ԻՆՉՈ՞Վ Է ՔՐՈՋ ՓԵՍԱՆ ՊԱԿԱՍ ԱՆԵՐՁԱԳԻՑ
Քաղաքականության մեջ ոչ բոլորի մուտքն է լինում սպասված եւ տրամաբանական: Հատկապես վերջին տասնամյակում Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվում են այնպիսի գործիչներ, որոնց կենսագրականներում դժվար է գտնել դրանց տերերի արժանիքների մասին որեւէ էական հիշատակություն` հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված վերջիններիս մուտքը քաղաքական դաշտ: Փոխարենը նմանատիպ գործիչների կենսագրականներն ուսումնասիրելիս հաճախ կարելի է հանդիպել ինչ-ինչ ազգակցական կապերի՝ քավոր-սանիկ, խնամի, աներձագ, փեսա, իսկ վերջին շրջանում՝ նաեւ քրոջ փեսա:
Ահա այսպիսի մի քրոջ փեսա էլ ունի ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Խոսքը վերջերս պատգամավոր դարձած Լեւոն Դոխոլյանի մասին է, ում հետ կապված` «Ժողովուրդ»-ը ժամանակին գրել էր, որ հարեւանները նրան «Քույրիկ Լեւոն» են ասում: Այս հրապարակումը խիստ նյարդայնացրել էր Դոխոլյանին. այնքան, որ վերջինս անցել էր հայհոյանքների մեթոդի կիրառմանը, հետո, սակայն, հավանաբար գիտակցելով հնարավոր հետեւանքները՝ ջնջել իր գրառումը եւ կուսակից Հովհաննես Մարգարյանի միջոցով փոխանցել, թե հնարավոր է՝ այդ գրառումը իր փոխարեն կատարած լիներ մեկ ուրիշը: Իհարկե, մեր երկրում շատ ու շատ բաներ են հնարավոր, հատկապես եթե հնարավոր եղավ Դոխոլյանին պատգամավոր դարձնել:
Իսկ թե որն էր Դոխոլյանի նման մեկին պատգամավոր դարձնելու տրամաբանությունը, դժվար է հասկանալ: Բանն այն է, որ Դոխոլյանի կենսագրությունն իր հարստությամբ աչքի չի ընկնում. 78-ին ծնվել է, 96-98-ին ծառայել ՀՀ ԶՈՒ-ում, 2009-ին ավարտել Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման բաժինը, իսկ 2011-ից սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի ասպիրանտուրայում: Հաճախել է տարբեր դասընթացների, ինչպես շատերը: Այստեղ պետք է հատկապես ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Լեւոն Դոխոլյանը զինվորական ծառայությունն ավարտելուց 7 տարի անց՝ 27 տարեկանում է կարծես թե հիշել, որ պետք է բարձրագույն կրթություն ստանալ, հավանաբար գործի համար դիպլոմ էր պետք եկել, իսկ դա կազմակերպելը շատ հեշտ է բեւեռային ուղղություն ունեցող համալսարաններում: Նորություն չէ, որ ունենք բազմաթիվ քաղաքական գործիչներ, ում կենսագրականներում նույնպես բարձրագույն կրթությունը բավականին ուշացված է, եւ պատճառը ոչ թե մեծ տարիքում ուսման հանդեպ հանկարծակի առաջացած բուռն տենչն է, այլ սպասվող պաշտոնի հետ կապված՝ դիպլոմի անհրաժեշտությունը: Իսկ դիպլոմը վաճառվում էլ է, դա էլ գիտենք: Սա, իհարկե, Լեւոնի դեպքում պնդում չէ, այլ զուտ տրամաբանական ենթադրություն: Եթե տեսնենք, թե հետագայում ինչ տեղերում է սկսել աշխատել Դոխոլյանը եւ ինչ պաշտոններ զբաղեցրել, ենթադրությունն ավելի տրամաբանական կդառնա:
Ամենակարեւոր մասը, իհարկե, զբաղեցրած պաշտոններն են. 1999-2003-ին եղել է Երեւանի «Դպրություն» ավտոդպրոցի ավտովարման դասընթացների ղեկավար, 2003-2005-ին՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը) կարգապահական դեպարտամենտի ղեկավար, 2005-2009-ին՝ նույն Արթուր Բաղդասարյանի կողմից ղեկավարվող Իրավագետների եւ քաղաքագետների միության հրատարակչական ծառայության պետ, 2011-2013-ին՝ կրկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության առեւտրային տնօրեն:
Նկատեցի՞ք. առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս աշխատանքներն ու պաշտոններն ունեն անմիջական կապ, որի անունն է ՕԵԿ եւ Արթուր Բաղդասարյան: Ընդ որում, Լեւոն Դոխոլյանը ՕԵԿ անդամ է 2002-ից: Այս ամենի հետ, իհարկե, կարող է նաեւ անմիջական եւ խիստ տրամաբանական կապ ունենալ Բիշարյանի քրոջ փեսա լինելու հանգամանքը:
Քրոջ փեսայի կոչումից զատ` ՕԵԿ-ական Դոխոլյանի կենսագրությունում այլ կարեւոր ձեռքբերումներ փնտրելն ապարդյուն է, բայց դե եղածն էլ քիչ չէ, քանի որ տոհմատիրական բարքեր ունեցող երկրում նորովի, կրեատիվ մոտեցումները միշտ ողջունելի են, եւ մեր պաշտոնյաների շրջանում ազգակցական կապերի տեսականին չէր կարող երկար սահմանափակվել միայն աներձագերով եւ արդեն բավականին հնացած քավոր-սանիկներով, խնամիներով: Նույնիսկ այս երեւույթը նոր շունչ է ուզում, եւ այդ շունչը Լեւոն Դոխոլյանի միջոցով մեր քաղաքական դաշտին հաղորդեց Հեղինե Բիշարյանը: Վերջիվերջո, ինչո՞վ է քրոջ փեսան պակաս աներձագից:
Հ. Գ. ԱԺ նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը (Քույրիկ Լեւոն), նոյեմբերի 28-ից ընդգրկվելով ԱԺ ՕԵԿ խմբակցությունում, մինչեւ հիմա չի կարողանում կողմնորոշվել, թե ինչու է հայտնվել խորհրդարանում: Ակնհայտ երեւում է, որ Լ. Դոխոլյանին մինչեւ այժմ ԱԺ-ում «ուղեկցում» են ՕԵԿ խմբակցության անդամները, նրան ծանոթացնում ԱԺ միջանցքներին, խմբակցություններին, ճաշարանին եւ անգամ նրա աշխատասենյակի գտնվելու վայրին: Ի դեպ, նրան օրերս է աշխատասենյակ տրամադրվել, եւ այսուհետ Լեւոնը, բացի Հեղինե Բիշարյանի աշխատասենյակից, նաեւ իր համար սենյակ ունի: Հուսանք` դրա տեղը շուտ կգտնի, եւ ՕԵԿ-ականները նրան երկար ուղեկցելու կարիք չեն ունենա:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱԹՈՌՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԳԼԽԻՆ
Գյումրի քաղաքի բնակիչ, 1995թ. հունվարին ծնված Արտյոմ Պերթեզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2013թ. նոյեմբերի 11-ին՝ առավոտյան 6-ն անց 30-ի սահմաններում, հրաձգային գումարտակի կացարանից դուրս գալիս խախտել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ եւ 65-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների կանոնագրքային կանոնները, վիճաբանել շարքային զինծառայող, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ Սարգիս Սարգսյանի հետ, որի ժամանակ կացարանում գտնվող զինվորական աթոռով հարվածել է Ս. Սարգսյանի գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս: Ա. Պերթեզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, անձի առողջությանը թեթեւ կամ միջին ծանրության վնաս պատճառելով): Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ առավելագույնը 1-3 տարի ժամկետով, կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով: Ա. Պերթեզյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում կայացել է փետրվարի 3-ին, հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 13-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՍԿՍՎԵԼ Է
Արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, ՃՈ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ առաջարկում բոլոր տեսակի հարցերի պարզաբանման համար դիմել ՃՈ վարչական մաս (ք. Երեւան, Ծովակալ Իսակովի 9) կամ զանգահարել (10) 56-45-88 հեռախոսահամարով:
«ՎԻՈԼԱ» ՍՊԸ-Ն ԵՎՍ ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Ժողովուրդ»-ը գրել էր, թե ինչպես են մի շարք հայտնի ընկերություններ` ի դեմս «Քեթրին գրուպ»-ի, «Էլիտ Շանթ»-ի, ապրանքներ ներմուծել ՀՀ, սակայն սահմանված ժամանակում չեն հայտարարագրել, ինչի հետեւանքով տուգանվել են: Միգուցե որոշ ընկերությունների դեպքում ստեղծված իրավիճակն այդքան էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով դրանց հաճախականությունը, սակայն տարակուսելի է, որ խախտումներ են թույլ տալիս մարդկանց առողջության հետ անմիջական կապ ունեցող ընկերությունները: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ «Վիոլա արյան եւ ախտորոշման կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մեջլումյանը 2013թ. դեկտեմբերի 27-ին Հայաստան է ներմուծել տարբեր ապրանքներ, որի մասին սահմանված ժամանակում հայտարարագիր չի ներկայացրել: Այս տարվա հունվարի 9-ին ՀՀ պետեկամուտների կոմիտեն որոշել է տնօրեն Արմեն Մեջլումյանին պատժել 50.000 դրամով: Հետաքրքիր է, որքանո՞վ է այս տուգանքը զգոն դարձրել նրան:
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ «ՆԱԻՐԻՏ»-ԻՆ
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց 15 ամսվա չստացած աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, վրդովված նկատեց, որ այս պահին գործարանում կրճատումներ են: «Հույս էլ չունենք, որ կստանանք: Արդեն մոռացել ենք, թե ինչքան են մեզ պարտք: Ավելին, խոսակցություններ կան, որ մարտի 1-ից գործարանը փակելու են ու բոլորին տներով ուղարկեն»,-ներկայացրեց Արմենը՝ հավելելով, որ խոսվում է նաեւ այն մասին, թե գործարանի տարածքը փակվելուց հետո այլ նպատակների համար է օգտագործվելու: Նրա խոսքով՝ գործարանի աշխատակիցների մեծ մասն արդեն մեկնել է ՌԴ: Սակայն «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ «Նաիրիտ»-ի փակման մասին խոսելն աբսուրդ է. «Այսօր նույնիսկ ՀՀ Ազգային ժողովում են փորձում հարց բարձրացնել «Նաիրիտ»-ի վերականգնման մասով: Իսկ աշխատավարձերի հետաձգվելը պետք է բոլորին հասկանալի լինի, որովհետեւ գործարանն արդեն չորս տարի է, ինչ չի աշխատում: Գործարանը պարբերաբար, երկու ամիսը մեկ, 50 օրը մեկ, երբեմն՝ 70 օրը մեկ, մեկ ամսվա աշխատավարձ է վճարում, դրա համար էլ ընդամենը մեկ տարվա պարտք է կազմում: Ես ինքս էլ մեկ տարվա աշխատավարձ չեմ ստացել»: