Արտագաղթած հայությունը ձուլվում է այլազգիներին ու կորցնում իր կերպարը. Մ. Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք այդքան հնարավորություն չունենք` գազ, նավթ, ոսկի, այո, մենք արտագաղթի համար պիտի ուրախանանք: Մեր ժողովուրդը եթե գնա, մոստերը չվառի, դրսերում փող աշխատի, հետ գա, լավ է: Հիմի ինչքան օլիգարխներ կան, որ դրսերում աշխատում են, գալիս են, ստեղ ներդրումներ անում: Գիտե՞ս` ինչքան միլիարդատեր հայեր ունենք դրսում»,- այսպիսի հայտարարություն է երեկ` լրագրողների հետ հանդիպմանը, արել ԵԿՄ վարչության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Այս մասին տեղեկանում ենք 1in.am-ի տեսանյութից:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, թեպետ հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել գեներալի նման հայտարարությունը, այդուհանդերձ Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ արտագաղթը վատագույն գործոններից մեկն է, որը թուլացնում է մեր պետականության հիմքերը:

Մանվել Եղիազարյանի խոսքերով` Հայաստանից դուրս գնալուց հետո մեր հայրենակիցները խառնազգի են դառնում:

«Արտագաղթի դեմը պետք է արագ առնել: Այնպիսի մարդիկ կարող են արտագաղթել, որ ոչ մեկի մտքով էլ չի անցնի: Բայց եթե Հայաստանում ամեն ինչ լավ լինի, բոլորն էլ հենց վաղը հետ կգան: Բոլորն էլ ցանկանում են, որ իրենց երեխաները Հայաստանում ապրեն, դաստիարակվեն ու մեծանան: Արտագաղթած հայությունը ձուլվում է այլազգիներին ու կորցնում հայի կերպարը»,- ասաց «Արաբո»-յի հրամանատարը:

Վերջինս համոզված է, որ հակառակորդի ագրեսիվ պահվածքի բուն պատճառը հենց այն է, որ Ադրբեջանում տեղեկություններ ունեն` Հայաստանում ինչ է կատարվում: Արտագաղթի հոսքի մասին իմանալով` հակառակորդը ավելի հեշտությամբ կարող է թուլացնել մեր երկիրը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` արտագաղթը, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի հետ համեմատած, գրանցել է 20 տոկոս աճ:




Լրահոս