Մի քանի տարի երազել եմ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին. Սուարես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը վերջին մի քանի տարիներին երազել է իսպանական «Բարսելոնա»-ում հանդես գալու մասին: Այդ մասին պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է հենց ֆուտբոլիստը:

Սուարեսն այս ամռանը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Լիվերպուլ»-ից: «Առաջին հերթին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բարսելոնա»-ի ղեկավարությանը և մարզչական շտաբին, որոնք հավատացին ինձ: Մարզչի հետաքրքրված լինելը շատ կարևոր է ինձ համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ սատարեցին, հատկապես Անգլիայի իմ նախկին թիմակիցներին, նրանք ինձ շատ օգնեցին:

Ես աննկարագրելի ուրախ եմ, որ հայտնվել եմ «Բարսելոնա»-ում: Այս տեղափոխությունը պետք է մեծ օգուտ բերի իմ զարգացմանը: Ես մի քանի տարի երազել եմ կատալոնական ակումբ տեղափոխվելու մասին: Բոլորը գիտեն, որ այս թիմի խաղերին հետևելը մեծ բավականություն է», – նշել է նա:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դեպրեսիայի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ կծել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը: «Ես շատ տառապում էի այդ դեպքի պատճառով: Դեպրեսիայի մեջ եմ եղել: Հնարավո՞ր է այդպիսի դեպքի կրկնություն: Հիմա ես աշխատում եմ պրոֆեսիոնալ կերպով»:

Նշենք, որ երկուշաբթի Սուարեսն արդեն «Բարսելոնա»-ի կազմում մասնակցեց իր առաջին հանդիպմանը: «Կամպ-նոու» մարզադաշտում «Լիոն»-ի հետ ընկերական խաղի ժամանակ նա խաղադաշտ դուրս եկավ 76-րդ րոպեին: Այդ խաղում կատալոնացիները հաղթեցին 6-0 հաշվով, սակայն անձամբ Սուարեսն աչքի ընկնել չկարողացավ:




Լրահոս