Միանգամից ասեմ, որ Բելգիայում Հայաստանի դեպանության նախկին 2-րդ քարտուղար, ներկայում ընդդիմադիր ներկայացող Մուշեղ Մկրտչյանի մասին գրելու մտադրություն չեմ ունեցել նրա մասին մի քանի հոդվածներից եւ հարցազրույցներից հետո, նախ` որովհետեւ ներկա պահին ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվում, 2-րդն էլ` մեկ-մեկ շփվում ենք… Հիմա էլ ավելի ազնիվ կլիներ, եթե ես իմ կարծիքն անձամբ իրեն ասեի, բայց քանի որ խոսքն անձնական կյանքի մասին չէ, եւ մի քանի այլ պատճառներով որոշեցի դիմել մամուլի օգնությանը:
Խնդիրն այն է, որ Մուշեղի վերջին հարցազրույցը բարկացրել է ոչ միայն ինձ, այլեւ Բելգիայում ապրող շատ հայերի, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ Մուշեղին պետք էր Բելգիայում մնալ, ու ինքն ընդդիմադիր է դարձել հատուկ դրա համար: Ըմբռնումով մոտեցանք, քանի որ հիվանդություն ունի, հիմա մարդ է, աշխարհն էլ չի կործանվի, որ մի քիչ չափազանցնելով ասի` ընդդիմադիր է Սերժիկի իշխանությանը: Ասեմ, էլի լավ է պրծել, որ ՀԱԿ անդամ է դարձել, որովհետեւ նոր եկածներին փախստականի կարգավիճակի համար պահանջվող փաստաթղթեր հայթայթելու եւ պատմություն կամ, ինչպես Բելգիայում են ասում, «ինտերվյու» գրելու գործում մի կուսակցություն ճկուն զեղչերի համակարգով իր ծառայություններն է առաջարկում: Մի խոսքով, եթե Մուշեղը դեսպանատանը չաշխատեր ու ինքն իր համար գար Բելգիա, կարող է ստիպեին՝ դաշնակ գրվեր:
Հիմա ի՞նչ է պատահել: Ինքը սկսեց շատ խոսել իր` ի ծնե-ի բնե ընդդիմադիր լինելու մասին, հայտարարեց, որ ո՛չ ավել, ո՛չ պակաս` Հայ ազգային կոնգրեսն է ներկայացնում Բելգիայում (թե՞ ամբողջ Եվրոպայում), մարդիկ էլ արձագանքեցին, հատկապես նրանք, ովքեր երկար տարիներ Բելգիայում են իսկապես հայաստանյան իշխանություններին ընդդիմադիր լինելու պատճառով: Հետո Մուշեղը հանկարծ նեղացավ մի հոդվածի պատճառով եւ ծանր ու մեծ հայտարարեց, որ այլեւս ՀԱԿ-ի ներկայացուցիչը չէ: Նեղացավ ու միառժամանակ լռեց: Մեկ էլ օգնեցին` հարություն առավ: Կայքերից մեկում նորից սկսեց խոսել իշխանությունների կամ, ավելի ճիշտ, իր մասին գրած անհայտ հեղինակի դեմ: Իմիջիայլոց, եթե Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի դեմ պայքարելով` Հայաստանում հնարավոր լիներ իշխանափոխություն անել, ուրեմն Մուշեղն իրոք ոչ թե շարքային ընդդիմադիր կլիներ, այլ պարզապես հերոս: Բայց Մուշեղը նորից մեծ-մեծ խոսում է ՆԱՏՕ-ից: Դիվանագիտության մասին Մուշեղը, հավանաբար, պատկերացում է կազմել մի քանի լրտեսական ֆիլմերից եւ դիվանագիտությունը շփոթում է մանր խարդավանքների, «մուտիլովկաների» հետ: Դիվանագիտության մասին տարրական պատկերացում ունեցող մարդն իրեն չէր կարող թույլ տալ խոսել ՆԱՏՕ-ի հետ (ընդդիմության համար` ուշադրությո՛ւն դարձրեք) հարաբերություններ հաստատելու եւ պահելու մասին:
Լավ, ինչքա՞ն կարելի է մարդկանց հիմարի տեղ դնել: Հիմա ես էլ պետք է հարցնեմ. ա՛յ Մուշեղ ջան, մոռացե՞լ ես` Սերժիկի հետ նախորդ հանդիպմանը ոնց էիր դոշ տալիս (երբ դու դեռ 2-րդ քարտուղարն էիր ու անգամ ընդդիմադիր երազ չէիր տեսել), որ հանկարծ ընդդիմադիր հայացք ունեցող մի մարդ ներկա չլինի ու թարս չնայի Սերժիկին: Բելգիայում ապրող հայերից քանի՞ հոգու դու կարող ես կանչել հանդիպման, միտինգ անել, եթե պետք լինի: Ճիշտ է` ոչ մեկի, որովհետեւ ով էլ քեզ գիտի, գիտի որպես ներկա կամ նախկին 2-րդ քարտուղար: Եթե գնայիր ուրիշ երկիր ու ներկայանայիր որպես կատաղի ընդդիմություն, կարող է եւ հավատացողներ գտնվեին, բայց Բելգիայո՞ւմ: Ինչպես ասում են` գյուղից մարդ կա, չէ՞:
Օրինակ` գնայիր Հոլանդիա, որտեղ, ինչքան գիտեմ, ժամանակին փորձել ես փախստականի կարգավիճակ ստանալ, բայց չի հաջողվել ու հանկարծ դեսպան ես դարձել: Դա քո մեղքը չէ, այլ Հայաստանի իշխանությունների թշվառության ապացույցը, որ նման փորձ արած մարդը հանկարծ դիվանագիտական աստիճան է ստանում: Հիմա էլ ՀԱԿ-ի ներկայացուցիչ հռչակվելը-ինքնահռչակվելը-հրաժարվելը-վերահռչակվելն իրականում քո խնդիրը չէ, այլ ընդդիմության կամ գոնե ընդդիմության շարքերում քո հենարանի, որովհետեւ չի կարելի այդքան անսկզբունքային լինել, չի կարելի Մուշեղին լուրջ ընդունելով` Հայաստանում եւ Բելգիայում տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժիկ Սարգսյանի դեմ պայքարած մարդկանց վիրավորել…
Եւ վերջում. ուզում եմ ավելի անկեղծ ասել, թե ինչու որոշեցի դիմել թերթի օգնությանը, այլ ոչ թե ուղիղ իրեն ասել: Կասկածներ կան, որ ընդդիմադիր մամուլում պետականության եւ ազգի ապագայով մտահոգվող, բարոյական բարձր արժեքներից խոսող Մուշեղը տառապում է անձի երկվության բարդույթով եւ ծածկանունով խայտառակ նամակներ գրելու, ավելի ճիշտ կլիներ ասել` գրավոր հայհոյելու սովորություն ունի: Իսկ ես` որպես տղամարդ, ստիպված կլինեի պատասխանել, ու շատ անհարմար բան կստացվեր` 2 հայ իրար ծեծելու պատճառով կհայտնվեին ոստիկանությունում: Գումարած, որ Մուշեղը կհայտարարեր, որ ինձ 8 եվրո կաշառք են տվել, որ իրեն ծեծեմ ու տեղնուտեղը այդ զորավոր փաստը կներկայացներ Բելգիայի իշխանություններին` որպես քաղաքական հետապնդման ապացույց: Առավել եւս, կրկնեմ, որ ես ներկայացնում եմ հանրության կարծիքը:
Բելգիա