, անասուններ է պահում: Պետրոսյանների ընտանիքն ընդհանուր առմամբ սոցիալապես անապահով է: «Եթե Կարենն էշով անտառ վառելափայտի է գնացել, ուրեմն աղքատ են, բա ի՞նչ են»,-ասաց Չինարիի գյուղապետը: Նա տեղեկացրեց, որ Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու վերաբերյալ որեւէ նորություն չկան: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչությունից Չինարիի գյուղապետին հայտնել են, որ այդ հարցում որեւէ նորություն լինելու դեպքում իրենք կտեղեկացնեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս