ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը շարունակում է գրականության եւ արվեստի աշխարհը լցնել խոտան գրքերով: Խոսքը երաժշտագետ Աննա Ասատրյանի «Լիբանանահայ թատրոն» գրքի մասին է: Գիրքը լույս է տեսել «Սփյուռքահայ արվեստը, արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները» ծրագրի շրջանակներում: Այն հասցեագրված է արվեստագետներին, հայագետներին եւ ընթերցող լայն շրջանակներին: Ես՝ որպես այդ ոլորտի մասնագետ եւ ընթերցող, չէի կարող կարդալ այդ գիրքն ու չզարմանալ դրանում տեղ գտած սկզբունքային սխալների, մասնագիտական եւ լեզվական թերությունների վրա:
Գիրքը սկսվում է իր` հեղինակի ինքնագովությամբ եւ պաշտոնների ներկայացմամբ, որը կադրերի բաժնի հարցաթերթիկի տպավորություն է թողնում: 21 էջը նույնությամբ տպագրված է հեղինակի նախորդ գրքերում: Միայն անկիրթ մարդը կարող է իր չեղած արժանիքներն անհաջող ձեւով ներկայացնել ընթերցողին, երբ դրա ոչ միայն կարիքը չկա, այլեւ դա կապ չունի ներկայացվող աշխատանքի հետ: Բուն խնդրին հեղինակն անդրադառնում է 21-րդ էջից եւ ավարտում 154-րդ էջով: Այսինքն` գրքի ծավալը 133 էջ է: Սակայն այդ փոքրածավալ շարադրանքում չկա հեղինակի ինքնուրույն խոսք ու միտք, սեփական կարծիք: Գիրքն արխիվային հոդվածների եւ կարծիքների, մեջբերումների եւ հղումների կույտ է: Չկա ներկայացումների վերլուծություն: Գրքում տեղ է գտել 189 մեջբերում, կան էջեր (21, 121, 123, 139), որոնք ամբողջությամբ լցված են մեջբերումներով:
Ցավալին այն է, որ թատրոնի պատմությանը վերաբերող ներկայացումների հազարավոր նկարներից գոնե մեկ նկար կամ ազդագիր, ներկայացման ծրագիր տեղ չի գտել այս գրքում: Իսկ դա նշանակում է, որ հեղինակը ոչ միայն չի տեսել բեմադրություններից գոնե մեկը, այլեւ անտեղյակ է լիբանանահայ թատերարվեստի պատմությանը: Կասկածից վեր է, որ բեմադրիչներն իրենց ներկայացումների մասին գրված կարծիքները, ըստ իրենց կամային խմբագրման, տրամադրել են նրան` մոռանալով, որ արջի ծառայություն մատուցելով` առաջին հերթին իրենց են վարկաբեկում ու հեղինակազրկում:
Մեկ այլ ցավալի հարց. գրքի հեղինակն օգտագործած գրականության ցանկում 326 աղբյուր է նշում: Այդ աղբյուրները, մեջբերումներն ու հղումները (189) խիստ կասկածելի են: Գրքում տեղ են գտել ոճական ու շարահյուսական բազմաթիվ սխալներ: Եւ դրա հիմնական պատճառն այն է, որ հեղինակի ինչպես այս, այնպես էլ նախորդ 6 գրքերի խմբագիրը կերպարվեստագետ Արարատ Աղասյանն է: Վերջինս կատարել է իր պաշտոնական պարտականությունը, քանի որ երաժշտագետ Ա. Ասատրյանն էլ խմբագրել է նրա կերպարվեստագիտական բոլոր գրքերը: Ժողովուրդն ասում է. «Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը…»` այս դեպքում խոտան է արտադրում:
Լիբանանահայ թատրոնի «Գասպար Իփիկյան» եւ «Վահրամ Փափազյան» թատերախմբերին պատիվ չբերող այս գրքույկը թատերագիտության ոլորտում ոչինչ չավելացնող, անհաջող աշխատանք է: Սփյուռքահայ թատրոնին անդրադառնալիս անհրաժեշտ է արժեւորել, բացահայտել առավելություններն ու թերությունները՝ կիրառելով թատերագիտության օրենքները: Գրքի հեղինակը պետք է հասկանա թատերագետի եւ գրագողի տարբերությունը: Որպեսզի իրերն իրենց անունով կոչենք, պետք է ասել, որ այս գրքով եւս Ա. Ասատրյանը շարունակում է ցույց տալ իրեն բնորոշ բոլոր թերի կողմերը: Հեղինակի գրքերը ծաղրապատումի են արժանի: Իզուր չէ, որ մասնագետները նրա մասին անեկդոտներ են պատմում: Ինչքա՞ն կարելի է խաբել գիտությանը, մասնագետներին ու ընթերցողին: Ասատրյանի հաջորդ զոհն ո՞վ է դառնալու:
արվեստաբան, գրաքննադատ