Ննջեցյալ հարազատների շիրիմներին այցելելու համար սպասե՞լ Մեռելոցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ առաքելական եկեղեցին Մեռելոցը նշում է 5 մեծ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, որոնք, 2008 թվականից սկսած, ոչ աշխատանքային են։ Որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է Հայ առաքելական եկեղեցու առաջարկով։ Համաձայն շրջանառվող տեսակետներից մեկի` Մեռելոցը որպես հատուկ օր նշելու կարիք չկա, քանի որ մարդիկ իրենք պետք է որոշեն որ օրերին այցելել իրենց ննջեցյալների շիրիմներին:

Armlur.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանին խնդրեց մեկնաբանել այս տեսակետը: «Հայ եկեղեցին դարեր շարունակ տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց օրն ունեցել է և շարունակելու է ունենալ. դա անփոփոխ է: Եվ եկեղեցու հետևորդ հավատացյալները` զավակներն էլ իրենց հերթին շարունակելու են հետևել եկեղեցու տոնացույցին և այդ օրերին գնալ այցելության իրենց ննջեցյալների շիրիմներին:

Իսկ թե այսուհետ այս հարցում կառավարությունն ինչպես կվարվի, ես չեմ կարող մեկնաբանել, թեպետ կարծում եմ, որ դրական այդ երևույթը չի վերացվի:

Ի վերջո, ամեն քաղաքացի էլ այդ օրերին ամեն ջանք գործադրում է ազատվել իր պարտականություններից և գնալ իր խոնարհումը բերելու իր հարազատին, ծնողին, զավակին: Ես անձնապես օգտվում եմ Կառավարության որոշմամբ ամրագրված այդ հնարավորությունից: Ուստի ինչու՞ դա չվավերացնել»,- նշեց քահանան:




Լրահոս