ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ` ԱՆՕԹԵՎԱՆ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐՈՎ

ՀՀ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադեւոսյանը աղետի գոտու հիմնախնդիրները «լուծելու» յուրահատուկ ձեւ է գտել: Նախարարի հրահանգով անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի մյուս գյումրեցիների հաշվին: «ԳԱԼԱ»-ի հավաստմամբ՝ «Մուշ-2» թաղամասի մի քանի ընտանիքների դեմ նախարարությունը դատական հայց է ներկայացրել եւ պահանջում է նրանց վտարել երեք տարի առաջ պետության կողմից ստացված իրենց բնակարաններից: Պատճառաբանությունն այն է, որ նշված ընտանիքները չեն սեփականաշնորհել ստացված բնակարանները: Սակայն մարդիկ ունեն օբյեկտիվ պատճառներ. չեն հասցրել սեփականաշնորհել, քանի որ շենքի շահագործումն ու փաստաթղթերի հանձնումն ուշ է կազմակերպվել, որոշ դեպքերում տանը առողջական ծանր խնդիրներ ունեցող թոշակառուներ են ապրում միայն կամ էլ տան սեփականատերերը մահացել են, եւ ժառանգություն փոխանցելու իրավական գործընթաց կա: Սակայն այս պատճառները կարծես թե Թադեւոսյանին այդքան էլ չեն հետաքրքրում: Նրա համար գերխնդիրը անօթեւանների թիվը փաստաթղթերով կրճատելն է: Ահա օրինաց երկիր կառուցելու բանալին:

 

Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հարստությամբ չի զիջում եղբորը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ընդ որում, դեսպան Սարգսյանի` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ նա ունեցվածքը կուտակել է հայկական դրամով, դոլարով, եվրոյով եւ չինական յուհանով: Նա իր հաշվին ունի 15 մլն դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար, 7 հազար եվրո եւ 20 հազար յուհան (մոտ 1.4 մլն դրամ): Բացի այդ՝ դեսպանը հայտարարագրել է երեք անշարժ գույք եւ 10 մլն դրամ արժողության «Ակուրա» մակնիշի մեքենա: Եվ այս ունեցվածքը նա կուտակել է տարեկան 31.7 հազար դոլար աշխատավարձով ու մոտ 1.5 մլն դրամ կենսաթոշակով: Հետաքրքիրն այն է, որ Արմեն Սարգսյանը հայտարարագրի Ա2 մասում, որտեղ նշվում են բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մեջ գտնվող պաշտոնատար անձանց անունները, չի նշել եղբոր` Տիգրան Սարգսյանի մասին: Ի դեպ, վերջինս էլ իր հերթին չի մատնանշել, որ հարազատ եղբայրը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանն է:

 

Արդեն երկար ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում, որ ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ֆինանսական խնդիրներ ունի: Եվ որպես հավաստում՝ հիշատակվում է այն փաստը, թե Արսենյանի կողմից ֆինանսավորվող mardik.am լրատվական կայքը դադարեցրել է իր աշխատանքը: Այժմ կայքի աշխատակիցները այլ լրատվամիջոցներում են աշխատանք փնտրում: «Ժողովուրդ»-ը փորձեց Գ. Արսենյանից պարզել, թե իրականում ինչ խնդիրներ ունի, եւ որն է եղել լրատվամիջոցի փակման պատճառը: Պատգամավորը հայտարարեց, թե իր ֆինանսական միջոցներն իրեն բավարարում են, ու ինքը վաղուց է, ինչ այդ լրատվական կայքի հետ որեւէ առնչություն չունի: «Մի բան էլ` 1000 խոշոր հարկատուների ցուցակում ինձ պատկանող «Արսօյլ» ընկերությունը 12-րդ հարկատուն է: Իսկ եթե վերլուծում ենք այդ ամենը, ապա կարելի է եզրակացնել, թե ինչն ինչոց է: Շատ տարօրինակ է մեր հասարակության տրամաբանությունը, մտածելակերպը»,-նշեց մեր զրուցակիցը:

 

Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչները դժգոհում են համայնքի էլեկտրական լարերի անմխիթար վիճակից, ինչի պատճառով պարբերաբար անջատումներ են լինում: Արդյունքում տուժում են համայնքի ձկնարտադրությամբ, ջայլամաբուծությամբ եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները` կրելով նյութական մեծ վնասներ: Օրինակ` ձկնաբույծներից մեկի՝ Հարություն Մկրտչյանի ձկնաբուծարանում մի քանի օր առաջ, երբ կրկին անջատումներ են եղել, 2 տոննայից ավելի ձուկ է սատկել: Ամենահամեստ հաշվարկով` ձկնաբույծը մոտ 5 միլիոն դրամի նյութական կորուստ է ունեցել: Ջրառատի ղեկավար Սամվել Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի լույսի ենթակայանները գերծանրաբեռնված են. «Եթե սովորաբար մի ենթակայանը պետք է 500 բաժանորդ սպասարկի, մեր համայնքում սպասարկում է 1500-ի»: Բացի այդ՝ մի քանի օր առաջ էլ Ջրառատում եւ հարակից համայնքներում մարդիկ 40 ժամ էլեկտրաէներգիա չեն ունեցել: Բայց, չնայած սրան, բնակիչները կանոնավոր վճարումներ են կատարում:

 

 

 

 

 

Ո՞Վ Է ԳՈՐԾՈՆ

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներից հետո վերստին ակտիվացան նախկին նախագահի` քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները: Եվ այդ համատեքստում, որպես Քոչարյանի ամենահուսալի քաղաքական հենարան, բնականաբար, առաջին հերթին դիտարկվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այն, ինչպես հայտնի է, ստեղծվել էր հենց Քոչարյանի գործուն ջանքերով` որպես իր անձնական անվտանգության երաշխիք, ապաեւ` քաղաքական գործընթացների վրա վերահսկողությունը չկորցնելու միջոց: Եվ հաշվի առնելով ԲՀԿ-ի ներկայիս քաղաքական կշիռն ու որդեգրած ոչ իշխանական կեցվածքը` շատերը գրեթե համոզված էին, որ ԲՀԿ-ի` կոալիցիոն կերակրատաշտից հրաժարվելու ինքնազոհողությունն արվել է հենց այդ վերադարձի ապահովման համար, որպեսզի Քոչարյանը հնարավորություն ունենա քաղաքականություն վերադառնալ որպես ներկայիս իշխանության ընդդիմություն:
Ընդ որում, եթե նախկինում «Բարգավաճ Հայաստան»-ին լրացուցիչ կշիռ էր տալիս Ռոբերտ Քոչարյանի գործոնը, ապա ներկայումս գրեթե հակառակն է` Քոչարյանի ազդեցիկությունն է էապես պայմանավորվում «Բարգավաճ Հայաստան»-ով: Ուստի, շատերը համոզված էին, որ կարճ առաջիկայում, հնարավոր է` անգամ ԲՀԿ առաջիկա համագումարում, այդ երկու գործոնները մեկտեղվեն, եւ Ռոբերտ Քոչարյանն արդեն հանդես գա հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի դիրքերից:
Ուշագրավ է, որ նման զարգացումը բացառողները դա առավելապես պայմանավորում էին Ռոբերտ Քոչարյանի բնավորության գծերով, մինչդեռ, ինչպես պարզվեց, այս հարցում պետք չէր բացառել նաեւ հակառակ կողմի` Գագիկ Ծառուկյանի ամբիցիաները: Եվ եթե նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ հրավիրված ԲՀԿ համագումարում Ծառուկյանը չբացառեց, որ մի օր կարող է հեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից, ապա հիմա արդեն իրավիճակը փոխվել է: Ինչպես նախօրեին ԱԺ-ում հայտարարեց Ծառուկյանը` ԲՀԿ նախագահի պաշտոնը նրա համար «ընդմիշտ է»: Ավելին, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին սատարելու հարցին, Ծառուկյանը ասաց. «Ես կարծում եմ, որ բոլորը պետք է «Բարգավաճ Հայաստան»-ին պաշտպանեն»:
Արդյոք սա մարտավարական քայլ էր` մինչեւ 2018-ը «ֆալստարտ» թույլ չտալու եւ ժամանակից շուտ խաղաքարտերը չբացելու համար, դժվար է ասել: Ինչպես եւ դժվար է, ի վերջո, միանշանակ պնդել, թե որքանով են իրական Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասությունները: Ամեն դեպքում, այսօր կարելի է վստահությամբ պնդել մեկ բան. առաջիկայում «Բարգավաճ Հայաստան»-ը կփորձի էլ ավելի կոշտացնել իր հռետորաբանությունը` անշուշտ չհատելով «այլընտրանքի» համար նշված սահմանագիծը:




Լրահոս