ԻՆՉՔԱ՜Ն ԲԱՐԻ ԵՔ ԴՈՒՔ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Գյումրիում էր: Հանդիպում էր կազմակերպվել տեղի փրկարարների հետ: «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը, սակայն, դատարկաձեռն չէր եկել: Մարզի մի շարք փրկարարներ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգեւատրվեցին 50.000-ական դրամով: Բացի այդ, նախարարը Շիրակի մարզի փրկարարական վարչությանը նվիրեց «Ուրալ» մակնիշի ամենագնաց մեքենա: «Այն կհեշտացնի մեր աշխատանքը, հատկապես ձմռանը, երբ փակվում են մարզի ճանապարհները, ձնաբքի տակ են հայտնվում տասնյակ ավտոմեքենաներ»,-շեշտեցին տեղի փրկարարները: Միայն թե տարօրինակն այն էր, թե ինչու  մեքենան Գյումրի հասավ հենց այս շրջանում, երբ մարզի փրկարարներն արդեն թոթափել են ձյունառատ ձմռան լուծը:

Արարողությանը, որը տեղի ունեցավ Գյումրու կենտրոնում, մասնակցում էր նաեւ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Վերջինս հարմար առիթը բաց չթողեց եւ ձեռքի հետ ներկաներին հուշեց, որ ամենագնաց մեքենան Շիրակի մարզ բերելու հարցում ունեցել է իր լուման: Պարզ ասած, այս շրջանում ցանկացած միջոցառում ինքնըստինքյան վերածվում է նախընտրական PR ակցիայի, եւ այս մեկը բացառություն չեղավ: Թեեւ Արմեն Երիցյանը մեզ հորդորեց իր նման բարի լինել եւ գումարային պարգեւատրումներն ու ամենագնացի՝ Գյումրի հասցնելը չկապել նախընտրական քարոզչության հետ: «Ես ձեզ խնդրում եմ, եկե՛ք բարի լինենք: Ես իմ տղաներին պարգեւատրում եմ, իմ նեղ բյուջեից կտրել-բերել եմ, խրախուսում եմ նրանց: Չի կարելի ամեն ինչ կապել նախընտրական քարոզչության հետ: Ես երկու տարի է` նախարար եմ եւ պարբերաբար էլ մեդալներով եւ դրամական պարգեւներով պարգեւատրել եմ»,-նշեց երկու տարվա մեջ ընդամենը երկու անգամ Գյումրի այցելած Արմեն Երիցյանը: Իսկ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը զայրացած տոնով հորդորեց չխառնվել ՕԵԿ-ի ներքին գործերին: Նա կրկին անդրադարձավ  ջեմերի եւ մուրաբաների, վերջին շրջանում նաեւ «Հայասի գրուպ» պիտակով օղիների բաժանման փաստին` դրանք համարելով ՕԵԿ ակտիվիստներին մշտապես իրենց ուշադրության կենտրոնում պահելու բարի ավանդույթ: «ՕԵԿ-ը մեզ համար օջախ է, եւ մենք ընտրողի վստահության քվեն ձեռք ենք բերել ոչ թե օղիով կամ մուրաբայով, այլ մեր մատուցած ծրագրերով: Ճիշտ է, տարբեր տոների առթիվ  մեր կանանց տվել ենք որոշակի արտադրանք` ինչ ունեցել ենք: ՕԵԿ-ն իր ակտիվիստներին մշտապես է պահել իր ուշադրության կենտրոնում»,-ասաց Հովհաննես Մարգարյանը` հավելելով, որ լավություն են արել անշահախնդիր:
Հարկ է նշել, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի այցը վերածվել էր  իսկական տոնախմբության: Հատուկ համազգեստով փրկարարները շարվել էին Գյումրու կենտրոնում, այդտեղ էր կանգնեցվել նաեւ թանկարժեք ամենագնաց մեքենան: Սակայն նույնպիսի տրամադրություն չէր օր առաջ, երբ Գյումրի էր եկել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը` Հեղինե     Բիշարյանի հետ միասին: Այս հանդիպման մասին «անցանկալի» լրագրողներին ու լրատվամիջոցներին տեղյակ չէին պահել: Տեքստիլագործների փոքր դահլիճում հանդիպում էր կազմակերպվել ՕԵԿ ակտիվիստների հետ, որի ժամանակ ներկայացվել էր ՕԵԿ անցած ճանապարհն ու գործունեությունը: Դահլիճի դիմաց հավաքված մի քանի քաղաքացիներից փորձեցինք ճշտել, թե ինչու չեն ցանկանում ներս մտնել եւ լսել ՕԵԿ-ականների քարոզը: «Գյումրեցիները կուշտ են Արթուրից: Թող գող-գող գա ու էրթա: Իրա դեմքը տեսնել չենք ուզե»,-նշեց նախորդ ընտրություններին իր քվեն ՕԵԿ-ին տված Սերյոժա Սիմոնյանը:
Վերջերս հաճախ Գյումրիում է լինում նաեւ թիվ 33 ԸԸՀ-ում պատգամավորության թեկնածու առաջադրված Բուռնաշը` Աշոտ Աղաբաբյանը: Նախօրեին, սակայն, նա եկել էր ոչ թե ջայլամաբուծության ծրագրին զարկ տալու, այլ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի կազմակերպչական ինչ-ինչ հարցեր լուծելու համար:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս