«Ո՞ւր է մեր կառավարությունը» Ա. Բախշյանը կրկին ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կրկին հանդես է եկել բաց նամակով՝ այս անգամ բարձրաձայնելով մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքներին վերաբերող խնդիրների մասին:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Դիփունքը խափում ին, դիփունքս խափված ինք» կպնդեր մեր մեծն Գաբրիել Սունդուկանը Երբ մեր երկրում որևէ ծառայություն (կապի, էլցանցերի, ջրի, փոստային և այլն) շահում են օտարերկրյա կազմակերպություններ, նրանցից մեր միակ ակնկալիքն այն է, որ նրանք բարձրացնեն ծառայության որակը, այնինչ այս օտարերկրյա կազմակերպությունների ղեկավարները միայն մի մտահոգություն ունեն` մեր երկրում ստանալ բարձր աշխատավարձ ու շահույթ, իսկ ծառայության ոչ որակն են բարձրացնում, ոչ` տեղացի աշխատակիցներին մարդավայել աշխատավարձ են տալիս:

Շատ չեմ մեղադրում իրենց, որովհետև նրանք ընդօրինակում են մեր իշխանությունների վարքագիծն ու աշխատաոճը: Տարիներ առաջ Հայաստանի փոստային ծառայությունը «շահեց» օտար մի կազմակերպություն, որի մատուցած ծառայություններից չափազանց դժգոհ է մեր հասարակությունը: Օրեկան հազարավոր նամակներով «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը ծանուցում է մեր քաղաքացիներին իրենց հիմնավոր կամ անհիմն ճանապարհային խախտումների մասին:

Ստույգ տեղեկացված եմ, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից իրենց ծանուցումները հասցեատերերին հասցնելու ծառայության համար հայտարարված մրցույթը շահել է «Հայփոստ» օտար կազմակերպությունը, որի դիմաց «Հայփոստ»-ը պատշաճորեն վճարվում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից:

Ենթադրվում է, որ այդ գումարների ինչ որ մասը պետք է ծառայեր նաև փոստատարների աշխատավարձերը բարձրացվելու նպատակով, այնինչ, ինչպես այսօր դժգոհում էին փոստատարները, նրանք ստանում են մաքուր 44000 դրամ աշխատավարձ: Թե ինչպիսի ծանրաբեռնվածությամբ ու լարվածությամբ են աշխատում մարզերում և կենտրոնականում ԴԱՀԿ-ի աշխատակիցները` հսկայական գումարներ բերելով իրենց կազմակերպությանը, կվկայեն մեր քաղաքացիները, այնինչ , մասնավորապես Արագածոտնի մարզի ԴԱՀԿ-ի աշխատակիցները ստանում են ընդամենը 60000 դրամ աշխատավարձ: Նրանց խոստացել էին սույն թվականի հուլիսից բարձրացնել աշխատավարձերը, սակայն գոնե Արագածոտնի մարզի աշխատակիցների աշխատավարձերը դեռևս չեն բարձրացվել:

Այսինքն ինչպես օտար, այնպես էլ տեղի ղեկավարները հավասարապես կեղեքում ու շահագործում են իրենց աշխատակիցներին: Ո՞ւր է մեր կառավարությունը, ո՞վ պետք է պաշտպանի մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքներն ու շահերը»:

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

19 օգոստոսի 2014 Երևան 




Լրահոս