ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱԶԱՅԻՆ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

Քաղաքական դաշտում ՀՀԿ-ի ունեցած բացարձակ մենաշնորհն արդեն դարձել է մղձավանջ: Իշխանական այս կուսակցությունը, խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, անցկացնում է ցանկացած օրինագիծ, մերժում ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների առաջարկները` անկախ դրանց բովանդակությունից: Ու քանի որ իրենք կոճակային մեծամասնություն են, պրակտիկորեն անհնար է կանխել նրանց քայլերը:
ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցություններն առաջարկում են «ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության նպատակով» ստեղծել ժամանակավոր հանձնաժողով. ԱԺ-ում երկու օր շարունակ քննարկվեց արտահերթ ճանաչված այս նախագիծը: Ու չնայած Հայաստանին ռուսական գազի դիմաց 300 մլն դոլար պարտքի կուտակվելը մի կողմից անակնկալ, մյուս կողմից անհասկանալի էր նաեւ ՀՀԿ-ական պատգամավորների համար, բայց միեւնույն է, նրանք մերժելու են այս նախագիծը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀՀԿ-ականներին համոզում էր` հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես եկողները ո՛չ ռոբեսպիերներ են, ո՛չ դանտոններ եւ ո՛չ էլ իրենց նպատակը արյուն թափելն ու գլուխներ կտրելն է. «Մեր ուզածը ընդամենը ճշմարտությունը հասկանալն է»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որն այս նախագծի հիմնական զեկուցողն էր, երեկ նույնիսկ հայտարարեց` համաձայն են ցանկացած նախապայմանի, միայն թե` ստեղծվի այդ ժամանակավոր հանձնաժողովը. «Եթե կան առաջարկներ, ասե՛ք, բայց էս հանձնաժողովը բացենք: Կոչ եմ անում` ելնելով բոլորիս հետաքրքրություններից ու արժանապատվությունից, եկե՛ք այս գործը առաջ տանենք, առաջարկ արեք՛, կուզե՞ք՝ ՀՀԿ-ականների տեղերն ավելացնենք, բայց խուսափել չի կարելի»: ՀՀԿ-ն, սակայն, անդրդվելի էր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը միայն մեկ առաջարկ արեց` «ե՛տ տարեք նախագիծը, եւ ՀՀԿ-ի հետ քննարկելուց հետո խորհրդարանական վեց խմբակցություններով համատեղ նոր նախագիծ ներկայացնենք»: Սակայն սա անընդունելի էր ՀԱԿ-ի համար. ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը` իրենք ունեն մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի դառը փորձը. իշխանությունները՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի ու Դավիթ Հարությունյանի, խոստացան ստեղծել այդ հանձնաժողովը, եթե ՀԱԿ-ն առաջարկը ներկայացնի 2013թ. նախագահական ընտրություններից հետո: Ու թեեւ ընդդիմադիր խմբակցությունը պահեց խոստումը, սակայն իշխանական կուսակցությունը քվեարկության օրը խաբեց: Ուստի չկա որեւէ երաշխիք, որ նույն ճակատագրին չի արժանանա նաեւ սա:
Ի դեպ, հատկապես գազամատակարարման ոլորտի ուսումնասիրության վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ-ի մերժումներն ուշագրավ են մեկ այլ առումով. նախորդ գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն էր առաջարկել նման մի հանձնաժողով ստեղծել, սակայն քննարկումների արդյունքում եկել էին փոխզիջման` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ձեւավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվեր ՀՀ գազի գնի գոյացման մեխանիզմների ուսումնասիրմամբ եւ ընդհանրապես, գազամատակարարման ոլորտի խնդիրներով: Այդ խումբը, սակայն, այդպես էլ չգործեց. գումարվեց մեկ նիստ, որի ժամանակ էլ ընտրեցին խմբի ղեկավար` նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանին ու վերջ: Երեկ այս փաստը հիշել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` շեշտելով, որ եթե այն ժամանակ այդ հանձնաժողովը ստեղծվեր, այսօր այս վիճակը չէր լինի:
Նաիրա Զոհրաբյանն էլ, անդրադառնալով գազի գնի բարձրացումից հետո մարդկանց վիճակին, ասաց. «Ես հասկանում եմ, որ այս կառավարությանը դա բացարձակապես չի հուզում, որովհետեւ այս կառավարության քաղաքական մոտիվացիաները բոլորովին այլ են. նրանք որեւէ առնչություն չունեն ՀՀ շահի եւ իրավունքի հետ: Ժամանակն է` քաղաքական այն ուժերը, որոնք մտահոգ են երկիրն այս վիճակից դուրս բերելու հարցով, իրապես ձեռնարկեն կոնկրետ քայլեր, այլապես վաղը ուշ է լինելու»:
Այսքանից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց` ինչո՞ւ են իրենք մերժում ոչ կոալիցիոն խմբակցությունների բոլոր առաջարկները: «Իշխանությունները ոչ թե մերժում են, այլ ընդդիմությունն իր խնդիրներն ունի, իշխանական կուսակցությունները` իր խնդիրները: Հարցեր են բերում, որոնք մեզ համար տրամաբանական, ընդունելի չեն: Եվ այն, ինչ որոշում ենք, դրա պատասխանատվությունը իշխանության եւ իշխանական կուսակցությունների վրա է: Ցանկացած խնդրի պատասխանատուն իշխանությունն ինքն է»,-մեկնաբանեց Գ. Սահակյանը: Հարցրինք` արդյոք իշխանությունը հասարակությանն ու ընդդիմությանն անտեսելուց, նրանց առաջարկները մերժելուց հետո պատասխանատու է դրա հետեւանքով ստեղծվելիք իրավիճակի համար: Սահակյանը հստակ պատասխան չտվեց. «Սա մերժում չէ. յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ծրագիրն ու դիրքորոշումները»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Երեկ պարզվեց, որ ԱԺ պատգամավորների մեծ մասը չէր նկատել, որ խորհրդարանի միջանցքներում «թաքնված տեսախցիկներ» են հայտնվել: Մի շարք պատգամավորներ «Ժողովուրդ»-ի թղթակցին խնդրել են ցույց տալ, թե որ հատվածներում են իրականացվում «նկարահանումները»: Երբ պատգամավորները ցավով պարզեցին, որ, այնուամենայնիվ, իրենց քայլերն online ռեժիմով հասանելի են լինելու, իրենք իրենց սիրտ տվեցին, թե վախենալու բան չունեն ու շարունակելու են աշխատել այնպես, ինչպես մինչեւ այժմ:
Իհարկե, ինչպես եւ սպասվում էր, ԱԺ-ն պաշտոնապես` աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի շուրթերով, բացատրեց, թե տեսախցիկների տեղադրումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով: Թե ինչ վտանգներ են տեսնում պատգամավորներն ու ԱԺ նախագահը, այդպես էլ անհասկանալի է մնում, բայց փաստ է, որ նրանք իրենց կյանքի համար 40 մլն դրամ ծախսեցին ԱԺ խնայողություններից` առավել անվտանգ աշխատելու համար:
Հիշեցնենք, որ մինչ վերջերս ԱԺ շենքի ներսում, բացի նիստերի դահլիճից, տեսախցիկներ էին տեղադրված ԱԺ նախագահի ընդունարանի միջանցքում եւ անվտանգության աշխատակիցների սենյակի մոտ: Հիմա, փաստորեն, վտանգը մեծացել է` հասնելով մինչեւ պատգամավորների դուռը:

 

ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ոչ մի դեպքում չի նշանակում Եվրոպական միությանը ինտեգրման ավարտ,-չեխական «Ժողովրդական նորություններ» պարբերականին տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը,-քանի որ Եվրոպական միության հետ մեր փոխհարաբերությունները կառուցվում են ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների հարգման, օրենքի գերակայության եւ ժողովրդավարական ազատությունների նկատմամբ նվիրվածության հիմքի վրա, ԵՄ-ի հետ մեր երկխոսության՝ Հայաստանում բարեփոխումների անցկացման մեր պարտավորություններին եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մասը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն մեր հարաբերությունների օրակարգում»: Նա նաեւ նշել է. «Մենք կձգտենք իրականացնել Վիլնյուսյան հայտարարությամբ ամրագրված նպատակները, որի հիման վրա մոտ հեռանկարում կձեւավորվի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությունը»:

 

ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸ ՉԷ

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ Չեխիայում օրերս արած հայտարարությունը, թե Հայաստանը պետք է հնարավորինս արագ անդամակցի Մաքսային միությանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Tert.am-ին ասել է. «Հայաստանն ու իր գործընկերները պետք է որոշեն, թե որքան արագ պետք է լինի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը»:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԿԱՅՑԵԼԻ ԲԱՔՈՒ

ԵԽԽՎ նորընտիր ղեկավար Անն Բրասսերն առաջիկայում այցելելու է Բաքու, մինչդեռ Երեւան այցելելու ծրագիր նա չունի: Այդ կապակցությամբ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել է. «Սպասվում է, որ ԵԽԽՎ ղեկավարը կայցելի Ադրբեջան, քանի որ առաջիկայում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունն անցնելու է այդ երկրում եւ, բնական է, որ մի շարք միջոցառումներ կկայանան Բաքվում»:

 

ԸՆԴԴԵՄ ԿԵՂԾ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբից` վերջ տալ կեղծ հավասարության քաղաքականությանը եւ համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիային: Փետրվարի 5-ին` ժամը 12:00-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում են բողոքի ցույց: Այն տեղի կունենա արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց ժամը 11:30-ին»:

 

ՇՏԱՊԵՑՆՈՒՄ ԵՆ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, երեկ Բաքվում հայտարարել է. «Որքան շուտ սկսվի աշխատանքը համընդգրկուն խաղաղ համաձայնագրի վրա, այնքան ավելի օգուտ կբերի դա տարածաշրջանին»: Մամեդյարովը ափսոսանք է հայտնել շփման գծում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ` մեղքը գցելով հայկական կողմի վրա, թե իբր իրենք հայկական կողմի բացած կրակին են պատասխանում:

 

ՍԴ-Ն ԳԱՆՁԵԼ Է

Սահմանադրական դատարանը գանձել է 1974թ. հետո ծնված աշխատակիցներից կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՍԴ ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը: «Գանձել ենք զուտ հարկային հաշվետվության համար, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է գումարները պահած հաշվետվություն ներկայացնել,- նշել է Չոփուրյանը` հավելելով, որ պահված գումարները չեն ուղարկվել կամուրջ հաշվին,-մենք պահել ենք ու մինչեւ մարտի 28-ը կմնան սառեցված: Դրանից հետո որոշումից կախված` մենք գումարը կվերադարձնենք, կամ արդեն կփոխանցենք կառավարչին»:

 

ՆՊԱՏԱԿԸ ՓԱԿԵ՞ԼՆ Է

«Մանց» համալսարանի ռեկտոր Ռուբեն Ավագյանը, մեկնաբանելով վերջին շրջանում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի բծախնդիր վերաբերմունքը ոչ պետական բուհերի նկատմամբ, Aravot.am-ին ասել է. «Նպատակը մեկն է, որ փակեն ոչ պետական բուհերը, քանի որ պետական բուհերն էլ ուսանողների հետ կապված խնդիրներ ունեն»: Հիշեցնենք, որ օրերս Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` մեկ տասնյակ բուհեր բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների եւ պահանջների խախտման կապակցությամբ ստացել են նախազգուշացում:




Լրահոս