ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ
ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչները դժգոհում են համայնքի էլեկտրական լարերի անմխիթար վիճակից, ինչի պատճառով պարբերաբար անջատումներ են լինում: Արդյունքում տուժում են համայնքի ձկնարտադրությամբ, ջայլամաբուծությամբ եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները` կրելով նյութական մեծ վնասներ: Իսկ թե ով է պատասխանատու ստեղծված վիճակի համար, եւ ով է փոխհատուցելու նրանց կորցրած գումարները, հայտնի չէ:
Ջրառատի ղեկավար Սամվել Գալստյանն արդեն չգիտի, թե այս հարցով որտեղ դիմի եւ ինչպես այն լուծի. «Ճիշտ է, այս պահին համայնքն ունի էլեկտրաէներգիա, բայց յուրաքանչյուր պահի կարող է նորից անջատում լինել: Իսկ «Էլցանցեր»-ի մասնագետները եկել են, տեսել, որ գյուղը լուրջ խնդրի առաջ է կանգնած, սակայն ընդամենը արձանագրել են ու հեռացել: Գյուղացիները, որոնք զբաղվում են մանր ջերմոցային տնտեսությամբ, այս անջատումների պատճառով կորցնում են իրենց ողջ տարվա եկամուտը: Այսօր լոլիկի մեկ հատիկ սերմն արժե 150 դրամ, իսկ նրանք 5-10 հազար հատով են գնում»:
Ս. Գալստյանի խոսքով` այս ամենի պատճառն այն է, որ համայնքի լույսի ենթակայանները ծանրաբեռնված են. «Ենթադրենք, սովորականում լույսի մի ենթակայանը պետք է 500 բաժանորդ սպասարկի, բայց մեր համայնքում սպասարկում է 1500-ի: Ծանրաբեռնված են աշխատում, լարերը մաշված են ու մարդկանց տների վրա կախված, ինչը կարող է նաեւ մարդու կյանքին վտանգ ներկայացնել»: Նրանից տեղեկացանք նաեւ, որ գյուղն այս պահին ունի չորս ձկնաբույծ եւ մեկ ջայլամաբույծ:
Ձկնաբույծներից մեկի՝ Հարություն Մկրտչյանի ձկնաբուծարանում 2 տոննայից ավելի ձուկ է սատկել, որից 300 կգ-ը` կարմրախայտ: Համայնքապետի հաշվարկով` ձկնաբույծը մոտ 5 միլիոն դրամի չափ նյութական կորուստ է ունեցել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքը` Հ. Մկրտչյանը, պատմեց, որ վերջին անջատումները եղել են մի քանի օր առաջ, ինչի պատճառով ոչ միայն Ջրառատում, այլեւ հարակից համայնքներում մարդիկ 40 ժամ էլեկտրաէներգիա չեն ունեցել. «40 ժամվա մեջ ընդամենը 5 ժամ ենք էլեկտրաէներգիա ունեցել: Չնայած հարակից համայնքներում ավելի շուտ վերականգնվեց: Սա «Էլցանցեր»-ի թերի աշխատանքի պատճառով է տեղի ունեցել: Այսօր բոլորն էլ չեն համարձակվում էլեկտրաէներգիայի վարձերն ուշացնել: Բայց երբ մեկ օր անցնում է, էլեկտրիկները գնում են ու սրիկայաբար անջատում մարդկանց էլեկտրաէներգիան: Մինչդեռ նման անջատումների համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում»:
Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ջրառատցիները անջատումների պատճառով 40 ժամ չեն կարողացել տաքացնել իրենց ջերմատները: «Զանգեցինք «Էլցանցեր», փորձեցինք իրենցից հետաքրքրվել, թե երբ է, ի վերջո, այս խնդիրը կարգավորվելու, ու միաժամանակ տեղեկացրի, որ իրենց պատճառով ունեցել եմ մոտ 5 միլիոն դրամի կորուստ: Ո՞վ է իմ կրած վնասը փոխհատուցելու: Փոխարենը «Էլցանց»-ի աշխատակիցը խորհուրդ է տալիս դիմել դատարան` ասելով՝ եթե կարողանաս, կշահես: Դա պատասխա՞ն է»,-զայրացավ երիտասարդ ձկնաբույծը:
Իսկ Տիգրան Խաչատրյանը, որն արդեն չորս տարի է` ջայլամաբուծությամբ է զբաղվում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս խնդիրը նոր չէ, արդեն քանի տարի է՝ նման իրավիճակ է: «Էլեկտրաէներգիայի անջատումներն արդեն մեր համայնքում խրոնիկական բնույթ են կրում: Սա նոր պատմություն չէ: Մեր կյանքը վերածվել է դժոխքի. տանից չենք կարողանում դուրս գալ, հյուր գնալ: Փշերի վրա ենք, լարված օր ենք անցկացնում: Ես ունեմ ինկուբատորներ, որոնց մեջ եմ դնում ջայլամի ձվերը, իսկ դրանք աշխատում են միայն հաստատուն էլեկտրաէներգիայով: Եթե լարման տատանում է լինում կամ անջատում, բնականաբար կա՛մ սարքավորումը պետք է փչանա, կա՛մ էլ դրանց մեջ դրված ձվերը: Երկար տարիներ է, ինչ պայքարում ենք դրա դեմ: Արդեն չենք էլ պատկերացնում, թե ինչպես պետք է լուծում տանք այս հարցին: Նույնիսկ մի ձուն եթե փչանա, արդեն իրենից մեծ արժեք է ներկայացնում՝ մոտ 200 դոլար: Ու այսպես մի տասը հատ: Իսկ ջայլամաբուծության համար անհրաժեշտ է հաստատուն եւ անխափան էլեկտրաէներգիա»,-ներկայացրեց ջայլամաբույծը՝ հավելելով, որ ոչ միայն ձյան, անձրեւի, քամու դեպքում է անջատում լինում, այլեւ ամռան ամիսներին:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը` պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում համայնքում առանց անջատումների, անխափան էլեկտրաէներգիայի ապահովման ուղղությամբ: Ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանն ասաց, որ «Էլցանց»-ի մասնագետներն աշխատում են այնպես անել, որպեսզի անջատումներ չլինեն կամ դրանք նվազագույնի հասցնեն: Իսկ համայնքային ցանցի ընդհանուր վերականգնումը՝ որպես խնդիր ունեցող տարածք, ընդգրկված է ընկերության 2014-ի ներդրումային ծրագրում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Փետրվարի 3-ին Վանաձորում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետեւանքով տուժել է երկու քաղաքացի: Առավոտից դադարեցվել է նաեւ մարզկենտրոնի մի քանի թաղամասերի գազամատակարարումը: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, աշխատանքներ են տարվել արտահոսքի առաջացման պատճառները պարզելու ուղղությամբ:
Հրդեհի մասին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգը ստացվել է առավոտյան` ժամը 11-ին: Դեպքի վայր մեկնած երկու մարտական հաշվարկի փրկարարներից շուրջ չորս ժամ է պահանջվել, որպեսզի Նարեկացու 65 հասցեում բնակվող Սեյրան Մակարյանին պատկանող առանձնատանը բռնկված հրդեհը մեկուսացնեն եւ մարեն: Ինչպես փաստեցին դեպքի վայր մեկնած փրկարարները, հրդեհը բռնկվել է գազի արտահոսքի պատճառով առաջացած պայթյունից: Դրա հետեւանքով փլվել է տան դիմային պատը, այրվել՝ գույքը, կան նաեւ վիրավորներ: Տուժողներից մեկը 73-ամյա Վարդուշ Խաչատրյանն է, մյուսը՝ Սեյրան Մակարյանը: Նրանք տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն, ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Սակայն, ինչպես փաստեցին Վանաձորի բ/կ-ից, տուժող Վ. Խաչատրյանը շարունակում է մնալ հիվանդանոցում: Պատճառը ոչ թե առողջական վիճակն է, այլ մնալու տեղ չունենալը: Նրա տունն այլեւս պիտանի չէ ապրելու համար: Վնասվածքաբան Ռաֆիկ Ավոյանը նշեց, որ պայմաններից ելնելով՝ տուժածին առաջարկել են ժամանակավոր ստացիոնար բուժում, մինչեւ կլուծվի կացարանի հարցը: Հրդեհից տուժած ընտանիքի բարեկամ Ռուբիկ Մակարյանը համոզված է, որ պայթյունը չէր կարող առաջանալ տան բնակիչների կողմից անվտանգության կանոնների խախտման հետեւանքով, քանի որ վերջիններս բնակարանը ջեռուցել են փայտե վառարանով եւ նույնիսկ տեղյակ չեն էլ եղել, որ իրենց տան բակով գազի խողովակ է անցնում:
Գազի գրասենյակում առայժմ հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ: Միայն նշում են, որ պայթած խողովակը գտնվում է երկու մետր խորության վրա: Իսկ թե ինչից է առաջացել պայթյունը, դեռեւս հայտնի չէ: Ներկայումս աշխատանքներ են տարվում պատճառները պարզելու ուղղությամբ:
ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ
ԳԱՎԱԹՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
Հայ ֆուտբոլասերը կհիշի, որ Արցախի ֆուտբոլի հավաքականը 2012 թվականին իր պատմության առաջին հանդիպումն է անցկացրել՝ արտագնա ընկերական խաղում հանդիպելով Աբխազիայի ընտրանուն (1:1): Մեկ ամիս անց Ստեփանակերտում կայացած խաղում արցախցիները հաղթեցին Աբխազիայի հավաքականին 3:0 հաշվով:
Իսկ այժմ Արցախի հավաքականը նախապատրաստվում է իր նորամուտը նշել միջազգային առաջնությունում: «ConIFA»-ի կազմակերպած «A world football cup with no borders 2014» (Ֆուտբոլի աշխարհի գավաթն առանց սահմանների) մրցաշարին մասնակցելու են չճանաչված հանրապետությունների հավաքականները: Այդ մասին armsport.am-ի հետ զրույցում ասել է Արցախի հավաքականի մարզիչ Սարգիս Աղաջանյանը:
Պարզվում է, որ երբ 2012 թվականին ընկերական հանդիպում էին անցկացնում Աբխազիայի հավաքականի հետ, դեռ ճանաչված չէին «ConIFA»-ի կողմից: Հետո հայտ են ուղարկել, անդամակցել կազմակերպությանը, ինչի շնորհիվ կարող են մասնակցել միջազգային մրցաշարերին: Արդեն ուղարկել են համապատասխան փաստաթղթերը, եւ մինչեւ ամսվա վերջ հայտնի կդառնան մրցաշարի անցկացման վայրը, ժամկետները: Մրցաշարին մասնակցելու են 12 թիմեր: Ըստ նախնական տեղեկության՝ առաջնությունը կայանալու է ամռանը Շվեյցարիայում:
«Մհեր Ավանեսյանի հետ մարզչական զույգ ենք կազմում հավաքականում, հունվարից անցկացնում ենք թիմի ամենօրյա մարզումներ Ստեփանակերտում, իսկ ապրիլին 5-7 օրով կգանք Երեւան եւ հավաք կանցկացնենք Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Մենք նաեւ ծրագրում ենք անցկացնել մի քանի ստուգողական հանդիպումներ Հայաստանի բարձրագույն խմբի թիմերի հետ»,-ասել է մարզիչը: Նա հիշեցրել է, որ շատ երիտասարդ թիմ ունեն, իսկ ամենատարեց ֆուտբոլիստը 24 տարեկան է. «Մեր երկու խաղացողներն այժմ փորձաշրջան են անցնում «Գանձասար»-ում: Նաեւ ունենք մի քանի հեռանկարային խաղացողներ: Նրանցից մեկը գրավել է «Փյունիկ»-ի ուշադրությունը, եւ վերջին երկու տարիներին նրան հրավիրում են երեւանյան թիմ, սակայն ընտանեկան պատճառներով որոշել է մնալ Արցախում: Արցախն ունի 8 շրջան, եւ բոլորն ունեն մինչեւ 16 տարեկաններով համալրված թիմեր: Արցախի առաջնությունում մասնակցում են վերոհիշյալ թիմերը, ինչպես նաեւ Ստեփանակերտը ներկայացնող 2 թիմ: Բացի այդ՝ կա «Արցախ» ակումբը, որը ես եմ մարզում: Ակումբն ունի 5 թիմ, որոնցից երկուսը մասնակցում են ընդհանուր առաջնությանը: 1997-98թթ. ծնվածներով համալրված թիմը առաջնության առաջին շրջանից հետո զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Բանանց»-ին»:
Ընդհանուր առաջնությանը մասնակցում է նաեւ 2000-2001թթ. ծնված խաղացողներով համալրված թիմը: Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան ունի բյուջե, եւ հիմնականում դրա շնորհիվ ծրագրում են մասնակցել այդ մրցաշարին: Մարզիչը կարծում է, որ աջակցություն կստանան նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից:
ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Արդեն տեղեկացրել ենք, որ Բուլղարիայում փետրվարի 3-ին պետք է կայանար «Ալբենայի գավաթ» մրցաշարի «Սպարտակ Վառնա»-«Արարատ» հանդիպումը, որը հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Ինչպես հայտնում է Վառնայի ակումբի պաշտոնական կայքը, կազմակերպիչները նոր օրացույց են կազմել, ըստ որի՝ երեւանցիները «Սպարտակ»-ի հետ մեկնարկային մրցավեճը կանցկացնեն փետրվարի 5-ին` Հայաստանի ժամանակով 16:00-ին:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ