Ամենամյա «Բազե» երիտասարդական հավաքի բացմանը մասնակցող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով պատանի «բազեների» հարցերին` հայտարարել է. «Ես իմ խոսքի համար դողում եմ, եթե մի բան խոստացա, արյան գնով էլ լինի` պիտի անեմ»:
Ինչ խոսք, յուրաքանչյուր տղամարդու, առավելևս` բարձր պետական պաշտոն զբաղեցնողի համար խիստ ողջունելի է սեփական խոսքի համար դողալն ու խոստացածն ամեն գնով անելը: Խնդիրն այն է, սակայն, որ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության կարճ ընթացքում արդեն իսկ հասցրել է այնքան շատ խոստումներ տալ, որ դրանց իրագործման համար, վախենանք նրա «արյունը» չբավականացնի:
Սկսենք հենց Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության 2014թ. ծրագրով խոստացված հինգ տոկոսանոց տնտեսական աճի խոստումից, որը դատելով անցած երեք ամիսների ցուցանիշներից` դժվար թե իրականանա, որքան էլ Աբրահամյանը դողա: Եվ եթե այս դեպքում, բացի Աբրահամյանի անձնական կամային հատկանիշներից, առկա են բազմաթիվ այլ ազդող գործոններ, ապա իր ղեկավարած կառավարությունում գործարար-նախարարների չհանդուրժելու խոստման իրագործումն արդեն բացառապես Հովիկ Աբրահամյանի` խոսքի տերը լինել-չլինելու տիրույթում է: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անձը, կարծում ենք, այս հարցի շուրջ բոլոր մեկնաբանություններն ավելորդ է դարձնում:
Փոխարենը` Խաչատրյանի անվան հիշատակումը մեզ հիշեցնում է Աբրահամյանի այլ խոստումներ` ստվերից դուրս գալու և օրինական բիզնես անելու հարցում իրենից, իր հարազատներից սկսելու խոստումը: ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի զննությունն էլ այս խոստման իրականացման հետ կապված է բոլոր մեկնաբանություններն ավելորդ դարձնում:
«Գիծ քաշելու», ստվերից անվերադարձ դուրս գալու վերջնաժամկետների մասով էլ` ներկայացված 98 մանրումիջին ընկերություններն են ցույց տալիս Աբրահամյանի խոսքի իրական կշիռը:
Էլ չասած`սեփական բիզնեսների բարգավաճմանն ուղղված կառավարության տարատեսակ որոշումները, որոնցից մեկով, օրինակ, բոլորովին վերջերս Արարատյան դաշտավայրում կոնսերվացված արտեզյան ջրի 42 հորերի վերաբացման և 70 նոր հորերի բացման համար 550 միլիոն դրամ հատկացվեց: Բնականաբար` ամենևին ոչ ՙիրենց՚ ձկնաբուծարանների սպասարկման համար:
Ինչ վերաբերում է ուրիշի բիզնեսը կամ ունեցվածքը չխլելու վարչապետի խոստմանը, ապա այստեղ ևս ակնառու օրինակների պակաս չկա. բավական է հիշատակել միայն Մարզահամերգային համալիրի խայտառակ աճուրդները:
Բաց, իհարկե, Աբրահամյանի` խոսքի տերը լինելու ամենացցուն օրինակը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված խոստումն էր` պարտադիր, բայց ոչ պարտադրված բառախաղով: Փաստորեն, Աբրահամյանը խոսքի տերը եղավ և օրենքը փոխվեց` ճիշտ այդ լեզվական աճպարարության հանգույն: